Այլ

Եպիսկոպոսաց ժողովը պիտի կայանա՝ անկախ սահմանափակումներից

Եպիսկոպոսաց ժողովը պիտի կայանա՝ անկախ սահմանափակումներից

Եկեղեցու հարցը միջազգային հարթակ տեղափոխելը, իշխանությունն էլ լավ հասկանում է՝ մեծ արձագանք է առաջացնելու։ Հենց դա է պատճառը, որ Եպիսկոպոսաց ժողովին ընդառաջ սահմանափակվում է Հայաստանից որոշ եպիսկոպոսների ելքը։ Սա պատահականություն չէ։ Սա քաղաքական հաշվարկ է։ Եպիսկոպոսաց ժողովը պիտի՛ կայանա՝ համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու կանոնական կարգի։ Այդ ժողովը Եկեղեցու ներքին կյանքի կարևորագույն ինստիտուտներից է, և նրա գումարումը, կազմն ու ընթացքը գտնվում են բացառապես Եկեղեցու իրավասության ներքո։ Պետությունն այստեղ որևէ դեր կամ վերահսկողություն չունի։

Կա մի պարզ ճշմարտություն․ Եվրոպայում ու Արևմուտքում կարող են ՀՀ իշխանություններին շատ բան ներել կամ անտեսել, բայց երբ խոսքը գնում է կրոնական ինքնավարության սահմանափակման մասին, դա նրանց համար կարմիր գիծ է։ Երբ հարցը դուրս է գալիս երկրի ներսից և դառնում միջազգային քննարկման առարկա, այլևս չի հարցվում՝ «ով է մեղավոր», այլ՝ «ինչու՞ է պետությունը միջամտում Եկեղեցու գործերին»։ Այստեղ իշխանությունը ստիպված է լինելու բացատրել ոչ թե «ինչու են սրբազանները մեղադրյալ», այլ՝ ինչու է պետությունը հայտնվել Եկեղեցու ներսում։ Սա սկզբունքային տարբերություն է։ Որովհետև Եկեղեցու կանոնական կարգով որևէ աշխարհիկ իշխանություն իրավունք չունի խոչընդոտել հոգևորականի մասնակցությունը Եկեղեցու բարձրագույն ժողովներին։ Սա լուսավոր կետ է, որը կարծում եմ, Եկեղեցին իր խոհեմ ու սթափ քայլերով օգտագործում է ու կօգտագործի։ 

Պետության կողմից ուժային կառույցների միջոցով հոգևորականի ճանապարհից զրկելը լուրջ իրավական խնդիր է, հատկապես եթե դրա նպատակն է ազդել Եպիսկոպոսաց ժողովի վրա։ Խնդիրը կոնկրետ հոգևորականի անձը չէ։ Խնդիրը այն նախադեպն է, որով աշխարհիկ մեխանիզմներով հնարավոր է ճնշում գործադրվել Եկեղեցու կենտրոնական կառավարման վրա։ Այստեղ է անցնում պետություն–եկեղեցի հարաբերությունների կարմիր գիծը։
Սրբազանների նկատմամբ հարուցված վարույթների ժամանակագրական համընկնումը Եպիսկոպոսաց ժողովի նախաշեմին ևս չի կարող անտեսվել։ Սա ենթադրում է միջամտություն Եկեղեցու ինստիտուցիոնալ գործընթացին։ Միջազգային կառույցների համար հատկապես կարևոր են ոչ թե հայտարարությունները, այլ փաստերի հերթականությունը և կրկնվող գործողությունները։

Եկեղեցին այս իրավիճակում չի աղմկում և ճիշտ է անում։ Այն գործում է հանգիստ՝ փաստերի և փաստաթղթերի լեզվով։ Սա է այս ամբողջ պատմության լուսավոր կետը։ Միջազգային կառույցները չեն արձագանքում հույզերին։ Նրանք արձագանքում են ժամանակագրությանը, գրավոր արձանագրումներին և իրավական փաստերին։

Եթե Եպիսկոպոսաց ժողովը չկայանա և միայն հետո բարձրաձայնվի, որ եղել է միջամտություն, արձագանքը պարզ կլինի․ «Բայց ժողովը կայացել է, չէ՞»։ Այդ պատճառով, անկախ բոլոր սահմանափակումներից, Եպիսկոպոսաց ժողովը պիտի կայանա։ Սա ոչ թե արագ հաղթանակի, այլ երկարաժամկետ պաշտպանվածության հարց է։

Կան նեղ, բայց իրավականորեն թափանցիկ ճանապարհներ, որոնք այս պահին չեն բարձրաձայնվում։ Դրանք պետք է ամբողջությամբ գործի դրվեն, որպեսզի միջազգային հանրությանը ներկայացվի ոչ թե աղմուկ, այլ փաստերի ու ժամանակագրության ամբողջական փաթեթ։ Սա պատմական սխալի կանխման փորձ է, ոչ օրվա քաղաքական հաշվարկ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image