Հասարակություն

«Հրապարակ» օրաթերթը երկու գործով հաղթանակ է գրանցել դատարանում

«Հրապարակ» օրաթերթը երկու գործով հաղթանակ է գրանցել դատարանում

Հեղափոխությունից հետո մենք դատական հայցերի տարափի տակ հայտնվեցինք՝ հեղափոխական իշխանությունները եւ նրանց սատելիտները մեկ տարում մեկ տասնյակից ավելի հայցադիմումներ բերեցին դատարան՝ ընդդեմ «Հրապարակի»։ Դրանց մեծ մասը կասկածելի, անհիմն, ենթադրությունների վրա հիմնված հայցեր էին, որտեղ վիճարկում էին այնպիսի հոդվածներ, որտեղ ո՛չ զրպարտություն կար, ո՛չ վիրավորանք։ Բայց նպատակն ավելի շատ մեր աչքը վախեցնելն էր, մեզ զսպաշապիկ հագցնելը, որ յուրաքանչյուր բառը գրելիս հարյուր անգամ մտածեինք ու ձեռնպահ մնայինք նոր իշխանություններին ու նրանց արբանյակներին քննադատելուց։ Հաշվարկն այն է, որ ոչ մի լրատվամիջոցի հաճելի չէ հայտնվել դատարանում, փաստաբան վարձել, օրեր ու ամիսներ կորցնել դատական հոգեմաշ գործընթացում, իսկ վերջում դատարանի վճռով տուգանվել։ Մանավանդ՝ լրատվամիջոցներն այնքան հարուստ չեն, որ այդ գումարները վճարեն, եւ դա չանդրադառնա նրանց ֆինանսական վիճակի վրա։ Հիշեցնենք, որ դատարան դիմողների ախորժակն էլ բավականին մեծ է՝ մեկ միլիոն դրամից պակաս չեն գնահատում իրենց բարոյական վնասը։

Բայց մենք նահանջելու, քննադատությունը նվազեցնելու ճանապարհով չգնացինք, այլ որոշեցինք պաշտպանել ազատ խոսքի մեր իրավունքը։ Բարեբախտաբար, կան նաեւ փաստաբաններ, որոնք գիտակցում են ազատ մամուլի արժեքը եւ հիմնականում անշահախնդրորեն առաջարկում են իրենց ծառայությունները։ Ու սկսվեցին երկարուձիգ դատական պրոցեսներ, որոնք, ըստ էության, ոչինչ չեն տալիս ո՛չ հայցվորին, ո՛չ պատասխանողին, ո՛չ էլ հանրությանը։ Հայցվորին՝ որովհետեւ այդ պրոցեսներն ի վերջո ավարտվում են մեր հաղթանակով, եւ մենք կարողանում ենք ապացուցել, որ միտումնավոր զրպարտության կամ վիրավորանքի տարրեր մեր հրապարակումները չեն պարունակում։ Պատասխանողին՝ որովհետեւ, միեւնույնն է՝ մենք չենք հրաժարվում մեր ազատություններից ու «դասեր» չենք քաղում։ Բայց մեզնից ժամանակ, էներգիա եւ նյարդեր, այնուամենայնիվ, այդ գործընթացը խլում է։

Այժմ մեր ընթերցողին ավետենք բարի լուրը․ 2 գործով մենք կարողացել ենք ապացուցել մեր ճշմարտացիությունը։ Մեկը ոմն Աշոտ Մկրտչի Գեւորգյանի հայցն է, որը 2019 թվականի հուլիսի 11-ին հրապարակված մեր լուրում իր հասցեին զրպարտություն էր տեսել։ Ահա այդ լուրը․ «Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման լուրերին զուգահեռ, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող համայնքի ներկայացուցիչները թիրախավորել են ԱԺ «ավանդական» պատգամավորներին: ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանն օրերս կոնվենցիան քննադատած «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին կոչ է արել հրաժարվել մանդատից, իսկ երեկ «Gevorgyan Ashot» ֆեյսբուքյան օգտատերը, ով Լիլիթ Մարտիրոսյանի ՖԲ ընկերներից է, առաջարկել է «այրել», «մոռթել», «վտարել» ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին»: Հայցվորը համարել էր, որ լրատվամիջոցը որպես փաստ է ներկայացրել իր՝ ԼԳԲՏ համայնքին պատկանելը, իսկ նման «անձանց նկատմամբ առկա է խտրական, կարծրատիպային հասարակական կարծիք», եւ նշված հրապարակումով մենք «խախտել ենք Հայցվորի մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը, քանի որ երբեւէ Հայցվորի կողմից հայտարարություն չի արվել իր սեռական կողմնորոշման մասին, ինչպիսին էլ որ այն լիներ»: Դատարանը եզրակացրել է, որ «Հրապարակումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը եւ կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ որեւիցե կոնկրետ անձի հասցվել է վնաս», եւ եզրահանգել է, որ «բացակայում է արարքը զրպարտություն որակելու համար անհրաժեշտ վավերապայմանը, հետեւաբար՝ հայցապահանջներն անհիմն են եւ ենթակա են մերժման»:

