Խորհրդարանական ընտրություններին մնաց ընդամենը չորս ամիս, եւ քաղաքական ուժերը սկսել են ոչ պաշտոնական քարոզարշավը: Ընդդիմադիր ուժերը գնում են մարզեր, հանդիպումներ ունենում համախոհների հետ, դահլիճներ լցնում: Իշխանությունն էլ իր հերթին է իմիտացիա ստեղծում, թե բուռն գործունեություն է ծավալում, իբրեւ թե կայացած կառույցներ ունեն, ամենուր իրենք են, իրենց ձեւավորած օրակարգերն են ամենաքննարկվողն ու առանցքայինը: Պարզ է, որ իշխանությունը միշտ առավելություն ունի ընդդիմության նկատմամբ` փող ունի, վարչական ռեսուրսներ ունի, իրենցն են Հանրային ռադիոհեռուստաընկերությունը եւ շատ այլ լրատվամիջոցներ: Իրենց փիառի համար կիրառում են ե՛ւ պետական միջոցներ, ե՛ւ հովանավորների ու ֆինանսավորողների պակաս չունեն` ուրիշ ի՞նչ է պետք ընտրություններում հաղթելու եւ լիարժեք փիառի համար:
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով այս ամենի մասին, նկատում է. «ՔՊ-ն՝ իր առաջնորդի գլխավորությամբ, փորձում է տպավորություն ստեղծել, թե իբրեւ մենք` հայերս, տառապում ենք՝ սպասելով գալիք ընտրություններին, ինչը մեծ սուտ է: Հայ ժողովուրդը ոչ թե տառապում է` սպասելով ընտրություններին, կամ թե որ ուսապարկը քանի ձայն ստացավ, այլ մտածում է իր անվտանգության, իր ապագայի, իր երեխաների, թոռների ապագայի մասին: Մարդիկ այսօր մտահոգված են Թրիփ կոչվածով, ինչը վտանգել է ոչ միայն Հայաստանը, այլեւ ողջ տարածաշրջանը: Հայաստանը դարձրել են գերտերությունների մրցակցության կիզակետ, ինչը շատ վտանգավոր է, իսկ հայ հասարակությունը դա շատ լավ է հասկանում եւ չի ցանկանում այլեւս վտանգել իր կյանքը, ապագան: Բացի այս ամենը, մեր սուվերեն տարածքից զգալի մաս օկուպացված է: Ի՞նչ եք կարծում` սա՞ է ավելի շատ հետաքրքրում եւ անհանգստացնում Վայոց Ձորում, Սյունիքում կամ Տավուշում ապրող մարդկանց, թե՞, ասենք, այն հարցը, թե Արայիկ Հարությունյանը քանի ձայն ստացավ ՔՊ-ի ընտրություններում: Ասեմ ավելին` հանրությանն այլեւս չի հետաքրքրում նախկիններ-ներկաներ պատերազմը, չի հետաքրքրում թալանը: Մարդիկ ակնկալում են պաշտպանվածություն: Այս ընտրությունների արժեքը որոշվում է հենց դրանով` կզգա՞նք մինիմալ անվտանգություն, թե՞ չենք զգա: Մարդիկ այսօրվա իշխանությունների հետ այս կապակցությամբ մեծ հույսեր չեն կապում, որքան էլ որ իշխանությունները փորձեն պատերազմի պարտության, Արցախի հայաթափման եւ 5 հազար զոհի համար մեղադրել ուրիշներին։ Հասարակությունը գիտակցում է, թե այդ ամենի ետեւում ով է կանգնած, եւ ով է այն մարդը, որ պատերազմ ու պարտություն է բերել: Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը վերարտադրվելու համար պատրաստ է ամեն ինչի` հոսանքազրկումներ, սպառնալիքներ, ամեն, ամեն ինչ: Վենսն օրեր առաջ հայտարարեց, որ աջակցում է Նիկոլի իշխանությանը, եւ դա պատահականություն չէր, նրանց համար շատ կարեւոր է, որ Նիկոլը նորից ընտրվի, իսկ դրա համար նախ պետք է իմիտացիա ստեղծել, որ այս փուլում ամենակարեւոր բանը ընտրություններն են»:
Իսկ ինչո՞վ է զբաղված ընդդիմությունը։ «Ընդդիմությունը դեռեւս ձեւանում է, թե ընդդիմություն է: Հատկապես` Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ծառուկյանը: Ես չեմ ուզում որեւէ մեկին պիտակավորել, սակայն նման ուժերից ի՞նչ ընդդիմություն: Ո՞ւմ են խաբում, ի՞նչ են ակնկալում: Մոռացե՞լ են, թե ոնց էին Նիկոլի կողքը կանգնել, գուցե իրենք մոռացել են, սակայն մարդիկ չեն հավատում, որ նրանք խաբվել են»: