«Գյումրիում տեղի ունեցավ ՔՊ-ի կողմից հերթական իշխանազավթումը։ Բալասանյան դաշինքը հանձնեց իր 14 մանդատը, այսօր գումարվելու է տարածքային ընտրական հանձնաժողովի նիստ այդ հարցով»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Արթիկից ընտրված ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Մելքոնյանը։
Օրերս Գյումրիում իշխող «Բալասանյան» դաշինքը ողջ կազմով հրաժարական տվեց` քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ: Գյումրիի ավագանու անդամները մանդատները վայր դրեցին, պաշտոնյաները` պաշտոններից հրաժարվեցին: Եւ դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ քրեական գործեր հարուցվեցին Բալասանյան դաշինքի անդամների, դաշինքի հիմնադիր, նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ նրա մերձավորների նկատմամբ։
Մհեր Մելքոնյանն ասում է, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններից երկու տարի անց հաղթող «Բալասանյան» դաշինքն այս քայլին գնաց՝ իշխանության ճնշումների պատճառով։ «Մենք ականատես եղանք, թե ինչպես իշխանությունը զավթեցին թե՛ Վանաձորում, թե՛ Ախուրյանում, թե՛ Ալավերդիում, եւ հերթը հասավ Գյումրիին։ Դասական իշխանազավթում»,-ասաց նա։
Իշխանությունը այժմ Գյումրիում քաղաքապետի թեկնածու է փնտրում եւ ուզում է ժամանակավոր պաշտոնակատար նշանակել իր թիմից որեւէ մեկին. Մի քանի անում է շրջանառվում: Մեկը` Շիրակի ՔՊ կառույցի ղեկավար, նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանն է, մյուսը Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝ Վահագն Մկրտչյանը, որը Գյումրու փոխքաղաքապետն էր` մինչեւ ՔՊ-ի` մանդատները վայր դնելը։
Բալասանյան դաշինքի հետ կոնֆլիկտի արդյունքում ՔՊ-ն, հիշեցնենք, նախ խզեց ՔՊ-Բալասանյան դաշինք հուշագիրը, ապա Իրաքում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչեց Սամվել Բալասանյանի որդուն՝ Միսակ Բալասանյանին։ Եւ վերջում քրեական գործեր հարուցեց Բալասանյանների դեմ, մասնավորապես` Սեւ ամրոցի թեմայով, որը 10 տարուց ավելի է Բալասանյաններին է: Իսկ Սամվել Բալասանյանը ծանր հիվանդությունից տեւական ժամանակ է բուժում է ստանում ԱՄՆ-ում:
Մանրամասն՝ տեսանյութում