Մշակույթ

Սրբազանը գեներացնում է ստեղծագործական միությունների եւ ակադեմիական շրջանակների դժգոհությունը

Սրբազանը գեներացնում է ստեղծագործական միությունների եւ ակադեմիական շրջանակների դժգոհությունը

Համալսարաններ ու մի շարք բուհեր այցելելուց հետո Բագրատ սրբազանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները երեկ այցելեցին նկարիչների եւ գրողների միություններ եւ ԳԱԱ։ Սրբազանի ընտրությունը պատահական չէր, քանի որ 3 կառույցում էլ իշխանությունների վարած քաղաքականության հանդեպ վերջին ամիսներին մեծ դժգոհություն եւ ընդվզում կա։ Ինչպես հայտնի է, շաբաթներ առաջ իշխանությունը, ի դեմս Գլխավոր դատախազության, որոշեց պետականացնել գրողների եւ նկարիչների միությունների շենքերը։ Այս առիթով գրողների եւ նկարիչների միություններն արտահերթ համագումարներ հրավիրեցին եւ մերժեցին դատախազության, ըստ էության՝ իշխանության, իրենց գույքը պետականացնելու որոշումը։ Ինչ վերաբերում է ԳԱԱ-ին, ապա թե՛ ակադեմիայի, թե՛ ակադեմիական համակարգում գործող մի քանի տասնյակ գիտական կազմակերպությունների ճակատագիրը վտանգված է՝ պայմանավորված իշխանությունների ձեռնարկած մեգանախագծի՝ ակադեմիական քաղաքի ստեղծմամբ։

Ի տարբերություն ԳԱԱ-ի, թե՛ գրողների, թե՛ նկարիչների միության դռները բաց էին, եւ ոչ մի արգելք ու խոչընդոտ չեղավ երթի մասնակիցների համար՝ շենքեր մուտք գործելու։ Այս առումով Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը մեզ հետ զրույցում նկատեց․ «Ինչպես միշտ, այնպես էլ այսօր Հայաստանի նկարիչների միության դռները բաց են բոլորի առջեւ»։

Քանի որ միության նախագահի եւ սրբազանի հանդիպումը տեղի ունեցավ առանց տեսախցիկների ու լրագրողների ներկայության, հանդիպումից հետո Ս․ Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե ինչի շուրջ է ծավալվել զրույցը։ «Զրուցել ենք ցուցահանդեսներից ու առկա վիճակից»։ Ինչ վերաբերում է միության շենքի հարցին. «Նա արդեն տեղեկացված էր, 2 բառով պարզապես ներկայացրել ենք առկա իրավիճակը, քաղաքականության մասին, ընդհանրապես չի եղել խոսակցություն, կարճ զրուցել ենք ու հրաժեշտ տվել»։

Այդուհանդերձ, ի՞նչ է մտածում Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասին, որին այս օրերին շատերն են իրենց աջակցությունը հայտնել։ Նկարիչների միության նախագահը հղում արեց միության կանոնադրությանը, որտեղ ամրագրված է, որ Նկարիչների միությունն ապաքաղաքական կազմակերպություն է, իսկ միության անդամներն ազատ են իրենց քաղաքական դիրքորոշումներում․ «Այսինքն՝ ով ցանկանում է, այս շարժմանն է սատարում, ով ցանկանում է, մյուս շարժումներին է սատար կանգնում։ Մենք չենք կարող եւ չենք էլ ուզում ոչ մեկի ազատ կամքին բռնանալ»։
Խնդրեցինք իր կարծիքը հայտնել շարժման ու դրա նպատակների մասին, բայց այստեղ էլ Սաֆարյանը նկատեց, որ իր խոսքը ցանկացած դեպքում ընկալվելու է՝ ի պաշտոնե, որպես Նկարիչների միության նախագահի դիրքորոշում, ուստի «իմ դիրքորոշումը կպահեմ ինձ»։

Հաջորդ կանգառը Հայաստանի գրողների միությունում էր։ Այստեղ շենքի բակում սրբազանին ու երթի մասնակիցներին դիմավորեցին շուրջ երկու տասնյակ գրողներ՝ շարժվելով դեպի քննարկումների կլոր սրահ։ Այս անգամ հանդիպումն անցավ լրագրողների ներկայությամբ, հավանաբար, պայմանավորված այն հանգամանքով, որ թե՛ ՀԳՄ նախագահի, թե՛ ներկա բոլոր գրողների քաղաքացիական դիրքորոշումն էլ պարզ էր։ Այսպես, օրինակ, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե իրենք անվերապահ աջակցո՞ւմ են այս պայքարին, պատասխանեց․ «Բոլորիս նպատակը պետականության ամրացումն է, եւ այդ առումով երեւի թե Ալիեւը մեզ հուշում է, թե ինչ անենք, նա այնտեղից, վերջինը՝ Շուշիից հրահրեց, նաեւ վիրավորեց մեր պատիվը, արժանապատվությունը։ Սրբազանն օրակարգային հարց համարեց համերաշխությունը, համերաշխություն մեր բոլորի միջեւ։ Այո, երբ իշխանություն-արվեստ, եկեղեցի-իշխանություն կամ արվեստ-եկեղեցի հարաբերությունները խոտորվում են, մեր ամբողջ ժողովուրդն է խոտորվում։ Այնպես որ, մենք՝ արվեստի մարդիկ, հորդորում ենք՝ միասնական լինել, միասնականությունն այն երդումն է, որը Չարենցն է պատվիրել մեզ, ուժ, միասնականություն, ոգու ամրություն։ Ամեն մեկս պայքարենք մեր պետականության համար։ Մենք ուզում ենք, որ շատ առարկայական ճշգրտվեն շարժման օրակարգերը։ Օրինակ՝ օրակարգերի մեջ սրբազանի հաշտության այդ ոգին, բայց ճիշտ հասկանանք՝ ո՞րն է հաշտությունը բոլորիս միջեւ։ Առանց ծեծուջարդի, առանց արյան կարողանանք քաղաքական եզրակացության գալ»։ 
Հետո արդեն իր խոսքում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշեց պետության առջեւ ծառացած խնդիրների մասին, որոնց պետք է ազգովի դիմագրավենք․ «Ամբողջ պետության կառուցվածքի կարգավիճակը դրվել է մի քանի գյուղացու պատասխանատվության տակ, ասելով, որ մնացածները գործ չունեն, սա Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսի խնդիրն է։ Բայց, ըստ էության, սա ամբողջ պետության վերաձեւման խնդիրն է, եւ դա չի վերջանում այսքանով, շարունակվելու է մինչեւ Սյունիք, Վարդենիս, Վայոց Ձոր, եւ մենք գիտենք մեր թշնամու ախորժակն ու գիտենք, թե իշխանությունն ինչպես է դրան վերաբերվում»։

Գիտությունների ազգային ակադեմիայի գլխավոր մուտքի դռները, ի տարբերություն ստեղծագործական միությունների, փակ էին Բագրատ սրբազանի ու երթի մասնակիցների առջեւ։ ԳԱԱ անվտանգության աշխատակիցն ասել էր, որ սա հատուկ պահպանվող տարածք է, եւ եթե ղեկավարությունը թույլտվություն տա, ներս կթողնեն, ինչին Բագրատ սրբազանը որոշել էր չառարկել եւ չփորձել թույլտվություն ստանալ։ Դրա փոխարեն սրբազանը գնաց Պատմության ինստիտուտ, որտեղ նրան ծափողջույններով դիմավորեցին թե՛ ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, թե՛ աշխատակիցները։

Մենք փորձեցինք կապ հաստատել ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի հետ՝ հասկանալու, թե որն է պատճառը, որ մուտքի դռները, որոնք միշտ բաց են եղել, երեկ փակ էին, բայց նա մեր զանգերին այդպես էլ չպատասխանեց։ Կապ հաստատեցինք ԳԱԱ նախկին նախագահ, ակադեմիայի նախագահության անդամ, նաեւ ներկայիս նախագահի գլխավոր խորհրդական Ռադիկ Մարտիրոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ չնայած շենքում է եղել, իր աշխատասենյակում, բայց տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվել շենքից դուրս․ «Հետո իմացա, որ եկել են, բայց, կարծեմ, դռները բաց են եղել, մտել են ներս, հանդիպել են․․․» (նկատենք, որ միայն վերջում Բագրատ սրբազանը միայնակ կարճ ժամանակով մտավ շենք եւ դուրս եկավ՝ չմանրամասնելով, թե ում է հանդիպել եւ ինչ է խոսել): Այդուհանդերձ, ինչո՞ւ են ակադեմիայի դռները փակ եղել՝ հրահա՞նգ է իջեցվել։ «Ես բոլորովին տեղյակ չեմ այդ ինֆորմացիայից եւ ոչինչ ասել չեմ կարող, որովհետեւ իմ աշխատասենյակում եմ եղել»։

Նախօրեին Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում մի քանի կետով ներկայացրեց համազգային շարժման հետագա քայլերը՝ նշելով, որ պետք է կասեցվի մի շարք վիճահարույց եւ անհեթեթ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ «Ակադեմիական քաղաք» ծրագիրն ամբողջությամբ, ինչը ողջունեց Ռադիկ Մարտիրոսյանը․ «Ես նրա ելույթի մանրամասները չեմ լսել, բայց եթե նա մերժել է ակադեմիական քաղաքի ծրագիրը, ես ողջունում եմ դա, որովհետեւ դա միայն գաղափար է, իսկ ինչպես են այն իրականացնելու, այն էլ մինչեւ 2030-ը, դա ուտոպիա է, եւ կարծում եմ՝ իմաստ չունի»։

Ինչ վերաբերում է շարժմանը, որը սկիզբ առավ Տավուշից ու մայիսի 9-ին հասավ Երեւան՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Ռադիկ Մարտիրոսյանը դրական է վերաբերվում․ «Ընդհանուր առմամբ՝ դրական, մեր ժողովրդի կյանքում փոփոխություններ շատ են եղել, եւ այսօր էլ այդ փոփոխությունները բերել հանգեցրել են այդ շարժմանը»։ Այսինքն՝ աջակցո՞ւմ է շարժմանը։ «Դե հա, իմ առողջական վիճակը թույլ չի տալիս՝ ես չեմ մասնակցում, բայց տեսնում եմ, լսում եմ․․․»։ Իսկ կիսո՞ւմ է շարժման՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։ «Եթե հիշում եք, ժամանակին՝ իմ նախագահ եղած ժամանակ, մենք արել ենք մեր հայտարարությունը՝ կառավարության հրաժարականի մասին, եթե մենք դա պահանջել ենք ժամանակին, նշանակում է դա պետք է շարունակվի…»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image