Պատանի հասակից տարված եմ եղել առագաստանավային ճամփորդությունների վերաբերյալ պատմություններով՝ գրքեր, կինոնկարներ և այլն: Ու, որքան հիշում եմ, մի այսպիսի ասացվածք կա ծովագնացության առումով. «Քամիների համընթաց կամ հակառակ լինելը կախված է առագաստանավի ուղղությունից»:
Այդ ասացվածքն էլ մնացել էր հիշողությանս մեջ, բայց դժվար թե ակտիվանար, եթե համացանցը բացելով չհանդիպեի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հերթական խորախորհուրդ ֆեյսբուքյան գրառմանը. «Ճի՞շտ է ճանապարհը, թե սխալ՝ կախված է նրանից, թե ուր ես գնում»: Ինչպես կարող է նկատել ընթերցողը, ներկայացված դատողությունների միջև էական տարբերություն չկա: Երկրորդն, ուղղակի, առաջինի իմաստային կրկնօրինակումն է: Գլուխը քարը, թող այդպես լիներ, բայց հեղինակն էլ իրականում հետևեր այդ պնդումին՝ դրան համապատասխանեցնելով պետության կառավարումը:
Թե այդպե՞ս է, արդյոք, իր գործունեությունը՝ ցույց է տալիս նրա ու նրա ենթակաների քայլերի հասարակ դիտարկումը: Օգոստոսի 8-ին Իլհամի հետ հյուրընկալվելով Վաշինգտոնի Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահի վկայությամբ նախաստորագրում է, այսպես կոչված, խաղաղության համաձայնագիրը: Ինչպես նաև ԱՄՆ նախագահի հետ ստորագրում է ռազմավարական երեք ուղղությամբ փոխըմբռնման հուշագիր:
Մեկ ամիս չանցած մեկնում է Չինաստան՝ ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու և կազմակերպությանն անդամագրվելու նպատակով: Իսկ ՇՀ-ն, ոչ միայն հակաարևմտյան, այլև հատկապես հակաամերիկյան ուղղվածությամբ կազմակերպություն է: Ու այդ գագաթնաժողովն էլ հռչակեց բազմաբևեռ աշխարհի ծնունդը: Ինչի արտացոլումն էր, ի դեպ, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինին ուղղված՝ ԱՄՆ նախագահի սոցցանցային գրառումը, որն ավարտվում էր հետևյալ նախադասությամբ. «Խնդրում եմ փոխանցեք իմ ամենաջերմ մաղթանքները Վլադիմիր Պուտինին և Կիմ Չեն Ընին, քանի դեռ դուք բոլորդ դավադրություն եք ծրագրում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ»:
Ինչպես կարող է որևէ պետության ադեկվատ ղեկավարը սկզբում վայելել ԱՄՆ-ի, իսկ հետո նրա դեմ «դավադրություն հյուսող» այլ պետության ղեկավարի հյուրընկալությունը: Փոխըմբռնման հուշագիր ստորագրել Դոնալդ Թրամփի հետ, իսկ հետո փոձել անդամակցել աշխարհում ԱՄՆ-ի գերակայությունը չընդունող կազմակերպությանը: Այն հանգամանքը, որ անդամության հայտը մինչ այդ էր ներկայացվել, ոչինչ չի փոխում: Կարող էր չեղյալ համարել այն: Ճիշտ է, ասվածին կարող է հակաճառվել, որ նույն վիճակում էր Ադրբեջանի նախագահ Իլհամը:
Բայց վերջինս, չմոռանանք, բռնապետ լինելով, մնում է ժողովրդավարական սկզբունքներ դավանող Եվրամիության հուսալի գործընկերը: Եղել է նաև ԱՄՆ-ի գործընկերը (վառելիքային ոլորտում), ինչպես նաև հենց Թրամփի գործընկերը դեռևս 10-ականների սկզբին. Բաքվում կառուցվել է Թրամփ աշտարակներից հերթականը: Ինչն, ըստ Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլու, պետք է կառուցվեր Բաթումիում, բայց Բիձինայի իշխանությունը դրան բանի տեղ չի դրել, ու աշտարակը կառուցվել է Բաքվում: Ինչևէ, Իլհամի բռնապետ լինելը չխանգարեց, որպեսզի հարաբերություններն ավելի զարգացվեն ԱՄՆ-ի հետ:
Բայց «մեր մեծարգո վարչապետը» չէր կարող ներկայացնել «ժողովրդավարության բաստիոնը»՝ եթե Չինաստան այցելելով իր ԱԳՆ-ի պաշտոնյային չպատվիրեր մասնակցել Սլովենիայի Բլեդ բնակավայրում կազմակերպվող ամենամյա «Ռազմավարական համաժողովին»: Որտեղ վերջինս ինչ-ինչ հարցեր է քննարկել Ուկրաինայի իր գործընկերոջ հետ՝ երբ ինքը Չինաստանում Պուտինին «բարեկամություն էր խոստովանում»: Ինչպես ինքն էր հուլիսի վերջում գնում Մոսկվա ու այնտեղից շնորհավորում Ուկրաինայի նոր վարչապետի նշանակումը, չնայած վերջինս արդեն երկու օր էր, ինչ այդ պաշտոնին էր: Ու այդ մասին լայնորեն տեղեկատվություն էր տարածում:
«Հրապարակ»-ի ընթերցողների թույլտվությամբ քաղաքականությունից անցում կատարեմ հոգևոր ոլորտ: Որովհետև երևի միայն դրա շնորհիվ է հնարավոր ընկալել մի ողջ երկիր ներկայացնողի վարքը: Հատկապես որ վարչապետի աթոռից կառչած անձը տարված է սաղմոսներ կարդալով ու Ֆեյսբուքում դրանք գրելով: Նոր Կտակարաններից մեկում առկա է Հիսուսի պտվիրանն առ այն, որ ողորմություն անելիս ձախ ձեռքը չպետք է իմանա, թե ինչ է անում աջը: Իհարկե, այդտեղ խոսքը միայն բարի գործեր կատարելու մասին է, բայց ինձ թվում է, որ Նիկոլի բոլոր գործերն էլ, ըստ իրեն, բարի են: Ու նշանակություն չունի, որ Հայաստանն աջ ու ձախ պարտություններ է արձանագրում: Իսկ եթե ընկալենք, որ մեր թշնամին իրականում թշնամի չէ, այլ բարեկամ, ապա պարտություններն էլ այլևս որպես այդպիսիք չեն դիտարկվի: