Հասարակություն

Վրաստանը մերժել է Ադրբեջանի միջնորդությունը․ Չախալյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

Վրաստանը մերժել է Ադրբեջանի միջնորդությունը․ Չախալյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

Անցած շաբաթ մեր ձեռքում էր հայտնվել Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում հայտարարելու մասին գրությունը` ուղղված Ինտերպոլին եւ տարբեր պետությունների իրավապահներին, որով հայազգի տարբեր գործիչների ադրբեջանական իշխանությունները համարում են ահաբեկիչներ եւ առաջարկում` հայտնաբերելու դեպքում միջոցներ ձեռնարկել եւ հանձնել իրենց։ Ադրբեջանի գլխավոր դատախազը մեր հայրենակիցներին մեղադրել է պատերազմական հանցագործությունների, ահաբեկչության մեջ: Գրություներ են ուղարկվել տարբեր երկրների հատուկ ծառայություններին, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությանը։

Հետախուզվողների ցանկում 24 անուն կա, հիմնականում` Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիներ, նաև Բելգիայի, Վրաստանի, Հորդանանի, Պաղեստինի, Սիրիայի, Բելառուսի և Ամերիկայի քաղաքացիություն ունեցող հայեր կան ցանկում։

Նրանցից մի քանիսը հանրությանը հայտնի դեմքեր են․ օրինակ՝ ջավախքցի հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը։ Մեզ հետ զրույցում Չախալյանն ասաց, որ իր նկատմամբ հետախուզում Ադրբեջանը դեռևս 2004 թվականից է հայտարարել, բայց այն ժամանակ դա միջազգային հետախուզում չէր:

«2004 թվականից սկսած, ինչ Կարս-Ախալքալաք երկաթգծի այդ ծրագրի դեմ մենք պայքար տարանք Ջավախքում, այդ ժամանակվանից արդեն ադրբեջանական իշխանությունների և հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում ենք եղել։ Իրենք միշտ փորձել են խոչընդոտել, մեկուսացնել, իմ մասով եմ ասում։ Ասեմ ավելին՝ ես լուրջ կասկածներ ունեմ, որ երբ Միխեիլ Սաակաշվիլին 3000 հոգանոց հատուկջոկատայիններին մտցրեց Ջավախք, և այդ օպերացիան կազմակերպեցին և իմ զինակից ընկերներին ձերբակալեցին, ես լուրջ կասկածներ ունեմ, որ դա Ալիևի և Էրդողանի պատվերով էր, որովհետև այդ պահին Վրաստանին ձեռք չէր տալիս Ջավախքում լարված իրավիճակը, բայց նա գնաց այդ քայլին, և ես հակված եմ մտածելու, որ նա պարտադրված էր։ Ինչ վերաբերում է այս հետախուզմանը, դեռևս հոկտեմբերի 9-ին Ադրբեջանը արդեն դիմել էր Վրաստանի դատախազությանը և պահանջել էր Վրաստանից, որ ինձ ձերբակալեն և արտահանձնեն Ադրբեջանին։ Վրաստանի դատախազությունը պատասխանել էր, որ ես իրենց քաղաքացին չեմ, և իսկապես ես իրենց քաղաքացին չեմ, ես միայն ՀՀ քաղաքացի եմ։ Վրաստանը պատասխանել էր, որ իրենք իրավունք չունեն ուրիշ երկրի քաղաքացուն ձերբակալելու և հանձնելու երրորդ երկրին, և մերժել էր Ադրբեջանի գլխավոր դատախազության այդ միջնորդությունը, մերժման օրինակն ուղարկել էր մեր տուն, որտեղ հայրս էր բնակվում։ Ես այդ ժամանակ գիտեի, որ Ադրբեջանն իմ նկատմամբ հետախուզում էր հայտարարել, բայց այն ժամանակ միջազգային հետախուզում չէր, և հիմա տեսանք, որ արդեն միջազգային հետախուզում են հայտարարել և փորձելու են խոչընդոտել իմ տեղաշարժն այլ երկրներ»,- ասաց Չախալյանը։

Նրա խոսքով՝ 24 հայերը, որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարել Ադրբեջանը, պետք է միասնաբար գործեն:

«Ես պետք է փաստաբանի օգնությանը դիմեմ և փաստաբանի միջոցով ինքնուրույն փորձեմ այս հարցը կարգավորել, բայց մենք այստեղ 2 անելիք ունենք․ նախ` այդ 24 անձինք, որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարվել, ես կարծում եմ, որ շատ լավ կլինի, որ մենք համախմբված և համակարգված գործենք, և երկրորդը՝ պետությունը, միանշանակ, անելիք ունի, պետությունը պետք է իր լծակներով միջնորդի Ինտերպոլին, որպեսզի այդ հետախուզումը հանվի։ Ես վստահ եմ, որ այդ 24 հոգուց ոչ մեկն էլ վարձկան չէ, ես՝ ինքս, կամավորագրվել եմ և վստահ եմ, որ բոլորն էլ կամավորագրվել են հայրենիքի սիրուց ելնելով։ Ադրբեջանն ուզում է ցույց տալ, որ վարձկանները միայն իր կողմից չէ, որ կռվել են, հայկական կողմից էլ են կռվել, բայց պետք է հասկանան, որ հայկական կողմից կռվողները, որոնք սփյուռքահայեր են եղել, նրանք կամավոր եկել են մեր հայրենիքը պաշտպանելու։ Այստեղ պետությունն անելիք ունի, որ սա ապացուցի»։ 

Չախալյանից հարցրինք՝ պետությունն իր հետ կապ հաստատե՞լ է՝ օգնություն առաջարկե՞լ է:

«Ինձ հետ կապ չեն հաստատել, ես լսել եմ, որ Վովա Վարդանովի հետ կապվել են, ինձ հետ չեն կապվել, ընդհակառակը՝ մի քանի անգամ տարբեր առիթներով ինձ ձերբակալել են, բերման են ենթարկել, այդ մասին չեն էլ խոսել։ Նոյեմբերի կեսերին էլ, երբ ԱԱԾ-ն ինձ ձերբակալեց, ես իրենց կատակով ասացի՝ երևի տանում եք, Ադրբեջանին հանձնեք, բայց այդ ժամանակ դեռևս միջազգային հետախուզում հայտարարված չէր»,- պատասխանեց Չախալյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image