Երկրորդ գործը, որով մենք հաղթանակ ենք գրանցել, ավելի կարեւոր նշանակություն ունի մեզ համար։ Այս գործով հայցվորն իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկն է՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը մեզ հետ դատական վեճի մեջ է 14.03.2019թ․ «Ով է իրականում Անդրանիկ Քոչարյանը» հոդվածի համար, որտեղ հիշել են Քոչարյանի՝ Գյումրիում աշխատելու տարիները, եւ որի հեղինակը գյումրեցի լրագրող Հասմիկ Մելքոնյանն է։ Դատարանը գտել է, որ «Հրապարակ» օրաթերթն այս պարագայում «հղում է կատարել տեղեկատվության աղբյուրին՝ հեղինակին՝ Հասմիկ Մելքոնյանին, որպիսի հանգամանքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ մասի իմաստով հանդիսանում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից ազատելու հիմք», ուստի «Հրապարակ օրաթերթ ՍՊ ընկերության դեմ ներկայացված հայցն անհիմն է եւ ենթակա մերժման, որպիսի պարագայում այլեւս առարկայազուրկ է հրապարակված հոդվածում տեղ գտած արտահայտությունների վիրավորական եւ զրպարտչական բնույթի եւ ապացուցման առարկայի մեջ ներառված մյուս փաստերի գնահատումը»:

Այսինքն, օրենսդիր մարմնի գլխավոր հանձնաժողովներից մեկի նախագահը՝ իր փաստաբանի հետ, մեկ տարուց ավելի դատական վեճի մեջ է ներքաշել մեզ միանգամայն անհիմն, անգամ չճշտելով օրենքի տարրական սկզբունքները՝ որ այլ անձի հոդվածի համար լրատվամիջոցը պատասխանատվություն չի կարող կրել։ Ավելին, դատարանն ուղղակի ապտակ է հասցրել այս անձանց գրագիտությանն ու ադեկվատությանը․ «Դատարանը, անդրադառնալով հայցվորի ներկայացուցչի այն փաստարկին, որ ինքը դիմել է պատասխանող ընկերությանը (այսինքն՝ «Հրապարակի» խմբագրություն)՝ Հասմիկ Մելքոնյանի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով, սակայն իրեն գրավոր չեն պատասխանել, իսկ բանավոր՝ մերժել են, ինչը ենթադրում է, որ լրատվական գործունեություն իրականացնող պատասխանող ընկերությունն օգտվել է տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, ուստի եւ պատասխանատվություն կրում է հենց վերջինս, արձանագրում է, որ պատասխանող ընկերությունը տեղեկատվության աղբյուրը բացահայտել եւ դրան հղում է կատարել տեղեկատվության տարածման հետ միաժամանակ, ինչն անհիմն է դարձնում հայցվորի ներկայացուցչի հիշյալ պնդումը»:

Այս մարդիկ, փաստորեն, չգիտեն՝ ինչ ասել է տեղեկատվության աղբյուրի գաղտնիություն։ Եթե հոդվածի տակ նշված է հեղինակի անունը, եւ նա իրական անձ է, այլեւս ի՞նչ աղբյուր չբացահայտելու մասին է խոսքը։ Վճռի եզրափակիչ մասում դատարանը գրել է․ «Անդրանիկ Գրիգորի Քոչարյանի հայցն ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, երրորդ անձ՝ Հասմիկ Մելքոնյան՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելուն, զրպարտություն պարունակող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու, վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջների մասին, մերժել»:

Արձանագրենք, որ մոտ մեկ տարի տեւած այս հայցերն ավարտվեցին մեր հաղթանակով, ինչը գալիս է նաեւ ապացուցելու, որ մեր դատական համակարգում կան գրագետ, ճնշումների չենթարկվող, օրենքի տառը պահպանող դատավորներ։ Հրապարակում ենք նրանց անունները, որոնց, ի դեպ, անգամ դեմքով չենք ճանաչում․ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Աննա Փիլոսյան եւ Գրիգորի Վարդանյան։

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image