ԱԺ քառօրյայի ավարտին, հապշտապ կերպով, կառավարությունը խորհրդարան՝ Պաշտպանության հանձնաժողով է ուղարկել «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների ու լրացումների նախագիծը, որով առաջարկում է լուծարել աշխարհազորը, փոխարենը ձեւավորել տեղական պաշտպանության ուժերով։
Ըստ նախագծի, տեղական պաշտպանության ուժերի ղեկավարումն իրականացնելու է տվյալ համայնքի վարչական տարածքի պաշտպանությունն ապահովող բանակային կորպուսի ղեկավարը, իսկ ուժերը զորամիավորման կազմում աջակցող ստորաբաժանում են լինելու եւ համալրվելու են պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված պահեստազորայիններով, որոնք տարիքով ավելի բարձր են եւ առաջնային կցագրված չեն պատերազմի ժամանակ զորամասի համալրվող հաստիքներին։ Այս խմբում են նաեւ առողջական խնդիրներով զինծառայությունից ազատվածները: Նրանց հետ կնքված պայմանագրերը չեն համարվելու զինվորական ծառայության անցնելու պայմանագրեր:
Աշխարհազորը, հիշեցնենք, ստեղծվել էր 44-օրյա պատերազմի վերջին օրերին: 2020թ․ հոկտեմբերի 28-ին ԱԺ-ն «Պաշտպանության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխությամբ ստեղծեց աշխարհազոր՝ որպես ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ-ի զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ, որի ղեկավարումն իրականացնելու էր ԳՇ պետը՝ աշխարհազորային շտաբի միջոցով, իսկ աշխարհազորային միավորման ղեկավարները պետք է լինեին մարզպետների եւ Երեւանի քաղաքապետի տեղակալները: Աշխարհազորը պետք է գործեր տարածքային սկզբունքով, բայց, ինչպես բնորոշ է այս իշխանությանը, ամեն ինչ մնաց թղթի վրա:
Ներկայում գործնականում ո՛չ Երեւանում, ո՛չ մարզերում աշխարհազորի համակարգումն իրականացնող փոխքաղաքապետ եւ փոխմարզպետներ չկան: Մարզերում նշանակված պատասխանատուները մի քանի ամիս պաշտոնավարեցին: 2020թ․ հոկտեմբերի 30-ին, Փաշինյանի հրամանագրով, Հայաստանի յոթ մարզերում նոր փոխմարզպետներ նշանակվեցին՝ բոլորը ռազմական գործիչներ կամ ազատամարտիկներ։ 2021թ․ փետրվարի 28-ի ԳՇ-ի հայտնի հայտարարությունից հետո, սակայն, երբ զինված ուժերը պահանջեցին Փաշինյանի հրաժարականը, ականատես եղանք այս պաշտոնյաների հրաժարականների շքերթին՝ ի սատարումն ԳՇ հայտարարության: 2021 թվականից ի վեր, թափուր մնացած հաստիքներն այդպես էլ չհամալրվեցին:
Այն ժամանակ հրաժարական տված փոխմարզպետների թվում էին Գեղարքունիքի փոխմարզպետ, ՀՀ նախկին զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը, Արմավիրի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը, Վայոց Ձորի փոխմարզպետ, գնդապետ Արայիկ Մուրադյանը։
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Հրապարակ»-ին ասում է՝ կառավարությունը, փաստացի, չի կատարել «Պաշտպանության մասին» օրենքի պահանջը, տապալել է աշխարհազորի ձեւավորումը ու հիմա նոր նախագծի հիմնավորման մեջ նշում է, թե աշխարհազորը չի կայացել, այն դեպքում, երբ պատասխանատուն հենց ինքն է: «Դրա պատասխանատուն հո առողջապահության նախարարությո՞ւնը չէ, կառավարությունը չի կատարել օրենքի պահանջը: Եթե օրենքը 3 տարի կառավարության համար չի գործել, քանի՞ կոպեկի արժեք ուներ այս օրենքը: Ինչո՞վ վստահ լինի քաղաքացին, որ կառավարությունը, որ 2021-24 թթ․ տապալել է աշխարհազորի համակարգը, հիմա տարածքային պաշտպանության համակարգ պետք է ներդնի»,- ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց Մանուկյանը:
Ի դեպ, կառավարությունը չի մշակել նաեւ տարածքային պաշտպանության հայեցակարգը, որի հիման վրա պետք է ներդնի նոր՝ տեղական պաշտպանության ուժերի համակարգը: Մեզ հասած տեղեկություններով, աշխարհազորի ձեւավորման ազդակն այն ժամանակ զինվորական շրջանակներից՝ ԳՇ-ից էր եկել, որը սվիններով էր ընդունել Փաշինյանի կառավարությունը:
«Երբ ուզում ես, որ մի համակարգ չաշխատի, անվերջ բարեփոխումներ արա: Եթե մի բան չի աշխատում ԳՇ մակարդակով, քիչ հավանական է, որ առանձին բանակային կորպուսների հրամանատարների հայեցողությանը թողնված լինելով աշխատի»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում նախատեսվող փոփոխությանն այսպես արձագանքեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ նկատելով, որ Վրաստանում եւ Ուկրաինայում էլ, ի դեպ, «տարածքային պաշտպանություն» անունը կրող ուժեր կան:
Ըստ փորձագետի, իշխանության այս ձեռնարկը եւս պետք է դիտարկել տարբեր համակարգերում իրականացվող քայլերի շարքում, այնպես, ինչպես, օրինակ, պետական ապարատն է խարխլվել բարեփոխումների անվան տակ, կամ՝ ինչպես ակադեմիական քաղաքի դեպքում կրթական ու գիտական համակարգն է շարքից դուրս բերվում:
Բանակում իրականացվող բարեփոխումները Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենաչարչրկված թեման են, երբ խոստումները շատ են, բայց արդյունքը, մեղմ ասած, տեսանելի չէ: Այս տարվա նոյեմբերի 12-ին էլ ՊՆ-ն հրապարակեց զինված ուժերի բարեփոխումների գործընթացը նկարագրող առաջին պաշտոնական փաստաթուղթը՝ բանակի կերպափոխման հայեցակարգը, որտեղ մասնագետը լուրջ խնդիրներ է տեսնում, օրինակ՝ այն, որ որոշ՝ ոչ մարտական ու մարտական գործառույթներ փոխանցվում են մասնավորին, չի հստակեցվում, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը:
«Օրինակ, վառելիքի պահեստավորումը կարող են տալ մասնավորին, պատկերացնում եք, չէ՞, թե ինչ չալաղաջ կտոր է»,-նկատում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ մասնավորեցումը երբ մտնում է բանակ, կտրուկ աճում են բանակի ծախսերը, այն, ինչը բանակն իր միջոցներով կաներ, ասենք, 100 դոլարով, բանակի վրա, որպես ծառայություն, կարող են վաճառել անգամներով թանկ:
Սա, ի դեպ, տարածված եւ քննադատվող մոդել է ամերիկյան եւ ՆԱՏՕ-ական զինված ուժերում, որոնց փաստաթղթերից բառացի թարգմանություններ կան բանակի կերպափոխման հայեցակարգում: