Հետաքրքիր են ՊԵԿ պաշտոնյաների հայտարարագրերը: Ինչ ասես, որ չես գտնի դրանք ուսումնասիրելիս: Օրինակ, ՊԵԿ պաշտոնյաներից` մաքսայինի տեսուչ Արեն Բեգոյանը անցյալ տարվա մայիսի 30-ին «Տոյոտա Երևան» ընկերությունից ձեռք է բերել 2022 թվի արտադրության «Lexus» մակնիշի ավտոմեքենա եւ 6 ամիս անց՝ նոյեմբերի 11-ին վաճառել է այն:
Վաճառքի գինը եղել է 16 մլն 400 հազար դրամ, ձեռքբերման գնից 4 մլն դրամով ավելի: Օդից փող բռնելու արվեստը ՊԵԿ-ում լավ յուրացրել են եւ աղքատությունը հաղթահարում են աստղաբաշխական տեմպերով: Չնայած, Արեն Բեգոյանին չի կարելի մեղադրել աղքատ լինելու մեջ: Նրա հայրը` Լեւոն Բեգոյանը օդանավակայանում «միլպետ» է եղել` եւ ներկաների, եւ նախկինների օրոք:
Լեւոն Բեգոյանին ազատել են պաշտոնից 2019 թվականին։ Մամուլը գրեց, որ պատճառը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին Սեւանի ափին գտնվող նրա առանձնատանը այցելելն ու նրա հետ քեֆ անելն է եղել, ինչը դուր չի եկել նոր իշխանություններին։ Ինչեւէ, Լեւոն Բեգոյանի որդին' մաքսային տեսուչ Արեն Բեգոյանը ոսկե երիտասարդության վառ ներկայացուցիչ է։