«Հրապարակի» զրուցակիցը լրագրող, գրող Հովհաննես Կարապետյանն է։
- Ձեզ համար սպասելի՞ էին նման ընտրությունները: Ի՞նչ ակնկալիքներ ունեինք, ի՞նչ ստացանք: Մեր ընդդիմությունը, ժողովուրդն ի՞նչ անելիքներ ունի այս իրավիճակում:
- Ընտրություններն ավարտվեցին, իսկ մեր կյանքի անհանգիստ ռիթմը մնաց նույնը: Ակնկալում էինք անփոթորիկ ծով, բայց խորտակվելու վտանգը կախված է մեր գլխին: Վիճակից ելք գտնելու որոնումները շարունակվում են: Շարունակվում է արդարության հասնելու ուղու որոնման ընթացքը: Բնական հարց է ծագում՝ ինչո՞ւ այսպես ստացվեց:
- Ինչպե՞ս ստացվեց, որ ընտրակեղծիքների մասին իրավացիորեն շրջանառվող խոսակցությունները մոռացվելու փոխարեն այսօր նորովի մատուցվեցին հասարակությանը:
- Իշխանության 700 հազար «նվիրյալների» համար թույլ տրված կեղծիքների արդյունքն ընդունվեց որպես տոն: Որպես հաղթանակ՝ չգիտես ում նկատմամբ: Արցախի կորուստը, հազարավոր նահատակների արյունը, հաշմանդամների, հանիրավի գերեվարվածների կյանքը, ազգային արժանապատվության նսեմացումը, հրաժարումը մեր խորհրդանիշներից փոխարինվեցին ասֆալտով (կարելի է ենթադրել, թե ուրիշ երկրներում ասֆալտ չի արվում), թոշակների հարկադրական, երեւութական բարձրացումով: Իշխանության «նվիրյալն» այդպես էլ «չլսեց» ու «չտեսավ», որ, ասենք, երիտասարդ սերնդի կրթությունն ու դաստիարակությունը կառավարող անձի համար հայրենասիրությունը... փուչիկ է (ընդ որում՝ վտանգավոր փուչիկ. չլինի թե երեխաները հրապուրվեն): Նույն ղեկավարի համար Նժդեհի գաղափարախոսությունը՝ ոչ ավել, ոչ պակաս, ֆաշիստական է, եւ նրանով պետք չէ թշնամուն գրգռել:
- Ինչպե՞ս ստացվեց, որ մեր կյանքի անհանգիստ ռիթմը դրական փոփոխություն չկրեց:
- Ընտրություններին մասնակից կուսակցությունների ստացած քվեների թվաբանությունն ինքնին հուշող է. միանիշ, երկնիշ, եռանիշ թվերը, իմի գալու փոխարեն, «մոգական» ուժով տեղաշարժվեցին, փոխեցին իրենց տեղերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ ըստ իշխանությունների նպատակահարմարության: Դա չվրիպեց անգամ եվրոպական դիտորդների աչքից: Այո, ընտրություններում թերացումների, սխալների չափաբաժինն այնքան մեծ է, որ իշխանությունների հաղթանակին շահագրգիռ եվրոպական դիտորդները չկարողացան աչք փակել ու չարձանագրել աղաղակող թերություններ: Թեեւ այդ արձանագրություններն առոչինչ են, քանի որ դիտորդներին գործուղած ղեկավարները չհապաղեցին շնորհավորանքի ուղերձներ հղել իշխանություններին: Ուղերձներ, որոնք նախորդեցին ընտրությունների արդյունքների ամփոփմանը: Եվրոպայի համար այդպես ցանկալի է, քանզի ժողովրդավարության բաստիոն հորջորջվող Հայաստանը դիտարկվում է որպես տարածք, որտեղ կարելի է այլազգիներից բեռնաթափել աշխարհամասի ժողովրդագրությանը սպառնացող ներկայիս ծանրաբեռնվածությունը:
- Ընտրություններն ավարտվեցին: Իսկ որո՞նք են լինելու իշխանության եւ ընդդիմության հետագա քայլերը:
