Մշակույթ

Այդ փաստաթուղթը հարվածում է ոչ միայն լեզվին, այլեւ մեր պետական շահին

Այդ փաստաթուղթը հարվածում է ոչ միայն լեզվին, այլեւ մեր պետական շահին

«Հայոց լեզվի, հայերենի հեղինակության հարցը Հայաստանի գիտության ոլորտում վտանգված է»: Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ այսպիսի համոզմունք հայտնեց ԲՈԿ նախկին նախագահ Լիլիթ Արզումանյանը: Մեզ հետ զրույցում Լ. Արզումանյանը նշեց, որ գիտնականների ատեստավորմանն առնչվող փաստաթուղթը, որը Գիտության պետական կոմիտեն շրջանառության մեջ է դրել, իր վրա այնպիսի տպավորություն է թողել, որ այն չի քննարկվել ոչ մի գիտական կազմակերպության հետ:

Հիշեցնենք, որ կառավարությունն օրեր առաջ հավանություն տվեց գիտական կադրերի ատեստավորման կարգում փոփոխության նախագծին, համաձայն որի՝ 2026 թվականին գիտական համակարգում աշխատողների նոր ատեստավորման գործընթաց է նախատեսվում` նոր պահանջներով, որից ելնելով՝ կվերանայվեն նաեւ գիտական կազմակերպությունների ֆինանսավորման ծավալները: 
«Այդ նոր պահանջների ու չափորոշիչների համաձայն, գիտնականները պետք է ունենան բացառապես «Սկոպյուս» եւ «Վեբ օֆ սայնս» միջազգային ամսագրերի հարթակներում տպագրված աշխատանքներ ու նոր ատեստավորվեն: Սա է խնդիրը: Նախ՝ որտեղի՞ց են վերցրել, ինչպե՞ս են որոշել, որ գիտնականի գիտնականությունը որոշվում է միայն այդ ամսագրերում տպագրված հոդվածներով: Ինձ շատ հետաքրքիր է` ո՞նց են հանկարծ որոշել, որ միայն սրանով է գիտնականը գիտնական: Փաստորեն ստացվում է, որ այդ պահանջից ելնելով, մեր բոլոր գիտական հոդվածներն անհրաժեշտ է տպագրել բացառապես անգլերեն: Ես, իհարկե, ընդունում եմ, որ գիտությունը պետք է հանրահռչակվի, բայց այդ ամեն ինչին չափ կա: Ես այս քայլը համարում եմ դավադրություն՝ մեր ազգային լեզվի հանդեպ: Ավելին` համոզված եմ, որ այս փաստաթուղթը հակասում է լեզվի մասին օրենքին, որովհետեւ, համաձայն այդ նախագծի, ստացվելու է, որ ոչ մի գիտնական չի ատեստավորվելու առանց օտարալեզու հոդվածի: Այլ կերպ ասած, մեր գիտնականներն այլեւս չպետք է հոդված գրեն հայերենով: Փաստորեն, հայոց լեզուն գիտական լեզու չէ»:

Այս փաստաթուղթը, ըստ Արզումանյանի, հարվածում է նաեւ հայագիտությանը։ «Ո՞նց է լուծվելու հայոց լեզվի բարբառների հարցը, որոնք ուսումնասիրված չեն, դրանց անգլերեն թարգմանությունը լա՞վ են պատկերացնում: Դա աբսուրդի վերջն է: Եվ հետո՝ մենք ունենք հայ գրականություն, հայ արվեստ, հայոց պատմություն, քաղաքագիտություն, որոնք, այսպես ասած, ներքին սպառման համար են, հիմա դրանք՝ բոլորը, պետք է անպայման թարգմանվեն անգլերե՞ն, որոնք գուցե այդքան էլ հետաքրքիր չեն դրսի համար: Հիմա ի՞նչ, մենք դադարե՞նք մեր գրողներին ուսումնասիրել, նրանց մասին հոդվածներ գրել: Դա ի՞նչ աբսուրդ է»,- ասում է զրուցակիցս: 

Փաստաթղթի հետ կապված՝ ԲՈԿ նախկին նախագահը մատնանշում է մի նուրբ հանգամանք եւս, որն ազգային անվտանգության հարց է. «Ցանկացած երկիր ունի, այսպես ասած` գաղտնի գրիֆով աշխատանքներ: Այսինքն՝ կան գիտնականներ, որոնք հայտնագործություններ, գյուտեր ունեն, եւ դրանք անպայման պետք է մնան երկրի ներքին սահմաններում: Խոսքը մասնավորապես քիմիայի, ռազմագիտության, կենսաբանության, բժշկության, գյուղատնտեսության բնագավառներում կատարված հայտնագործությունների մասին է, որոնք արվում են, որպեսզի հետո ներդրվեն գիտության, տնտեսության, ռազմական արդյունաբերության մեջ, եւ որը գաղտնի պետք է մնա, քանի որ մերն է: Եվ հիմա ասել` դրանք տարեք, թարգմանեք ու հանրայնացրեք դրսում, դա նշանակում է մեր ամբողջ գիտական միտքը հանել դուրս, որը մեզ համար արդյունքում դառնալու է ներդրման համար զրոյական աստիճանի մի բան: Այստեղ արդեն ոչ միայն լեզվի խնդիրն է, այլեւ մեր պետական շահի, ու այս փաստաթուղթը հարվածում է հենց մեր պետական շահին: Ես չեմ հասկանում՝ այդ մարդիկ գիտակցե՞լ են, թե ինչ են անում, թե՞ ուղղակի հենց այնպես անում են: Ուստի, կարծում եմ, շուտափույթ պետք է վերանայել այդ փաստաթուղթը եւ հաշվի առնելով վերը նշվածները, ստեղծել մի նորմալ փաստաթուղթ, որը կնպաստի նախ մեր ազգային շահին, չի հակասի մեր լեզվի օրենքին եւ կխթանի մեր գիտության զարգացումը; Շատ են ուզում, որ այդպիսի հարթակներում մեր գիտնականները հոդվածներ ունենան, ուրեմն թող բարի լինեն՝ պետականորեն ջանքեր գործադրեն եւ մեր մի շարք ամսագրեր մտցնեն այդ ցուցակների մեջ, ինչպես որ դրսերում են անում: Օրինակ՝ Ակադեմիայի «Բանբեր», հասարակագիտական գիտությունների եւ «Լրաբեր» հրատարակությունները լրիվ համապատասխանում են միջազգային այդ չափանիշներին»: 

Ինչպե՞ս է գնահատում այն, որ, մի կողմից, նման քայլերով ստորադասվում է հայոց լեզուն, մյուս կողմից՝ վարչապետն ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ մեր ազգային արժեքներից ամենակարեւորներից մեկը հայոց լեզուն է, որի ոչ միայն տառին, այլեւ հոգուն, ոգուն, էմոցիային է ինքը տիրապետում։ «Ես չեմ կարող ու չեմ ուզում մեկնաբանել իր մտքերը, որովհետեւ պարզապես չեմ կարողանում ընկալել իրեն,- ասում է Արզումանյանն ու մեր հարցին ի պատասխան, թե հակասություն չի՞ տեսնում, ասում է։- Հակասությունն ակնհայտ է, ինձ մնում է ենթադրել, որ այդ փաստաթղթին ինքը ծանոթ չէ, ուրեմն թող ծանոթանա այդ փաստաթղթին, որը հակասում է հենց իր մտքերին»։ 

Լ․ Արզումանյանը հույս է հայտնում, որ ամեն ինչ դեռ չի վերջացել. «Մենք այսօրով չենք վերջանալու, չէ՞, շարունակելու ենք ապրել, մենք ապագա ունենալու ենք, եւ այսօրվա մեր վիճակը դեռ մեր վերջը չէ: Ես կարծում եմ, որ մեր ժողովրդի մեջ դեռ կան առողջ ուժեր, որոնք գիտակցում են այսօրվա ողբերգությունը: Մենք լավ երիտասարդություն ունենք եւ ուզում ենք ապրել, իսկ մեր գոյատեւման հիմքը նաեւ մեր հզոր, հարուստ լեզուն է, ինչը մենք պետք է պահենք, պահպանենք, գնահատենք ու արժեւորենք»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image