Ժողովրդին ամենահետաքրքրող հարցի մասին կխոսեմ։ Իմ դիտարկումը զուտ սուբյեկտիվ է։
Խոսվում է Օպերայի շենքի շրջափակման, օղակման, «Կոլցո» գործողության մասին։ Ժողովրդի ատելությունը ոստիկանական ուժերի նկատմամբ գեներացվում է այդ ուղղությամբ։ Տեսեք՝ Օպերայի շենքի տանիքին դիպուկահարներ են, երկաթե ճաղավանդակներով ցանկապատել են շենքը, հազարավոր ոստիկանական ուժերով չորս կողմից օղակել են շենքը և այլն։ Ու այդ ամենը նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը մտնի Օպերայի շենք։ Իշխանության կողմից որպես պատճառաբանություն հրապարակած 2000 հյուրերի մասին չեմ խոսում, որովհետև հյուրերը քայլելով էլ կարող էին անցնել ժողովրդի միջով՝ առանց Փաշինյանի։ Հետևաբար Նիկոլին անվտանգությունն ապահովող ոստիկանական ուժերը ինքնին դառնում են հանրության համար թիրախ ու բնական է, որ ձայն բազմաց, ձայն Աստծոյին ամենաշատը հուզում է այս հարցը՝ ինչու՞ ոստիկանությունը չի անցնում ժողովրդի կողմը, որը լծվել է հայրենի հողը պաշպանելու սրբազան գործին։
Այս օրերի ամոթանքը, որ տրվում է ոստիկաններին, դժվար է մարսել։ Եթե ուղեղը ստամոքս լիներ, վաղուց խանգարված կլիներ։ Բայց պետք է ընդունել, որ ուղեղը ևս օրգան է և ի վիճակի չէ իր մեջ կուտակել այդքան բացասական էներգիա։ Պետք է հասկանալ, որ ոստիկանական համազգեստի մեջ էլ հայ է ու անկախ ամեն ինչից՝ ինքը դեմ է հողատվությանը, միակողմանի զիջմանը։ Իր մեջ էլ ընդվզում է գնում։ Որպեսզի նրանց իշխանության կողմից թիրախի տակ չդնեմ, միայն արձանագրեմ, որ իրենց մեջ էլ դրական շարժ կա։ Ամենուրեք հալոցքի փաստերի եմ ականատես լինում։ Նիկոլ Փաշինյանի վախը, տագնապը, որը դրսևորվում ու կադրերում երևում է, դրանից է։ Ինչևէ, կարող եմ արձանագրել, որ ոստիկանությունն էլ պակաս աշխատանք չարեց՝ Նիկոլին խայտառակելու համար։ Նիկոլին ժողովրդից ,, պրծցնելու,, , ասել է թե՝ «պաշտպանելու» «Կոլցոն» ողորմելի թշվառության ցուցադրում էր․․․ երբ սահմանը խոցելիության չափ անպաշտան է ու քայլ-քայլ հանձնվում է։ Ոստիկանությունը Նիկոլին բացահայտելու առումով շատ մեծ գործ արեց։ Ոստիկանական ուժերը հայելու պես ցույց տվին հյուրերին , թե ով է Նիկոլ Փաշինյանը և ինչ տեղ է գրավում Հայաստան աշխարհն ու ժողովուրդը նրա կյանքում։