Սահմանադրական դատարանում քննվում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը Սահմանադրական դատարանում փորձում է հիմնավորել առողջապահական ապահովագրական համակարգի ներդրման համար 102 միլիոն եվրո վարկ վերցնելու կարևորությունը, մի ծրագրի համար, որը փաստացի դեռ գոյություն չունի:
Վարկային ծրագիրը նախատեսված է հետագա 5 տարիների համար: Համակարգի ներդրման համար նախատեսված օրենքն էլ չկա, սակայն նախարարի տեղակալը բարձր դատարանում ներկայացնում է 102 միլիոն եվրո գումար վերցնելու անհրաժեշտությունը, ծախսելու եղանակը:
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի խոսքով՝ ոչ ոք չգիտի, թե այդ գումարները որտեղ են ծախսվելու, ինչի համար են վերցնում, միայն օրենքը կարող է որոշել, թե ապահովագրական համակարգը ներդնելը որքա՞ն գումար է պահանջելու, իսկ այդ օրենքը բացակայում է:
«Համակարգը 2025 թ.-ին չի ներդրվելու, բայց գումարներ եք ծախսելու, որը կապ չունի պարտադիր առողջապահական համակարգի ներդրման հետ: Ծրագրի իրականացումը պայմանավորված է մի օրենքով, որը փաստացի չկա, եթե չեմ սխալվում այն հիմնադրամն էլ չկա, որով վերցնելու եք այդ գումարը: Կատարեցիք ծախսերը, բայց չընդունվեց օրենքը, ի՞նչ է լինելու: Սայլը ձիուց առաջ եք դրել. վերցնում եք գումարը, ասում եք՝ կծախսենք, կընդունենք օրենք: Օրենքը չկա: Եթե ընդանրապես օրենք չընդունվեց, էդ գումարը ո՞նց եք ծախսելու»,-Նանուշյանից հետաքրքրվեց Թովմասյանը:
Փոխնախարարը պտտվում էր իր առանցքի շուրջ ու չէր կարողանում պատասխանել Թովմասյանի հարցին: