Քաղաքականություն

Ռուս խաղաղապահները կարգավիճակ չունեն, քանի որ ՀՀ-ն չի ճանաչել Արցախի անկախությունը

Ռուս խաղաղապահները կարգավիճակ չունեն, քանի որ ՀՀ-ն չի ճանաչել Արցախի անկախությունը

Կառավարության վերջին նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուս խաղաղապահների վերաբերյալ ուշագրավ հայտարարություն արեց։ «Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո, խաղաղապահների պատասխանատվության գոտիներում։ Եթե այս փաստը համադրում ենք այն լայնածավալ հակաքարոզչության հետ, որ Ադրբեջանում վարվում է ընդդեմ խաղաղապահների, եւ այն փաստի հետ, որ Ադրբեջանը մինչեւ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում կայունության ու խաղաղության դեմ իրականացվող գործողությունների շարք է»: 

Ինչպե՞ս են ՌԴ-ում գնահատում ու մեկնաբանում այս փաստը։ Հարցն ուղղեցինք վերլուծաբան, «Ռեգնումի» սյունակագիր Ստանիսլավ Տարասովին։ Նա ասաց․ «Իրավաբանորեն նման մանդատ գոյություն չունի։ Նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո, երբ Պուտինը Մոսկվայում հանդիպում էր Ալիեւի ու Փաշինյանի հետ, հետո նաեւ՝ առանձին-առանձին, ասաց այն մասին, որ պետք է հստակեցվի խաղաղապահների կարգավիճակի հարցը։ Բանն այն է, որ այդ համաձայնագիրը նախատեսում է խաղաղապահների առկայություն, բայց բավականին բարդ ու խճճված հարցեր կան․ անորոշ է՝ ում տարածքում։

Իսկ այն բանից հետո, երբ Հայաստանը հրաժարվել է ճանաչել Արցախի անկախությունը, իրավաբանորեն՝ Ադրբեջանի տարածքում է ռուսական սահմանափակ խաղաղապահ կոնտինգենտը։ Եվ, հետեւաբար, ձեւական առումով խնդրին մոտենալու դեպքում այս կոնտինգենտն այսպես էլ մնում է այնտեղ։ Չունի կարգավիճակ։ Փաշինյանն այդ ի՞նչ դատողություններ է անում։ Այդ կարգավիճակը հնարավոր էր մշակել ԵԱՀԿ ՄԽ մակարդակով»։

Հիշեցնենք, որ իր վերջին ելույթում Փաշինյանը նաեւ հայտարարեց․  «Հայաստանը հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը: Եվ ես պաշտոնապես բացառում եմ Հայաստանի զինված ուժերի կողմից որեւէ սադրիչ գործողություն: Միեւնույն ժամանակ կարծում եմ, որ Ադրբեջանի եւ մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով: ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ, ներառյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն»։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն ի պատասխան ճշտող հարցին, թե պատրա՞ստ են կատարել Փաշինյանի խնդրանքը, 4 օր առաջ պատասխանել էր. «Երեւանի հետ շփումները շարունակվում են։ Ավելացնելու բան չունեմ»։

Կընդունվի՞ առաջարկը, թե՞ ոչ։ Ստանիսլավ Տարասովը կրկին հասկացնել տվեց՝ ՀԱՊԿ-ի հետ հույսեր չկապել, այլ բան է երկկողմ հայ-ռուսական պայմանավորվածությունը․ «Կարելի է պայմանավորվել»։ Կրկին ասաց այն, ինչ սեպտեմբերի 27-ից հետո բազմիցս լսել ենք։ Որ ՀԱՊԿ-ն կարող է հարցը դիտարկել միմիայն պոտենցիալ սպառնալիքի դեպքում։ 3 մա՞րդ է զոհվել, եւս 3-ը՝ վիրավորվե՞լ, ՀՀ տարածքով անօդաչունե՞ր են թռչում՝ «սահմանային միջադեպեր են», քանի որ նոյեմբերի 20-ին հաստատված նոր ստատուս քվոյին ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի կողմից վտանգ չի սպառնում։ Ինչպես նաեւ՝ ՀՀ տարածքային ամբողջականությանը՝ ըստ Տարասովի։

«Գոյություն ունեն բարդ հարցեր, որոնք պետք է խաղաղ լուծում ստանան, եւ Հայաստանը պետք է խնդիրները կարգավորի Ադրբեջանի հետ կամ էլ դրանք բարձրացնի առավել բարձր մակարդակի՝ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի։ Որքանով ես եմ տեղյակ՝ ՄԽ-ն չի կարողանում վերադառնալ նախկին օրակարգին։ Այնպես որ, շատ բարդ ու ոչ հեշտ իրավիճակ է։ Հետեւաբար, այս փուլում պետք է իրավիճակը հանգուցալուծվի Բաքու-Մոսկվա-Երեւան երկխոսության շրջանակներում։ Եվ Մոսկվան պետք է ճնշում գործադրի Բաքվի վրա, որպեսզի գնա ինչ-ինչ զիջումների՝  անպատեհ ու ժամանակավրեպ կերպով սադրելով սահմանային միջադեպեր։ Ինչո՞ւ, որովհետեւ տապալել է խաղաղության հայտարարության այլ կետեր եւս»։

Ինչ վերաբերում է ադրբեջանական պնդումներին, թե Սյունիքում ադրբեջանցիներն ապրել են եւ պետք է վերադառնան․ հետեւելով այս տրամաբանությանը՝ կարելի է ասել, որ Գանձակում՝ Գյանջայում, Բաքվում, Սումգայիթում ապրած հայերն էլ պետք է վերադառնան այդ քաղաքներ։ Ստանիսլավ Տարասովի կարծիքն այն մասին, թե նման բան հնարավո՞ր է, եւ արդյո՞ք հայկական կողմն էլ պետք է ունենա նման պահանջներ, հետեւյալն է․ «Ես համարում եմ, որ սա Ադրբեջանի կողմից տեղեկատվական պատերազմ է ինչ-ինչ պատճառներով, որոնք ինձ համար այնքան էլ հասկանալի չեն։ Ինչո՞ւ, որովհետեւ, եթե Ալիեւը ցանկանար ապաշրջափակել այն, ինչ կոչվում է «Զանգեզուրի միջանցք», նա պետք է պայմանավորվեր։

Առանց Հայաստանի հետ պայմանավորվածության դա չի ստացվի։ Երկրորդ․ եթե Ադրբեջանը սպառնում է, որ «իր պատմական հողն է», եւ ուժային եղանակով ագրեսիա իրականացնի Սյունիքի նկատմամբ, ապա նա իսկապես հակազդեցության մեջ կմտնի ՀԱՊԿ-ի հետ։ Ասեմ, որ սա Հայաստանի նկատմամբ հոգեբանական գրոհ է, որպեսզի Փաշինյան-Ալիեւ բանակցություններից առաջ ճնշում գործադրվի Հայաստանի վրա։ Անձամբ իմ կարծիքով՝ սխալ է ստեղծված իրավիճակում Ադրբեջանի կողմից անցումն ուժային լուծման, սպառնալիքների օգտագործումը, Հայաստանի վրա ճնշումը։ Այդ իրավիճակում Ադրբեջանը տանուլ է տալիս Հայաստանին։ Սա ինձ համար ակներեւ է։ Թե ինչու է անում, չգիտեմ։ Ըստ ամենայնի, պակասում է դիվանագիտական իմաստնությունը։ Ըստ իս՝ Ալիեւը ցույց տվեց, որ խնդիրները կարողանում է լուծել ուժային եղանակով, բայց դիվանագիտությունը․․․»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image