Քաղաքականություն

Պակիստանը՝ Հայաստանին, Հնդկաստանը՝ Բաքվին

Պակիստանը՝ Հայաստանին, Հնդկաստանը՝ Բաքվին

Հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգը խոստանում է նոր գործոններով համալրվել: Երեկ տեղեկություն տարածվեց, որ Հնդկաստանն արգելափակել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն Ադրբեջանի միանալու հայտը, եւ Պակիստանն էլ` որպես պատասխան, արգելափակել է (ձեռնպահ) Հայաստանի՝ ՇՀԿ-ին միանալու հայտը:

Հայաստանի եւ Պակիստանի միջեւ, այսպես կոչված, առաջին «պատմական» բանակցություններից հետո, որը կայացավ օրերս, այս լուրը սկանդալային կարելի է համարել, մանավանդ որ Երեւանն ու Իսլամաբադը որոշել էին դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ անգամ հուշագիր էին ստորագրել: Մյուս կողմից, իհարկե, մեծ պատրանքներ չկային, թե Պակիստանն անվերապահորեն կաջակցի Հայաստանին միջազգային հարթակներում, այն դեպքում, երբ նույնիսկ չի ճանաչել Հայաստանին իբրեւ անկախ պետություն: Հատկանշական է, որ ՇՀԿ անդամ երկրներն ընդունում են միմյանց տարածքային ամբողջականությունը, եւ անդամ երկրների միջեւ կոնֆլիկտները չեն խրախուսվում: Հետեւաբար, այս իրողությունը հաշվի առնելով՝ Երեւանի ու Բաքվի միջեւ նոր բանակցային դաշտ է բացվում:

Մինչդեռ խաղաղության օրակարգում սա կարող էր կարեւոր գործոն լինել. ՇՀԿ-ին երկուստեք անդամակցությունը եւս կամրապնդեր կայունության, խաղաղության հեռանկարը։ Պակիստանի հետ հարաբերությունների հաստատումն առաջին քայլը կլիներ այդ ուղղությամբ։ Ի դեպ, Բելառուսը նույնպես ձեռնպահ է քվեարկել, տրամաբանությունը նույնն է՝ թե՛ Մինսկը, թե՛ Իսլամաբադը Բաքվի սերտ դաշնակիցներն են։ Ադրբեջանական մամուլն արդեն արձագանքել է Դելիի որոշմանը եւ արձանագրել, որ չնայած Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը Բաքվի անդամակցությանը հավանություն էր տվել, սակայն Հնդկաստանը տապալեց գործընթացը, ինչը պայմանավորված է Բաքվի եւ Իսլամաբադի սերտ կապերով: Իսկ Սի Ծինփինը Ալիեւի հետ զրույցում ասել էր, որ «պատրաստ է սերտորեն համագործակցել նրա հետ՝ գլոբալ Հարավի ընդհանուր շահերը պաշտպանելու եւ մարդկանց ճակատագրերը միավորող համայնքի ստեղծմանը նպաստելու համար»։

Երեւանի արձագանքը տակավին հստակ չէ, բայց ենթադրելի է, որ Պակիստանի եւ նրա ռազմավարական դաշնակից Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցող ՀՀ իշխանությունների համար ՇՀԿ-ն գրավիչ հարթակ է: Եվ, ուրեմն, փաշինյանական ռեժիմը ձգտելու է նաեւ այս հարթակն օգտագործել Ադրբեջանի եւ Պակիստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Թե ինչ հանգրվանի կհասնի այս ամենը, պետք է սպասել ուղիղ մեկ տարի՝ մինչեւ ՇՀԿ հաջորդ գագաթնաժողովը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image