Քաղաքականություն

Անդրեա Վիկտորինը հիացած է Հայաստանում իրականացվող բարեփոխումներով, այս անգամ էլ գովաբանել է գլխավոր դատախազին

Անդրեա Վիկտորինը հիացած է Հայաստանում իրականացվող բարեփոխումներով, այս անգամ էլ գովաբանել է գլխավոր դատախազին

Եվրոպական Միության պատվիրության ղեկավար տիկին Անդրեա Վիկտորինը շատ է սիրում հայ պաշտոնյաներին՝ նա Հայաստանում նշանակվելու պահից սկսած անընդհատ այցելում է բարձր պաշտոնյաներին, տարբեր հարցեր քննարկում նրանց հետ, ապա այդ հանդիպումներից մեր պաշտոնյաները հաղորդագրություններ են տարածում՝ հասարակությանը ցույց տալով, որ եւրոպական հանրությունը եւ Եւրոպայի ամենակարեւոր գրասենյակի ղեկավարն իրենց կողքին է, սատարում է իրենց, գովաբանում է իրենց: Ոչինչ, որ իրենք «երկու էշի գարի բաժանել չեն կարողանում» եւ ամեն օր անհեթեթ հայտարարություններ անելով՝ հայտնվում է սկանդալների կիզակետում, ոչինչ, որ ձախողել են պետական կառավարումը եւ բոլոր ոլորտներում ավեր ու անկառավարելի քաոս է տիրում, ոչինչ, որ քաղբանտակյալներ կան եւխաղաղ հավաքների մասնակիցներին քարշ են տալիս ոստիկանություններ, ոչինչ, որ մամուլի եւ դատարանների նկատմամբ տեռորի ռեժիմ է կիրառվում այս իշխանությունների կողմից։ Կարեւորն այն է, որ Անդրեա Վիկտորինը գոհ է իրենցից։ Նա իր բոլոր հանդիպումների ժամանակ փորձում է դրական նոտա բերել, գովաբանել իրեն հյուրընկալած պետական պաշտոնյային եւ այդ ոլորտում ձեռքբերումները, որոնք ՀՀ քաղաքացիները չեն նկատում, բայց Եւրոպական պատվիրակության ղեկավարը նկատում է։ 

Իսկ ի՞նչ թեմաներ են հետաքրքրում տիկին Վիկտորինին։ Նա խիստ հետաքրքրված է խտրականության (այսինքն՝ սեռական փոքրամասնությունների) եւ կանանց իրավահավասարության հարցերով, իսկ իր առաջին այցերից մեկն իրականացրել է Գորիսի Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն, որտեղ «տպավորվել է իրականացված ծրագրերի արդյունքներով»։ Դեսպանին նաեւ հետաքրքրում են փոքր-միջին բիզնեսի խնդիրները, գյուղատնտեսության ոլորտում առկա պրոբլեմները, կրթական համակարգը։ Նա սերտ կապի մեջ է Հակակոռուպցիոն կոմիտեի հետ եւ այս տարիներին ակտիվ դերակատարում է ունեցել Կոմիտեի ձեւավորման, ինչպես նաեւ ոստիկանության պարեկային ծառայության ստեղծման հարցերում։ Տիկին Վիկտորինը պարբերաբար արտահայտվում է ոչ թե մամուլի եւ խոսքի ազատության թեմաներով, այլ՝ ատելության խոսքի եւ հայհոյանքի։ Իսկ վիրավորանքի ու զպարտության քրեականացման մեջ ոչ մի խնդիր չի տեսնում, միայն նկատում է, որ այդ հոդվածը կարող է խնդիրներ առաջանա, եթե խտրականորեն կիրառվի։ Երեւի կարծում է, որ քրեական գործերի քանակը բավարար չէ՝ պետք է ավելի շատ գործեր հարուցել, որ իր սիրելի իշխանություններին այլեւս չհամարձակվեն հայհոյել։ 

ԵՄ պաշտոնյաներն իրենց հոգածության ներքո են վերցրել հատկապես մի խումբ իշխանությունների հետ սերտաճած ՀԿ-ների եւ Սորոսի գրասենյակը։ Նրանք քանիցս դատապարտել են «Բաց հասարակության հիմնադրամների» գրասենյակի դեմ իրականացվող ակցիաները։ Այնքան, մինչեւ որ մի խումբ երիտասարդներ նաեւ ԵՄ գրասենյակի մոտ ակցիա՝ սգո արարողություն արեցին․ «Դուք Կովկասում նոր բռնապետ եք աճեցնում» լոզունգի ներքո, իսկ ցուցարարներից մեկն ասել էր․ «Տիկին ԱՆդրեա Վիկտորինն այն անձն է, որ ԵՄ-ին պետք է փոխանցի ազդակներ երկրում տիրող վիճակի, ժողովրդավարության խախտումների մասին, բայց այս կինը դարձել է իշխանության սպասարկուն։ Տարիներ շարունակ նա լռում է՝ տեսնելով երկրում ժողովրդավարության ակնհայտ տապալումները։ Մենք ունենք քաղաքական դատավարությունների ենթարկվող ընկերներ, քաղբանտարկյալներ ու անվերջ կարելի է թվարկել խնդիրները…այս տիկնոջը նման քաղաքականությամբ մենք ուղարկելու ենք տուն»։ 

Այն, որ Եւրամիությունն ու տիկին Վիկտորինը սորոսական գործընթացների ջերմ ջատագովներից են, այլ ապացույցներ եւս կան։ Օրինակ՝ տիկին Անդրեա Վիկտորինը հանդիպել էր ԿԳՄՍ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանի հետ եւ <բարձր գնահատել փոխնախարար Ա.Անափիոսյանի ջանքերը կրթական բարեփոխումների կարևոր գործընթացում՝ վերջին տարիներին դրական տեղաշարժ արձանագրելով դրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի մեջ>: Դրանից ընդամենը երեք ամիս անց, բավականին մութ հանգամանքներում Անափիոսյանն ազատվեց փոխնախարարի պաշտոնից։ 

Տիկին Վիկտորինը նաեւ ողջունել է «արդարադատության ոլորտի բարեփոխումները>՝ հայտարարելով, որ «տեղի է ունեցել բավականին մեծ առաջընթաց»։ Իսկ դատական համակարգի վեթինգը, որն ակնհայտորեն անախ դատավորներից ազատվելու գործընթաց է, նրա սրտով է։ Նա ասել է․ «Վեթինգը, որը սկզբից արվեց Սահմանադրական դատարանում, պրոցես է, որը ժամանակ է պահանջում, բայց արվում է»: 

Իսկ նախօրեին տիկին դեսպանն այցելել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ կրկին մի արտառոց հայտարարություն է արել։ Դատախազության հաղորդագրության մեջ նշված է․

«Տիկին Վիկտորինին արժևորել է այն հանգամանքը, որ չնայած 2020թ. արցախյան պատերազմի, կորոնավիրուսային համավարակի հարուցած ծանր հետևանքներին և նոր մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է կենսագործել օրենքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավուքնների պաշտպանության ինստիտուտների ուժեղացմանն ուղղված բարեփոխումների փաթեթը՝ փոխանցելով ԵՄ-ի պատրաստակամությունը աջակցելու այդ գործընթացին: Նա ընդգծել է, որ բարեփոխումների ծրագրով դատախազության բաղադրիչը իրականացվում է հաջողությամբ»: 

Շատ հետաքրքիր կլիներ լսել, թե դատախազության աշխատանքի որ սեգմենտն է բարեփոխվել՝ ըստ ԵՄ դեսպանի, այդ ինչ բարեփոխումներ են իրականացվում հաջողությամբ եւ ինչ չափանիշներով է ԵՄ գրասենյակի ղեկավարը դրանք գնահատում։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image