Գիտության պետական կոմիտեի հեղինակած Գիտնականների ատեստավորմանն առնչվող փաստաթուղթը մտահոգություններ է առաջացրել գիտնականների ու գիտական կազմակերպությունների մոտ։ Հիշեցնենք, որ կառավարությունը հավանություն է տվել գիտական կադրերի ատեստավորման կարգում փոփոխության նախագծին, համաձայն որի՝ 2026 թվականին գիտական համակարգում աշխատողների նոր ատեստավորման գործընթաց է նախատեսվում` նոր պահանջներով, որից ելնելով՝ կվերանայվեն նաեւ գիտական կազմակերպությունների ֆինանսավորման ծավալները: Այդ նոր պահանջների ու չափորոշիչների համաձայն, գիտնականները պետք է ունենան բացառապես «Սկոպյուս» եւ «Վեբ օֆ սայնս» միջազգային ամսագրերի հարթակներում տպագրված աշխատանքներ ու նոր ատեստավորվեն, ինչը շատ գիտնականներ համարում եմ մտահոգիչ, քանի որ հայոց լեզուն դրանով դուրս է մղվում գիտական պարբերականներից։
ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը համոզված է՝ յուրաքանչյուր երկիր պետք է պահպանի իր ինքնությունը, արժանապատվությունն ու գիտությունը զարգացնի իր պետական լեզվով։ «ՀՀ պետական լեզուն հայերենն է, ուրեմն ՀՀ-ում գիտությունը եւս պետք է դրսեւորվի, զարգանա հայերեն»,- ասում է նա ու ընդգծում, որ դա չի նշանակում, թե ինքը դեմ է արտերկրյա հրապարակումներին, ավելին՝ դա անհրաժեշտություն է։
«Սակայն պայման դնել գիտնականի առջեւ, որ գիտական այս կամ այն պաշտոնը զբաղեցնելու համար նա պարտավոր է հրապարակում ունենալ այլալեզու, օտար, դրսի պարբերականներում, դա ես համարում եմ կոպիտ սխալ։ Իհարկե, պետք է խրախուսել դրսում հրապարակումները եւ այդ հրապարակումը դարձնել ոչ թե պատժամիջոց՝ որակավորման գործընթացում մարդկանց պաշտոնից զրկելու, իջեցնելու կամ ազատելու համար, այլ պետք է խրախուսել մարդկանց, որպեսզի նրանք հրապարակումներով հանդես գան դրսում եւ ամենակարեւոր հարցերը ներկայացնեն միջազգային հանրությանը։ Դա շատ կարեւոր է ե՛ւ մեր գիտության զարգացման, ե՛ւ մեր ազգի համար՝ աշխարհին ներկայացնել մեր տեսակետներն ու ձեռքբերումները, բայց դա պետք է անել գեղեցիկ ձեւով՝ խրախուսելով գիտնականներին։ Մինչդեռ այս օրենքի նախագծով այդ պահանջը դառնում է պատժամիջոց, որը չունենալու դեպքում դու զրկվում ես այս-այս պաշտոններով աշխատելու հնարավորությունից, քո պաշտոնն իջեցնում են, քո աշխատավարձը կտրում են եւ այլն»,- նշում է զրուցակիցս։
Ինչ վերաբերում է հայագիտությանը, ապա․ «Հայագիտության թիրախը հայ ժողովուրդն է, մենք հետազոտություն ենք անում, մեր ձեռքբերումները ներկայացնում ենք հայ ժողովրդին, որպեսզի դրանով ամրապնդենք մեր ինքնությունը, մենք մեզ շատ ավելի լավ ճանաչենք, մեր դպրոցականները, ուսանողները ճանաչեն մեր հայրենիքը, մեր լեզուն, գիտությունն ու պատմությունը, անցյալը։ Հայագիտության ուսումնասիրության ամենակարեւոր ոլորտը բարբառագիտությունն է։ Կարող են մի քանի տեսական հարցեր դրսին հետաքրքրել, բայց