«Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց․ տնտեսական հեղափոխության չափումները» թեմայով քննարկման ժամանակ այսօր ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը կարծիք հայտնեց, որ մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունը վերջին երկու տասնամյակում կուտակված խնդիրների պոռթկումն էր, որում կար նաեւ տնտեսական եւ սոցիալական բաղադրիչ։ Այդ իսկ պատճառով էլ, ըստ նրա, հեղափոխությունից հետո հասարակության սպասումները բավականին մեծ էին, իսկ կատարված աշխատանքները դեռեւս լիովին չեն արդարացնում հասարակության սպասումները։ Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ գործող օրենսդրությունը բավարար չէ տնտեսության մեջ իրականացնելու բոլոր բարեփոխումները, սակայն չկան արտոնյալներ, իշխանությունն ու բիզնեսն անջատված են ամբողջովին։
Քննարկումը վարողի դիտարկմանը, թե խոշոր սեփականատեր Գագիկ Ծառուկյանը ԱԺ պատգամավոր է, Մեսրոպ Առաքելյանը հակադարձեց, որ նախկինում խոշոր գործարարները հնարավորություն ունեին ազդել իշխանության տնտեսական, քաղաքական որոշումների վրա։ Իսկ այսօր Գագիկ Ծառուկյանը հնարավորություն չունի ազդելու կառավարության տնտեսական քաղաքականության վրա։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նկատեց, որ չկա համակարգային կոռուպցիա, սակայն ներկա կառավարությունն աչքի է ընկնում իր ծայրահեղ լիբերալ մոտեցումներով։
Նրա դիտարկմամբ՝ տնտեսական աճը հիմնականում ապահովում են շահումով խաղերն ու ծառայությունները։ Սրանից զատ՝ նվազել է նաեւ նախորդ տարվա համեմատ տնտեսական աճի միոտւմը՝ ունենք 6,5 տոկոս աճ։ Տնտեսագետը նկատեց նաեւ, որ սպառողական ապրանքների գները նախորդ տարվա համեմատ աճել են։ Ինչ վերաբերում է արտահանման անկմանը, ապա Սուրեն Պարսյանը մեջբերեց վարչապետ Փաշինյանի խոսքը, թե Թեղուտը չի աշխատում։ Հընթացս նա հիշեցրեց, որ Թեղուտը չի աշխատում 2018թ․ հունվարի 12-ից։
Սուրեն Պարսյանն ասաց, որ կառավարությունն արդյունավետ չի գործում, քանի որ խնդիրներն ավելանում են, եւ այդ խնդիրների կուտակումը կարող է հանգեցնել սոցիալ-տնտեսական իրավիճակի սրման։