- Նախ ասեմ, որ ընտրությունները բացահայտեցին մինչ այդ երկրի էլեկտորատի մասին եղած թերահավատության սնանկությունը: Քարոզարշավին ի հայտ եկան հին ու նոր դեմքեր՝ Նարեկ Կարապետյան («Ուժեղ Հայաստան»), Արման Թաթոյան («Միասնության թեւեր»), Էդմոն Մարուքյան («Լուսավոր Հայաստան»), Լեւոն Զուրաբյան (ՀԱԿ), ովքեր առանձնացան հասարակական կյանքը բարեփոխելու եւ առաջնորդելու հետաքրքիր եւ ուշագրավ օրակարգերով: Այսուհանդերձ, ընտրություններից հետո էլ գլխավորը՝ անվտանգության հարցը, այդպես էլ մնաց առկախված: Ինչո՞ւ: Ստիպված եմ կրկնել. իշխանության ավելի քան 700 հազար երկրպագուներին այդպես էլ հասու չեղավ եւ չհետաքրքրեց, թե ինչ շահերով են առաջնորդվում ԱՄՆ-ն, Եվրոպան եւ, իհարկե, Թուրքիան ու Ադրբեջանը: Ինչո՞ւ են շահագրգռված ներկայիս իշխանության վերարտադրությամբ: Երկրի անվտանգությունը կմնա վտանգված, չհոգնենք կրկնելուց, քանի դեռ ասֆալտն ու թոշակն ընտրողի համար կմնան գերակա շահ: Քանի դեռ Հայաստանի պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդ. Ասրյանը Գեղարքունիքում թշնամու ստորաբաժանումների դիրքերի տեղաշարժին եւ ամրաշինական աշխատանքներին վերաբերող հարցին ի պատասխան միտք կհայտնի, թե այդ մասին իրենք զգուշացրել, ահազանգել են: Հստակեցնելու նպատակով շտաբի պետին հարցնենք՝ ո՞ւմ են զգուշացրել ու ահազանգել: Թերեւս կարելի է ենթադրել՝ Սվիֆտի «Գուլիվերի ճանապարհորդությունը» գրքում Հուիհնհնմներ անվանյալ երկրի ղեկավարի՞ն: Միայն չմոռանանք, որ երկրի անվտանգության եւ մեր սահմանների պահպանության պատասխանատուն իր գլխավորած կառույցն է: Երկրի անվտանգությունը վտանգի տակ է, քանի դեռ Արեւմտյան Ադրբեջանի մասին խոսույթն առարկայական է եւ ոչ մտացածին: Քանի դեռ երկրի բնակչությանը լուրջ ասելիքի փոխարեն ընտրություններից հետո անգամ ընդդիմադիրների հանդեպ շարունակվում են բռնությունները, սպառնալիքները: Լրագրողների հետ վերջին ասուլիսում վարչապետի հնչեցրած հոխորտանքներն ընդդիմադիր առաջնորդների, իրավապահ համակարգի եւ հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների նկատմամբ ապացույցն է այն բանի, որ հասարակության մեջ համերաշխության մթնոլորտ ձեւավորելու ցանկությունն ու կամքը դեռեւս բացակայում են: Տարօրինակ մի զուգադիպությամբ՝ ասես վերադարձել ենք ստալինյան ժամանակներ: Դպրոցական երեխաներ էինք: Խաղի ժամանակ արտասովոր հագուկապով մեկին տեսնելիս շնչակտուր վազում էինք ընկերների մոտ.
- Լրտես եմ տեսել:
Երեխաներիս, բացառված չէր՝ նաեւ մեծահասակների համար երկրում վխտում էին լրտեսները: Նույնը՝ այսօր, ամեն քայլափոխի, ամեն խոսքի ետեւում Կրեմլն է, Կրեմլի գործակալները, կաշառատուներն ու կաշառակերները: Իսկ Եվրոպայում դրախտն է: Այս ամենը մեր այսօրվա կյանքն է, ու որեւէ ակնկալիք չկա, թե բացթողումներից, թերացումներից հետեւություններ կարվեն: Իմ կարծիքով, այնուամենայնիվ, չպետք է հուսահատվել ոչնչից: Պայքարը՝ քաղաքական, իրավական հարթություններում, թե փողոցում, պետք է շարունակել: Ասել է՝ արդարության հասնելու ընթացքը պիտի դառնա անկասելի: