Քաղաքականություն

ՀՀԿ-ն մասնակցելու է Գյումրու ՏԻՄ ընտրություններին․ ով է քաղաքապետի թեկնածուն

ՀՀԿ-ն մասնակցելու է Գյումրու ՏԻՄ ընտրություններին․ ով է քաղաքապետի թեկնածուն

Hraparak.am-ի տեղեկություններով՝ «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը լրջորեն պատրաստվում է  Գյումրու ՏԻՄ ընտրություններին, որը կայանալու է մարտ ամսին ։ Մեր աղբյուրների  փոխանցմամբ,  ՀՀԿ-ն այս օրերին, կուսակցության առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ  Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ակտիվ քննարկումների մեջ է, փորձում են ամեն գնով բեկում մտցնել  քաղաքական դաշտում, Գյումրու ՏԻՄ ընտրություններին ընդառաջ սերտ քննարկումներ են անցկացնում նաև այլ քաղաքական ուժերի հետ եւ անգամ չի բացառվում, որ Գյումրիում ընտրությանը մասնակցեն դաշինքով։ Կուսակցությանը մոտ կանգնած hraparak.am-ի աղբյուրի փոխանցմամբ  Գյումրու քաղաքապետի ՀՀԿ թեկնածուի շուրջ երկար են քննարկել, եւ չի բացառվում, որ առաջադրեն ոչ կուսակցական, սակայն Գյումրիում առավել հայտնի ընդդիմադիր որևէ գործչի։

Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, քաղաքապետի թեկնածուի շուրջ ՀՀԿ-ն քննարկումներ է ունեցել նաև  գյումրեցի հայտնի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի հետ եւ հնարավոր թեկնածուներից մեկն էլ նա է։ Մանավանդ, որ Պողոսյանը  փորձ ունի, մեկ անգամ արդեն իր իսկ կողմից  հիմադրած դաշինքով մասնակցել է ՏԻՄ ընտրություններին, ավելին, կուսակցության ներսում վստահ են, որ նրա նկատմամբ վերջին քաղաքական հետապնդումները բարձրացրել են նրա  ընդդիմադիր գործչի վարկանիշը ։ Պողոսյանից մեկնաբանություն ստանալ չկարողացանք, քանի որ նրա նկատմամբ դատարանը վարչական հսկողություն է կիրառել  եւ  նրան արգելված է  ԶԼՄ-ներին հարցազրույց տալը։ Հիշեցնենք, որ Պողոսյանին ձերբակալեցին Բագրատ Սրբազանի հավաքներից մեկի ժամանակ ։

ՀՀԿ  Շիրակի մարզային կառույցի ներկայացուցիչ Նարեկ Միրզոյանից  hraparak.am-ը  հետաքրքրվեց՝ արդյոք  մասնակցելու են առաջիկա ՏԻՄ  ընտրություններին եւ ինչ ձևաչափով։

«ՀՀԿ-ն դեռևս քննարկումների փուլում է, մենք քննարկում ենք մասնակցության տարբեր տարբերակներ ։ Մենք չմասնակցելու մասին որոշում չունենք, առավել ևս հակված ենք մասնակցելու։ Ինչ վերաբերում է ֆորմատին, մասնակցության  ձևաչափին՝ դաշինքով, թե միայնակ հանդես գալուն, դրանք քննարկման փուլում են, որի ավարտից հետո, բնականաբար, պաշտոնական հայտարարություն կանենք, մեր քաղաքական դիրքորոշումը կհայտնենք։ Քաղաքում շատերն են ցանկանում, որ չմասնակցենք, բայց հիասթափեցնելու ենք, որովհետև ՀՀԿ-ն կայացած, պատմություն ունեցող քաղաքական ուժ է եւ ունի բարձր շանսեր»,-ասաց Միրզոյանը։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image