Հասարակություն

«Հրապարակ»․ Ավինյանը տեսնում է քաղաքի խնդիրները, բայց անկարող է լուծել

«Հրապարակ»․ Ավինյանը տեսնում է քաղաքի խնդիրները, բայց անկարող է լուծել

Համացանցում կադրեր են պտտվում (արհեստական բանականության ստեղծած), որտեղ երեւում են հակագազերով շրջող երեւանցիներ: Երեւանն աստիճանաբար սարսափ ֆիլմի գործողությունների վայր է դառնում, իսկ երեւանցիները ֆիքսվել են օդի աղտոտվածության թեմայի վրա, շատերն ամենօրյա ռեժիմով հետեւում են ցուցանիշներին, օդի քարտեզ հրապարակում՝ սարսափելի «բորդո» կետերով, ինդեքսներ, որոնք վտանգավոր են կյանքի համար: «Հիդրօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով, Երեւանի կենտրոնում նոյեմբերի 17-25-ն ընկած ժամանակահատվածում օդում փոշու խտությունը 1,4-4 անգամ գերազանցել է սահմանային թույլատրելիից։ Այս տվյալը նոյեմբերի 26-ին հրապարակեց շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը։ Մյուս վարչական շրջաններում էլ գրեթե նույն թվերն են, որոնք բոլորն էլ վտանգավոր են կյանքի համար: 

Ավան-Առինջում ամենակեղտոտ օդն  է

Երեւանցիները տագնապում են, օդի աղտոտվածության քարտեզներ են հրապարակում, պատճառների մասին են խոսում: Շատերը սկսել են դիմակով դուրս գալ փողոց, ինչպես քովիդի ժամանակներում: «Լուռ հետեւում էիք՝ ոնց են կանաչը վերացնում, տեղը բարձրահարկ շենքեր կառուցում։ Միայն թե փող աշխատեն, նույնիսկ ժողովրդի առողջության հաշվին։ «Վիձետի լի», նոր հասկացան, որ օդն աղտոտված ա, իրո՞ք։ Դե, անտարբեր, թքած ունեցող մասսա, եթե դուք ձեր հողը չեք սիրում, ուրեմն թուրքը կսիրի։ Նիկոլը ճիշտ ա ասում՝ եթե ժողովուրդը դեմ լիներ, ես ոչինչ չէի կարող անել»,- ՖԲ-ում գրել է իրավագետ Աննա Օգանեզովան, իսկ Կապս գյուղի բնակիչ Գոռը Կապսից շշերով մաքուր օդ է հավաքում ու երեւանցիներին առաջարկում պլյուս դնել, որ մի-մի շիշ այդ օդից՝ որպես հումանիտար օգնություն, ուղարկի Երեւան: ԱԳ նախկին փոխնախարար, տարբեր երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում, Բանգլադեշում, Նեպալում, Լիտվայում արտակարգ եւ լիազոր դեսպան աշխատած Արմեն Մարտիրոսյանը դեռ երկու տարի առաջ է օդի մաքրության աստիճանը չափող սարք գնել ու սկսել հետեւել մայրաքաղաքի օդի աղտոտվածությանը: Այդ միտքը ծագել է իր աշխատած երկրներում տիրող էկոլոգիական աղետն անձամբ դիտարկելու ժամանակ։ Նոյեմբերի 25-ին նա արձանագրել է՝ Երեւանի օդը մահաբեր է:

Բարի գալուստ գազախցիկ Երեւան

«Ինչպես հայտնի է, չափազանց վտանգավոր է օդում պինդ մասնիկների բարձր մակարդակը (Pm2,5)։ Երեւանում ներկայում այն նորմայից բարձր է 27 անգամ։ Ժամը 12:00-ի դրությամբ Երեւանի օդի աղտոտվածության ցուցանիշը կազմում էր 211, իսկ PM2.5՝ 135.7 մկգ/մ³։ Նյու Դելիում՝ ամենաաղտոտված մթնոլորտ ունեցող մայրաքաղաքում, այս նույն ցուցանիշները կազմում են 168 եւ 79.1 մկգ/մ³, համապատասխանաբար: Վտանգավոր է օդում PM2.5 պինդ մասնիկների (particulate matter) բարձր մակարդակը։ Եթե այդ ցուցանիշի միջին տարեկան արժեքը Երեւանում գերազանցում է ԱՀԿ-ի առավելագույն թույլատրելի կոնցենտրացիայի նորմը (5 մկգ/մ³) առնվազն 5 անգամ, ապա ներկայում այն գերազանցում է ավելի քան 27 անգամ։ Այս մասնիկների բարձր մակարդակը Նյու Դելիում մահացության ամենակարեւոր ռիսկի գործոնն է՝ կազմելով 2023 թվականին բոլոր մահերի 15%-ը»,- նշում է դիվանագետը: 

Այդ միջոցին քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ Արտաշատի մայրուղուց լայվ է մտնում, թե բա՝ օդի որակն Արտաշատում ավելի վատն է, քան Երեւանում, ու ընդհանրապես՝ նախկիններն են մեղավոր, որովհետեւ «մեր հիմնական խնդիրներն ունեն տասնամյակների պատմություն», պայմանավորված են աշխարհագրական դիրքով, ջեռուցման սեզոնով, հրդեհներով եւ այլն։ Այսինքն՝ ամեն ինչով, իր վատ աշխատանքից բացի: Մի քանի օր առաջ էլ Երեւանի քաղաքապետը հորդորում էր տերեւ չայրել, քանի որ այրվող տերեւներն են աղտոտում օդը՝ հասցնելով կրիտիկական ցուցանիշի: Բնականաբար, անկանոն տրված շինթույլտվությունների եւ հնձած, աջ ու ձախ մորթված, ոչնչացված ծառերի մասին Ավինյանը ոչ մի բառ չի ասում: Նրան շատ արագ առարկում են՝ հենց քաղաքապետարանն էլ այրում է հատված ճյուղերը, ընդ որում՝ քաղաքի կենտրոնում: Եվ ծառահատումն արվում է բոլոր սեզոններին ու բարբարոսաբար։
 
Ճյուղ ու տերեվ վառողը հենց Երեւանի քաղաքապետարանն է

«Քաղաքապետին տեղյակ պահեք։ Օրերս հարցնում էր, ի՞նչ են անում հատված ճյուղերը։ Այս մեկը տեսանք…»,- գրել է ավագանու անդամ Քրիստինե Վարդանյանը եւ հրապարակել կադրեր, որտեղ երեւում է, թե ինչպես են քաղաքի կենտրոնում, Ֆուտբոլի ակադեմիայի հարակից տարածքում ճյուղերը վառվում: Փաստորեն, քաղաքապետարանի կանաչապատման ՀՈԱԿ-ը ծառերը կտրում է, հատված ճյուղերն էլ իր իսկ ուժերով այրում՝ հեռու չգնալով: «Լավ, ոնց որ էշի տեղ դնեն: Էդ ի՞նչ նախադասություն է՝ օդի աղտոտվածությունը Երեւանում ունի տասնամյակների պատմություն: Այսի՞նքն: Իսկ ի՞նչ ա արվել, երբ իշխանությունը ձեր ձեռքում էր, ի՞նչ օրենսդրական ակտ, ի՞նչ շոշափելի քայլ, ի՞նչ վերահսկողություն: Հեշտ է սաղ գցել Երեւանի գոգավորության ջեբը, թե բա՝ պետք ա՝ գնացեք շինհրապարակներ, պահանջեք, որ տեխզննումները մեքենաների չլինեն ֆիկտիվ, պահանջեք՝ չայրեն խոտը, խիստ տուգանեք: «Մեզանից չի կախված»-ն ահավոր վատ դիրքորոշում է, ձեզնից լիքը բան է կախված, էդ արեք ու արեք արտակարգ ռեժիմով։ Թող շատ բան չփոխվի, բայց գոնե իմանանք, որ մեզ էշի տեղ չեք դնում: Մեկ էլ՝ չի կարելի, պրն Ավինյան, չի կարելի չամրակապվել»,- Ավինյանի՝ Արտաշատի մայրուղուց արված լայվից տպավորված՝ գրում է երեւանցի գործարար Հայկ Մկրտչյանը: 

Այս ամենում մի մխիթարանք, այնուամենայնիվ, կա՝ Ավինյանը խնդիրները տեսնում է, գիտի, որ օդը կեղտոտ է, որ քաղաքը գերբեռնված է, երթեւեկել չի լինում, բայց քաղաքային իշխանությունն անկարող է կառավարել, լուծել խնդիրները:


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image