«Հրապարակ»-ի զրուցակիցը տնտեսագետ Սուրեն Պարսյանն է:
- Արդյունաբերության զարգացում, աշխատատեղերի ստեղծում, բյուջեի հարկային մուտքերի ավելացում. ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հարցազրույցում ազդարարել է մեր երկրի հետ խոշոր ծրագրերի մասին: Սրանք իրատեսակա՞ն ծրագրեր են, կիսո՞ւմ եք ռուսական կողմի լավատեսությունը:
- Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի տնտեսական կապերը մշտապես եղել են հիմնական ուղղություններից մեկը՝ հաշվի առնելով նաեւ ԽՍՀՄ-ից եկող ավանդույթները, կապերը եւ այլն: Այս ընթացքում բազմաթիվ իրադարձություններ ազդել են տնտեսական հարաբերությունների խորացման վրա, այսինքն՝ ունեցել ենք տարբեր շրջափուլեր: Վերջին ամենահիմնական շրջափուլը, կարող ենք ասել, 2015 թ. հունվարն էր, երբ Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին եւ դարձավ մեր տնտեսական ինտեգրման ամենաբարձր ուղղություններից մեկը: Հայաստանն այդ ինտեգրումից սկզբնական փուլում էական օգուտներ չուներ: Իրավիճակը փոխվեց 2022 թ. ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո, երբ Հայաստանը դարձավ տարանցիկ երկիր Ռուսաստանի տնտեսության համար ե՛ւ արտահանման, ե՛ւ վերաարտահանման մասով: Եվ այս պարագայում պետք է արձանագրենք, որ Հայաստանն իրոք էապես շահել է թե՛ արտահանման, թե՛ ներկրման առումով: Բացի այդ, ռուս ռելոկանտները ՀՀ-ում ՏՏ եւ այլ ոլորտներում բացել են բազմաթիվ աշխատատեղեր: Հայաստանի հանրային սննդի եւ հյուրանոցային տնտեսության ոլորտի դինամիկ աճը վերջին տարիներին հիմնականում պայմանավորված է նաեւ ռուս ռելոկանտներով: Դրան գումարած այն, որ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Հայաստանից դուրս եկան մի շարք օտարերկրյա կազմակերպություններ, արեւմտյան ներդրումներ: Մի կողմից Արեւմուտքը հայտարարում է, որ Հայաստանը մեզ համար կարեւոր է, պետք է դիվերսիֆիկացնենք, բայց մյուս կողմից իրենք ներդրումները հանեցին նույն Քաջարանի գործարանի, AGBA Agricol բանկի օրինակով: HSBC-ն եւս դուրս եկավ: Նրանց փոխարեն եկան ռուսական ներդրողները. հանքարդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում, բանկային համակարգում ակտիվացել են ռուսական ներդրումները, ռուսական գումարները:
Ռուս-ուկրաինական հակամարտությունից ի վեր շուրջ 700 մլն դոլարի խնայողություն փոխանցվեց Հայաստան, ՌԴ-ից տրանսֆերտներն ավելացան մոտ 3 անգամ՝ հասնելով մինչեւ 3.8 մլրդ դոլարի: Դա Հայաստանի պատմության մեջ իրոք աննախադեպ ցուցանիշ է: Անշուշտ, սա մեր տնտեսության վրա բավականին մեծ ազդեցություն է թողել, որը հանգեցրել է տնտեսական արդյունքների, այդ թվում՝ աշխատատեղերի բացման:
- Ռուսաստանն ակնկալում է մինչեւ տարեվերջ Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ռեկորդային՝ 14-16 միլիարդ դոլարի ցուցանիշ գրանցել: Առաջին կիսամյակում այդ ցուցանիշը գերազանցել է 8,3 միլիարդ դոլարի նշագիծը (անցյալ տարվա նույն ժամանակահատվածում 7,4 մլրդ դոլար էր): Կհաջողվի՞ պահպանել ընթացիկ տեմպերը, ի՞նչ ռիսկեր եք տեսնում:
- Մեծ է հավանականությունը, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը հասնի 14-15 մլրդ դոլարի, սակայն այդ առեւտրաշրջանառության մեջ մեծ մասնաբաժին ունի վերաարտահանումը, որը, անշուշտ, մեր տնտեսության համար ունի դրական հետեւանքներ, բայց դա որակական երկարաժամկետ հետեւանքներ չի թողնում մեր տնտեսության մեջ: Ռուսական ոսկու ներկրումը, այնուհետեւ վերաարտահանումը բավականին ակտիվ էր մինչեւ մայիս ամիսը: Մայիսից այդ շրջանառությունը կրճատվել է: Միաժամանակ պահպանվում են հեռախոսների, էլեկտրատեխնիկայի ներկրումն ու արտահանումը: Այս մասով պետք է ասել, որ, այո՛, Ռուսաստանի համար Հայաստանը դարձել է բավականին արդյունավետ լուծում՝ անհրաժեշտ սարքավորումներն ու տեխնիկան ձեռք բերելու համար, քանի որ ինքը չի կարողանում այդ ամենը ձեռք բերել միջազգային շուկայից: Դրա պատճառով է, որ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում էլեկտրատեխնիկա ներկրող եւ վաճառող կազմակերպություններ կան: Նրանցից երկուսը նույնիսկ տասնյակ են մտել:
- Արեւմուտքում պնդում են, որ ՀՀ-ում տնտեսական «բումի» էֆեկտը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով եւ Հայաստանի կողմից ՌԴ-ին ուղղված արեւմտյան պատժամիջոցների շրջանցմամբ:
- Հայաստանը կարողացել է օգտվել տնտեսական պատժամիջոցների շրջանցման մեխանիզմներից եւ դրա արդյունքում գրանցել է առեւտրաշրջանառության ծավալների աճ: Հայաստանին թույլատրվում է շրջանցել այս պատժամիջոցները: Այն օրը, երբ Հայաստանում իշխանությունները հակաարեւմտյան քաղաքականություն վարեն, մեկ օրում այս հնարավորությունից կզրկվի Հայաստանը: Այսինքն՝ Հայաստանն այս տնտեսական հնարավորություններից օգտվում է նաեւ իր արեւմտամետ քաղաքականության շնորհիվ: Ռուսական կողմը նույնպես լավ հասկանում է, որ նույն «պրոարեւմտյան քաղաքականության» շնորհիվ իրենք կարողանում են օգտվել Հայաստանի միջանցքից: Ռուսաստանն ինչ-ինչ հարցերով կարող է հրապարակավ քննադատել ՀՀ իշխանություններին, բայց փաստացի Հայաստանը ՌԴ-ի համար լուծում է շատ կարեւոր խնդիրներ: Նախ, ոսկու վաճառքն է կարողանում ապահովել, երկրորդ՝ բանկային փոխանցումներն արվում են ՀՀ-ի միջոցով, եւ երրորդ՝ Հայաստանը կարողանում է ձեռք բերել Ռուսաստանի համար անհրաժեշտ տեխնիկան:
- Չնայած ՀՀ կառավարությունն ի սկզբանե 2024-ի համար որպես թիրախ սահմանել էր 7 տոկոս տնտեսական աճի ապահովումը, գործադիրը վերջերս խոստովանեց, որ աճը կլինի մոտավորապես 6 տոկոսի շրջանակներում: Ընթացիկ տարին այս ցուցանիշո՞վ կավարտենք, թե՞ դեռ անորոշություն կա:
- Այո, ՀՀ կառավարությունն իր գործունեության հնգամյա ծրագրում այս տարվա համար նախանշել էր նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ: 2025-ի համար 5-6 տոկոս է նախատեսել՝ այն տրամաբանությամբ, որ հասկանում են՝ ռուսական արտաքին գործոնի ավելացում հնարավոր չէ, նույնիսկ հնարավոր է կրճատվի: Իսկ իշխանություններն աճի նոր բեւեռներ չեն ստեղծել տնտեսության մեջ: 2025 թ. կտրվածքով գործող իշխանությունների համար որպես «բուֆեր» կամ օգնություն կարող է լինել միայն Ամուլսարի շահագործումը, որի միջոցով ՀՆԱ-ն հնարավոր է, ենթադրենք, 1.5 տոկոսով ավելացնել: Մյուս բոլոր պարագաներում քիչ հավանական է, որ Հայաստանը կկարողանա պահպանել իր այս վերջին տարիների աճի տեմպը: Այսինքն՝ դժվար թե երկնիշ տնտեսական աճ ունենանք հաջորդ տարի: Հետեւաբար, մենք սա պետք է ռեալ գնահատենք: Նման գնահատականներ են տալիս նաեւ միջազգային կազմակերպությունները՝ մոտ 5 տոկոսի շրջանակում: Իրատեսական է, որ Հայաստանը լավագույն դեպքում կարող է 4-5 տոկոս տնտեսական աճ ապահովել: Մեր երկիրը չունի իր տնտեսության մեջ այդքան ներուժ: Այս տնտեսական աճը, արդեն ասացի՝ պայմանավորված է վերաարտահանմամբ եւ առեւտրով, որը չի կարող երկարաժամկետ աճ ապահովել: