Քաղաքականություն

Գտնում եմ՝ էլ ավելի կրքերը բորբոքելու անհրաժեշտություն չկա

Գտնում եմ՝ էլ ավելի կրքերը բորբոքելու անհրաժեշտություն չկա

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը նախօրեին, երբ դատարանը քննում էր Արթուր Վանեցյանին, Վահրամ Բաղդասարյանին, Աշոտ Մինասյանին եւ Աշոտ Ավագյանին կալանավորելու հարցը, հայտարարություն տարածեց, որտեղ ասված էր․ «Հայրենիքին նվիրումը եւ մեր առաքելությանը հավատարիմ մնալն ապացուցվելու է այս օրերին, եւ մենք ենք պատասխանելու այն հարցին, թե ունե՞նք արդյոք անկախ դատական իշխանություն մեր երկրում, թե՞ ոչ: Դատավորի բարձր արժանապատվությունը եւ պատիվը զուտ բառե՞ր են, թե՞ մեր գործունեության հիմնաքարը: Այսօր է, թերեւս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանն ալեկոծած եւ դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։

ԲԴԽ նախագահը կոչ արեց իր գործընկերներին՝ իրենց առաքելությունն իրականացնելիս առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ եւ օրենքներով․․․հավատարիմ մնալ ժողովրդի առջեւ տված երդմանը եւ զերծ մնալ բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից եւ ազդեցություններից։ Այս հայտարարության տեքստը հունից հանել է Նիկոլ Փաշինյանին եւ ջղագրգիռ էմոցիաներ արթնացրել «պատերի տակ վնգստացող» դատավորների հետ կապված։ Եվ ուշ երեկոյան նա հերթական ֆեյսբուքյան գրառումն արեց, որտեղ քաղաքացիական պատերազմ հրահրելու մտադրություն էր նկատվում՝ զինված տղերքի ներգրավմամբ, «վնգստացողներին» պատժելու համար։

«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք, դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում` վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։
Հպարտ եմ ձեզանով»,- հոխորտացել էր Փաշինյանը։ Իհարկե, աղմուկն ու բացասական արձագանքն այնքան ուժգին էին, որ նա հետո սկսեց տարատեսակ պարզաբանումներ ներկայացնել իր այս գրառման վերաբերյալ, սակայն գնացքն արդեն գնացել էր։

Փորձեցինք այս թեմայով զրուցել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ։ Նա չցանկացավ շատ բան ասել, ընդամենը մի քանի բառ կորզեցինք։

- Պարոն Վարդազարյան, երեկվա Ձեր գրառումը դրականորեն զարմացրել էր շատերին, որին հետեւեց վարչապետի գրառումը, որով, ըստ էության, արձագանքել էր Ձեր գրառմանը։ Ի՞նչ կարող եք ասել այս մասով։

- Ոչ մի բան։

- Վարչապետը սպառնում էր, որ դիրքերից զինվորականները կգան եւ «վնգստացողների հարցերը կլուծեն»։

- Չեմ մեկնաբանում վարչապետի խոսքերը։

- Իսկ որպես իրավաբան՝ այդ գրառման մեջ սպառնալիք տեսնո՞ւմ եք։

- Նույնպես չեմ մեկնաբանում։

- Ձեր գրառումը կարո՞ղ եք մեկնաբանել՝ ինչի՞ հետ էր կապված։

- Պարոն Մակարյան, ո՛չ հարցազրույց տալու մտադրություն ունեմ, ո՛չ էլ դրա ժամանակն է, ես գտնում եմ, որ ես ինչ ունեի ասելու, ասացի իմ գրավոր հայտարարության, այդ կոչի մեջ՝ կոչ դատավորներին։

- Այդ կոչն ինչո՞վ էր պայմանավորված, Դուք ինչ-որ վտա՞նգ էիք տեսնում, որ դատավորներն անկախ չեն գործի։

- Ես ինչ ունեի ասելու, իմ կոչում ասել եմ։ Ավելի բան չեմ կարող ասել։

- Մի փոքր ուշացած չէ՞ր այդ կոչը, պարոն Վարդազարյան։

- Պարոն Մակարյան, Դուք չլսեցի՞ք, որ ասացի՝ չեմ մեկնաբանելու եւ հարցազրույց տալու ցանկություն չունեմ։

- Լսեցի, բայց ուզում եմ համառորեն պնդել, որ Դուք մեկնաբանեք ինչ-որ բան։

- Չեմ մեկնաբանելու, գտնում եմ՝ հիմա դրա ժամանակը չէ, գտնում եմ՝ էլ ավելի կրքերը բորբոքելու անհրաժեշտություն չկա, այդ իսկ պատճառով ընդհանրապես չեմ ուզում այդ թեմայով զրուցել։

- Պարզապես ուզում եմ հասկանալ տեղեկատվական առիթը՝ Ձեր հայտարարության, ի՞նչը Ձեզ դրդեց հիմա՝ այս փուլում, նման կոչով հանդես գալ։

- Պարոն Մակարյան, պատասխանս նույնն է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image