Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում հունվարի 30-ից տեղադրված տեղեկատվությունը սկսվում է այսպես․ «ՀՀ կառավարության կողմից, «300 մանկապարտեզ, 500 դպրոց» ծրագրի շրջանակներում, ամբողջությամբ վերանորոգվում է Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 128.5 մլն դրամ»։ Կից տեղադրված է Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզի վերանորոգման մասին տեսանյութ։
Մի ամբողջ համայնքապետարան, եւ ոչ ոք չի նկատել, որ կառավարության ծրագրի անունը սխալ է գրված՝ ոչ թե «300 մանկապարտեզ, 500 դպրոց», այլ հակառակը՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ»։ Առանց այդ էլ կառավարությունը խախտել է այդ ծրագիրը՝ դրանցում ընդգրկված դպրոցների ու մանկապարտեզների թվի, շենքերի կառուցման, նորոգման ժամկետների առումով։ Բայց պարզվում է՝ մարզերում չգիտեն անգամ, թե ինչ ծրագիր է իրականացվում։ Եվ սա վրիպակ չէ, որովհետեւ նույն սխալը կրկնվել է նաեւ համայնքապետի էջում: Դավիթ Սարգսյանը հունվարի 31-ին Ֆեյսբուքի իր էջում լուր է տեղադրել Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզի վերանորոգման մասին․ ««300 մանկապարտեզ, 500 դպրոց» ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության կողմից վերանորոգվում է Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզը»:
Այսինքն, համայնքապետարանում չգիտեն, որ խոսքը 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ նորոգելու մասին է, այլ ոչ թե հակառակը: Եվ այս անփույթ, անպատասխանատու գործելաոճը դրսեւորվում է ամեն ինչում:
Սխալները Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայքում շատ են։ Հունվարի 27-ին կայքում տեղեկատվություն է տեղադրվել․ «Հունվարի 27-ը հանուն մեր հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրն է» վերնագրով։ «Հանուն հայրենիքի» նշանակում է՝ հայրենիքի համար, այսինքն՝ կա՛մ պետք է գրվի «հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր», կա՛մ՝ «հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի օր»։ Նույն կայքում հունվարի 20-ին, 21-ին եւ 22-ին տեղադրվել են տարբեր նյութեր, բոլորը՝ նույն վերնագրով․ «Մասնակցային բյուջետավորման գործընթացի մասին»։ Դուք ուրիշ վերնագիր չգիտե՞ք։
Դիլիջանի համայնքապետարանի այս փնթի աշխատանքի համար, սակայն, համայնքի բյուջեից ողջ աշխատակազմը դրամական պարգեւատրումներ է ստացել անցած տարի։