Ապրիլի 12-ին «Արդար Հայաստան» (Նորայր Նորիկյան), «Ինքնիշխան Հայաստան» (Դավիթ Սանասարյան), «Հանրապետություն» (Արամ Սարգսյան), «Հանուն Հանրապետության» (Արման Բաբաջանյան), Միավորված Աշխատանքային (Գուրգեն Արսենյան) կուսակցությունները հանդես եկան հայտարարությամբ, որով կոչ էին նախագահ Արմեն Սարգսյանին ստորագրել է ապրիլի 1-ին Ազգային ժողովի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։
Փոփոխություններով նախատեսվում է վերացնել «ռեյտինգային» ընտրակարգը և հնարավոր արտահերթ ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով:
Հիշյալ կուսակցությունների ներկայացուցիչներից 4-ն այսօր հանդիպել էին Արմեն Սարգսյանի հետ։ «Նախագահի հետ հանդիպմանը կուսակցությունների ղեկավարները ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրենց մոտեցումներն ու դիրքորոշումները», - նշվում է նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշենք, որ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն բավականին բացահայտ պաշտպանում է իմքայլականներին և իրենց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Համատեղ հանդիպմանը չէր մասնակցել ՀՀԿ ղեկավար, պատգամավոր Արման Բաբաջանյանը, ով իր կողմնակիցների հետ հավաք էր անում Բարձրագույն դատական խորհրդի շենքի առջև։
«Հրապարակի» հետ զրույցում Բաբաջանյանն ասաց, որ ինքն էլ է հրավիրված եղել և առանձին է հանդիպելու Սարգսյանի հետ։ «Հույս ունեմ, որ նախագահը կստորագրի այդ փոփոխությունը՝ ռեյտինգային ընտրակարգը վերացնելու վեարբերյալ։ Եվ մեզ կհաջողվի այդ փոփոխություններով գնալ ընտրությունների։ Այս պահին բանակցությունների մեջ ենք, որպեսզի կարողանանք մեծ դաշինքով ժողովրդավարական ուժերի համախումբ մասնակցություն ապահովել։ Այն ուժերով, որոնք որ եղել են հեղափոխության կողքին, հավատացել են մեր երկրում հեղափոխական այն փոփոխությունների տրամաբանությանը, խոստումներին, որոնք հեղափոխության պատճառ են դարձել», - նշեց նա։
Վերոնշյալ կուսակցությունների հետ դաշինք կազմելու հնարավորության վերաբերյալ Բաբաջանյանն ասաց, որ բանակցությունների մեջ են տարբեր անհատների, տարբեր քաղաքական ուժերի հետ։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ իր ղեկավարած կուսակցությունը միանա իշխանություններին, թե՞ բացառում է դա, պատասխանեց, որ չի կարծում։ «Չեմ կարծում, որ կմիանանք իշխանություններին։ Ես անձնապես չեմ տեսնում այդպիսի հավանականություն»։
Հարցին, թե ինչպես է գնահատում «Հանուն Հանրապետության» կուսակցության հնարավորությունները, պատասխանեց․ «Հիմա մասնագետների հետ ուսումնասիրում ենք մեր հնարավորությունները։ Հանձնարարել ենք, որպեսզի մասնագիտական խմբերը սոցիոլոգիական հարցումներ անցկացնեն, մեր քաղաքական ուժի նկատմամբ վերաբերմունքը պարզեն։ Մենք նոր ենք ստեղծվել՝ պատերազմից ընդամենը մեկ շաբաթ առաջ։ Եվ գրեթե չենք հասցրել ակտիվ քաղաքական գործունեություն իրականացնել։ Եվ դա է պատճառը, որ մեզ համար դժվար է հասկանալ, թե ինչ վարկանիշ ունի մեր կուսակցությունը երկրում»։
- Հիմնականում իշխանությունների պաշտպանությամբ եք հանդես գալիս, բայց ընտրություններից հետո կարող է իրողություն փոխվել։ Ի՞նչ է լինելու։
- Ես Արդարադատության նախարարի հրաժարական էին պահանջում, եթե Դուք դա համարում եք իշխանության պաշտպանություն, կներեք։ Ես կարծում եմ, որ ժողովրդին տրված խոստումները պիտի իրագործվեն։ Հանձն եք առել [իշխանություններին է դիմում], որ դատաիրավական բարեփոխումներ պետք է իրականացնեք։ Ես կանգնել եմ ձեր կողքին, ասել եմ, որ ոչ մի բանով կաշկանդված չեմ ձեզ աջակցելու, բայց եթե այդ խոստումը չեք իրականացնում, ես գնալու եմ ձեր դեմ մինչև վերջ։