մնացած խնդիրներն ու հայերենի բարբառներում առկա բազմազան իրողությունները, որոնք մենք ուզում ենք վեր հանել, ներկայացնել մեր ժողովրդին ու ասել՝ տեսեք, թե ինչքան հարուստ է մեր լեզուն, ինչքան կարող են բարբառները նպաստել գրական լեզվի զարգացմանը, այդ խնդիրները միջազգային առումով գլոբալ խնդիրներ չեն ու չեն հետաքրքրում դրսին, ուրեմն ինչ՝ չուսումնասիրե՞նք այդ խնդիրներն ու իրողությունները, այդ ոլորտներում աշխտանքներ չծավալե՞նք։ Այո, մենք դրսում պետք է ունենանք բավարար քանակով հրապարակումներ, որպեսզի մասնակցենք միջազգային գիտական անցուդարձին՝ մեր խոսքն ասենք ու մեր ձայնը լսելի դարձնենք։ Ու, այո, մենք պետք է ունենանք այլալեզու հրապարակումներ։ Դրսին պետք է ազդակներ գնան, եւ մենք շարունակ միջազգային ասպարեզում հանդես գանք։ Այդ պահանջը մի վտանգ ունի իր մեջ․ ցավոք սրտի, ինչ այդ պահանջը դրվեց, բոլորը սկսեցին մտածել անգլերեն հոդվածներ գրելու մասին։ Դա ինչի՞ կարող է հանգեցնել․ եթե քո գիտնականներն իրենց հոդվածները գրում են անգլերեն, նշանակո՞ւմ է արդյոք, որ հայ ուսանողը պետք է այնքան լավ անգլերեն իմանա, որ ինքն այդ հոդվածները կարդա անգլերեն, արդյոք դա չի՞ նշանակում, որ հայ ուսանողը պետք է առաջնահերթ համարի անգլերենի իմացությունը, որ կարողանա իր կրթության ընթացքում այդ գիտական նյութերին ծանոթանա անգլերեն։ Նշանակում է, որ այդ քայլով ոչ միայն հայերենը դուրս է մղվում գիտական ասպարեզից, գիտությունից, այլեւ աստիճանաբար դուրս է մղվելու կրթության համակարգից եւ այդպես աստիճանաբար իջնելու է ներքեւ, ու վերջում ստացվելու է մի իրողություն, երբ մենք տանը, շուկայում, կենցաղում խոսում ենք հայերեն, բայց արդեն՝ իբրեւ երկրորդական լեզու, իսկ գիտության, կրթական համակարգում առաջնայինը դառնում է անգլերենը։ Դա էլ նշանակում է, որ աստիճանաբար մնացած ոլորտներում եւս անգլերենը կդառնա առաջնահերթություն, առաջնային լեզու։ Սա մեծ վտանգ է պարունակում մեր պետական լեզվի հանդեպ, նաեւ այս որոշումը հակասում է մեր սահմանադրությանն ու լեզվի մասին օրենքին։ Մեր երկրում պետական լեզուն հայերենն է, ուրեմն գիտությունը, կրթությունը պետք է զարգանան հայերենով»։ Մեր զրուցակցի կարծիքով, հակասահմանադրական քայլ է՝ պահանջել, որ գիտնականը պաշտոն պետք է զբաղեցնի օտարալեզու հրապարակումներ ունենալով։
«ՄԳՇ-ում հոդվածներ ունենալու պահանջը կարող էր արդարացվել ինչ-որ չափով, եթե Հայաստանում լինեին ՄԳՇ-ում ընդգրկված հանդեսներ, եւ հայ գիտնականը հնարավորություն ունենար իր հոդվածները հրապարակել այդ կարգի հանդեսներում հայերեն, բայց եթե չկա այդ հնարավորությունը, նշանակում է՝ պահանջվում է գրել անգլերեն։ Սա հակասահմանադրական ու ոչ մի բանով չարդարացված պահանջ է։ Հետո՝ կան թեմաներ, որոնք ոչ միայն ազգային անվտանգության առումով, այլեւ ընդհանրապես իրենց բնույթով հետաքրքիր են միայն հայ ժողովրդին, բայց որոնք շատ կարեւոր են մեր ժողովրդի ինքնությունը հզորացնելու, ամրապնդելու, ուսումնասիրելու համար, ու դրանք մենք պարտավոր ենք ուսումնասիրել, եւ կան թեմաներ, որոնք հետաքրքիր չեն դրսին։ Եթե մենք պիտի անգլերեն գրենք ու դրսի համար, ստացվում է՝ մի հսկայական հատված դուրս է մնալու ուշադրության կենտրոնից։ Մենք պետք է միջազգային գիտաչափական շտեմարաններում ընդգրկված ամսագրերում ըստ արժանվույն ներկայացնենք մեր գիտությունը, բայց դրա համար պետք է ոչ թե պատժամիջոցներ կիրառել, այլ՝ խթանել, որովհետեւ երբ դու պատրաստում ես հոդված, պետք է նայես այդ ամսագրերի պահանջները, չափանիշները, լեզուն։ Սա հսկայական աշխատանք է, որն անելուց հետո հանկարծ պարզում ես, որ պետք է վճարես 3 հազար 700 կամ 2 հազար դոլար՝ հոդվածդ այդ ամսագրում հրապարակելու համար»,- ասում է ինստիտուտի տնօրենն ու բարձրաձայնում՝ մեր գիտնականները որտեղի՞ց պետք է կարողանան այդքան գումար վճարել։
«Նաեւ այս կարգի ֆինանսական խնդիրներ էլ կան, ու բավական չէ, որ դու ամիսներ շարունակ տառապանք ես կրում այդ հոդվածը պատրաստելու համար, մի հատ էլ պետք է մի քանի հազար դոլար վճարես այդ ամսագրին, որ քո հոդվածը տպագրեն։ Իհարկե, կան նաեւ անվճար ամսագրեր, բայց անվճարներում տարիներով հերթ է, ես 3 հոդված եմ ուղարկել այդպիսի ամսագրի, որոնք նոր 2027-ին լույս են տեսնելու, իսկ եթե գումար ես վճարում, արագ են տպում։ Հաճախ էլ նաեւ չեն ընդունում, ասում են՝ չի համապատասխանում մեր ուղղվածությանը։ Օրինակ՝ իմ հոդվածը, որ նվիրված է Շիրակի մարզի դարձվածքներին, ուղարկեցի բարբառագիտական մի հանդեսի, պատասխան ստացա, որ մենք հայ ընթերցողներ չունենք, իսկ մեր ընթերցողներին չեն հետաքրքրում այդ հոդվածում ներկայացված նյութերը։ Հիմա պահանջում են, որ 2026-ին գիտնականներն ունենան այսքան հոդվածներ, որտեղի՞ց այդքան ֆինանս ճարեն, կամ՝ ինչո՞ւ պիտի մարդը գումար տա իր հոդվածը հրապարակելու համար, այն դեպքում, որ ժամանակին գիտնականները հոնորար էին ստանում՝ հոդվածը տպագրելու համար։ Ինչ-որ բան արդար չէ, ճիշտ չէ, մենք չենք ստանում այնքան աշխատավարձ, որ դա մեզ համար չնչին բան լիներ։ Այո, վերջին տարիներին գիտնականների աշխատավարձերը բարձրացել են, բայց անգամ այդ պայմաններում մենք չենք կարող այդ աշխատավարձից մասհանում անել եւ ուղարկել ամսագրերին՝ տպագրության համար»։
Ըստ Կատվալյանի, կա այլ տարբերակ եւս․ «Ուրեմն, պետություն, բարի եղիր՝ գիտահետազոտական հիմնարկներին, բուհերին տրամադրել որոշակի ֆինանսներ՝ հոդվածների պատրաստման, հրապարակման համար, եւ որ գիտնականը բարեհաջող կերպով կունենա հրապարակումներ, նրան խրախուսեք կամ ծախսը հոգացեք։ Այս որոշումը մի քանի առումով լավ մտածված չէ․ նախ՝ լեզվի առումով, որը մեր պետության, ինքնիշխանության, լեզվի հիմքերին է հարվածում, եւ հետո՝ գիտնականների գրպանին ու նրանց սոցիալական խնդիրներին է հարվածում»։