««ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօրվանից պաշտոնապես լուծարված է։ Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությունը ղարաբաղաադրբեջանական կոնֆլիկտից վերջապես դուրս բերելու կարևոր քայլի համար։ Հայաստանի բոլոր 4 ղեկավարները փորձել են նույն բանը, բայց չեն կարողացել իրականացնել։ Վերջապես ստացվեց լուծել կոնֆլիկտում Հայաստանի՝ «կողմ» չհամարվելու խնդիրը։ Դրա համար անհրաժեշտ էր փակել «Ղարաբաղի խնդիրը կողմերի միջև կարգավորելու» համար ստեղծված Մինսկի խումբը, որտեղ աշխարհում բոլորը, բացի Հայաստանի ժողովրդից, «կողմեր» ասելով հասկանում էին Հայաստանին և Ադրբեջանին»։
Այս ծավալուն մեջբերումը հայաստանյան քաղաքագետներից մեկի ֆեյսբուքյան գրառումներից է, ինչը տարածել է «Կառավարությունը ես եմ» ինքնահռչակ անձի ընտանեկան լրատվականը: Իսկ հիմա պատկերացրեք, որ նման բան է գրվում ադրբեջանական որևէ քաղաքագետի ֆեյսբուքյան էջում, ու այն արժանանում է նույն ճակատագրին, ինչ հայաստանյանինը:
Չեք կարող, չէ՞, նման բան պատկերացնել: Նույնիսկ ոչ միայն հիմա, այլև 10, 20, 30 տարի առաջ. այն ժամանակ, երբ պարտված երկիր էր հենց Ադրբեջանը: Իհարկե, չեք կարող, քանի որ, նախ, այդ գրառման հեղինակը բանտարկված կլիներ անմիջապես: Իսկ ալիևյան ընտանիքի լրատվական կայքի խմբագիրն էլ խելքը հացի հետ չէր կերել, որ նման նյութ տեղադրեր իր կայքում: Իսկ Հայաստանում, ինչպես տեսնում ենք, դա տեղի է ունեցել:
Ու հենց դա է պատճառը, որ եթե Հայաստանը 10 անգամ էլ հաղթանակեր ղարաբաղյան պատերազմներում, միևնույն է, մի օր գալու էր նիկոլանման մեկն ու տասնմեկերորդ պատերազմում վարի էր տալու այն ամենը, ինչ ձեռք էր բերվել իր նախորդների օրոք: Որովհետև թե՛ նիկոլանման մեկի և թե՛ վերը մեջբերված տողերի հեղինակի համար (անունը չեմ նշում նրան լրացուցիչ չգովազդելու համար) Ղարաբաղ հասկացությունը դուրս էր հայաստանյան ընկալման սահմաններից: Իսկ եթե դուրս էր, ապա նաև օտար էր, իսկ եթե օտար էր, ապա ինչու պետք է մարդու սիրտը ցավեր դրա կորստի համար:
Իսկ եթե հայաստանյան մտածողության մեջ գերակշռեր հայրենասիրությունը և այն միտքը, որ Ղարաբաղը (կամ Արցախը) օտար մարմին չէ, ապա որքան էլ շարունակվեին ղարաբաղյան պատերազմները, Հայաստանը միշտ լինելու էր հաղթանակող կողմ: Որովհետև դա էր, նախ, պահանջում պատմական արդարությունը:
Որովհետև դա էր պահանջում հայի՝ սեփական հայրենիքում ապրելու իրավունքը: Որովհետև, ի վերջո, չէր կարող հայոց պետությունում հայտնվել այնպիսի իշխանություն, որը դեմ կգնար վերը նշված ու չնշված այլ գործոններին: Ու չէր հայտնվի այնպիս քաղաքագետ, ով հակադրություն կտեսներ ղարաբաղյան և հայկական կողմերի միջև:
Բայց նման մտածողության առկայության դեպքում հնարավոր չէր խուսափել զավեշտի պահից: Գրառման շարունակության մեջ ինչ-որ համատեքստում, ինչը տվյալ դեպքում էական չէ, խոսվում է արցախահայության ինչ-ինչ նպատակի իրագործման ենթադրյալ հավանականության մասին:
Բայց այստեղ նույնիսկ դա չէ կարևորը, այլ նյութում օգտագործված մեկ եզրույթը՝ «արցախահայությունը»: Փաստորեն, հեղինակն ընդունում է, որ Արցախում ապրել են հայերը և ոչ թե ազգությամբ ղարաբաղցիները: Ինչպես օրինակ, հարևան Ադրբեջանում ապրում են ադրբեջանցիները, ովքեր որպես ազգ ձևավորվել են վերջին հարյուրամյակում կամ դեռևս ձևավորման փուլում են գտնվում:
Ու մարդ ուղղակի մնում է զարմացած՝ եթե «արցախահայությունն», այնուամենայնիվ, հայություն է, ապա ինչո՞ւ չպետք է Հայաստանը տեր դառնար Արցախին: Եվ ինչո՞վ էր խանգարում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն այդ առումով: Կամ ո՞րն է Արցախը հանձնումից և այդ խմբի լուծարումից Հայաստանի շահը. ՀՀ օկուպացված տարածքների վերադարձը, Բաքվի բանտում պահվող պատանդների վերադարձը, Սյունիքի առումով ՀՀ ինքնիշխանության պահպանումը… Թե՞ դա ևս ընդամենը Բաքվի պահանջի կատարումն է: Իսկ եթե այդպես է, ապա ո՞րն է շնորհավորելու իմաստը:
Ի դեպ, կարելի է ասել, որ Հայաստանի գործող իշխանությունը կատարել է Բաքվից հնչող պահանջը, և վերը նշված քաղաքագետն էլ ընդամենը հիմնավորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունը: Ուղղակի հարցն այն է, որ գործող իշխանությունը կարող է նաև, ինչպես ցույց տվեց կյանքը, լինել թուրք-ադրբեջանական զույգի գործակալի դերում: Իսկ քաղաքագետն էլ պարտավոր չէ հիմնավորումներ գտնել ու արդարացնել թշնամական բնույթի օտարի գործակալական ցանցի աշխատանքը: Չմոռանանք, որ Մինսկի խմբի լուծարումն էլ պետք է տեղի ունենար հենց Արցախի անկախության հռչակման տարեդարձի օրվա շեմին:
ՀԳ. Ի դեպ, թե որքանով է ճշմարիտ այն միտքը, թե «ՀՀ բոլոր 4 ղեկավարներն էլ փորձել են ՀՀ-ն դուրս բերել ղարաբաղաադրբեջանական կոնֆլիկտից», թողնում եմ ՀՀ երեք ղեկավարներին: Բայց որ Արցախը պետք է միավորվեր մայր երկրի հետ կամ գոնե ճանաչվեր ՀՀ-ի կողմից՝ այդ հարցի առումով կյանքը տվեց միանշանակ պատասխան. նախկինների կողմից պատերազմից խուսափելու մտադրությունը վերջնարդյունքում հանգեցրեց խայտառակ պարտության: