ԱԳՆ աշխատակից, Ավստրիայում ՀՀ հյուպատոս Աշխեն Ալեքսանյանի լուրը, որն առաջինը «Հրապարակը» գրեց, կարծես թե հարվածային էր: Սկզբում սուղ տեղեկություն էր, հետո արդեն սկսեցին մանրամասներ տարածվել, որն ուղղակի գեղարվեստական կինոնկարին արժանի սցենարի էր ձգում: Դատեք ինքներդ՝ արտերկրում սեր է առաջանում ադրբեջանցի երիտասարդի ու աղջկա միջեւ։ Երիտասարդը ներկայանում է որպես հարուստ գործարար, այնուհետեւ դիմում են շանտաժի, եւ հայ դիվանագետը գնում է հայրենիքի դավաճանության՝ ինչ-որ տեղեկություններ փոխանցելով Ադրբեջանին: Այն նույն Ադրբեջանին, որի նախագահի հետ երեկ Նիկոլ Փաշինյանը ջերմ շփվում էր։ Հետո լինում է ձերբակալությունը «Զվարթնոց» օդանավակայանում, եւ գաղտնիության պայմաններում քրեական գործ են հարուցում ու փորձում են գաղտնի պահել այդ ամենը: Եվ այդպես էլ այն գաղտնի կմնար, եթե «Հրապարակ»-ը դա չբացահայտեր: Դրանից հետո մեր «կինոնկարն» ավելի հետաքրքիր է դառնում. շրջանառվում են ֆեյսբուքյան օգտատերերի վարկածներն Աշխենի՝ կրկնակի գործակալ լինելու մասին: Սակայն հետո ինֆորմացիոն աղմուկը մարում է՝ առանձին հրապարակումները չհաշված, եւ ամեն ինչ վերադառնում է ի շրջանս յուր:
Չգիտեմ, թե երիտասարդ աղջիկն ԱԳՆ-ից ինչ պետք է հաղորդեր թշնամի պետությանը, որ նրանց հետաքրքրեր: Իսկապես, եթե լինեինք միջազգային հարաբերությունների սուբյեկտ եւ ոչ թե օբյեկտ, ապա այդ հարցը չէր առաջանա: Եթե լինեինք նախկինի նման հզոր բանակով ու ծանրակշիռ դիվանագիտությամբ պետություն, ապա այդ հարցը կրկին չէր առաջանա: Բայց այդպիսին այլեւս չենք եղել, եղել ենք ամեն ինչ զրոյական կետից սկսած ու տապալած երկիր: Վերջին մեկ-երկու տարում էլ «մեծարգո վարչապետ» Փաշինյանն ու ԱԳՆ-ից Միրզոյան Արարատը խաղաղության առումով բանակցել են թշնամու հետ, ու վայ այդ բանակցությանը: Նրանք ինչ-որ դրույթներ են առաջարկել, սրանք դրա դիմաց ինչ-որ բան են պատասխանել: Ու այդպես շարունակվել է, մինչեւ որ սրանք մեկառմեկ ընդունել են նրանց բոլոր պահանջները: Ենթադրում եմ, որ ընդունել են նույնիսկ ձեւակերպումները, որոնք հետագայում խնդիրներ են գեներացնելու Հայաստանում:
Այս ամբողջ պատմության մեջ հետաքրքիրը գաղտնիության պահն էր: Մի ժամանակ ամիս չէր լինում, որ անվտանգության մարմինները չբացահայտեին ինչ-որ անձանց առումով պետական դավաճանության դրվագներ: Ու դա չներկայացվեր որպես իրենց պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք: Իսկ այս դեպքում, ինչպես ասվում է, «no», ոչ մի ինֆորմացիա: Մնում է ենթադրել, որ երիտասարդ աղջիկն ինչ-որ մեկի բարեկամուհին է կամ՝ հովանավորյալը: Այնպիսի մեկի, որի բացահայտումը ձեռք չի տալիս ՀՀ «մեծարգո վարչապետին»: Տարբերակներ առաջ քաշելն իմաստ չունի՝ դրանք կարող են լինել բազմաթիվ: Աշխեն անունով աղջիկը կարող է լինել թե՛ Նիկոլի ու նրա քաղաքացիական կնոջ, թե՛ Արոյի ու նրա կնոջ եւ կամ մեկ այլ ՔՊ-ականի շրջապատից: Բայց կարող է լինել նաեւ ԱԳՆ-ում պատահաբար հայտնված մեկը՝ ՔՊ-ական երիտասարդական թեւից: Եվ այլն, եւ այլն…
Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան օգտատերերի ներկայացրած վարկածին, ապա դրանք կարող են լինել ճշմարիտ, բայց կարող են լինել նաեւ անիրական: Այդ վարկածի ծագման հիմքում, ենթադրաբար, այն հանգամանքն է, որ նախկինների օրոք կրկնակի գործակալ է եղել Ալեքսանյանի ղեկավարը: Դա ես չեմ ասում, դա շրջանառվել է ժամանակին ՀՀ առաջին փեսա Միքայել Մինասյանի կողմից: Ճիշտ է, նախորդ դեպքում առկա էր հայ-թուրքական կրկնակի գործակալ լինելու հանգամանքը, իսկ այս դեպքում՝ ընդամենը հայ-ադրբեջանական, ինչը, ընդունեք, վկայում է մակարդակի անկման մասին: Բայց դե, «մեծարգո վարչապետի» օրոք ինչի՞ մակարդակը չի ընկել, որ այս մեկինն այլ կերպ դասավորվեր: