Չկա Սեւանա լիճ, կա Գյոյչա լիճ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
«Գիտնականներն արդեն բազմաթիվ աշխատանքներ են արել այս թեմայով, բայց անհրաժեշտ է ավելին՝ հետազոտություններ, ցուցահանդեսներ, հրապարակումներ, պատմական քարտեզներ: 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսրական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն. չկա Սեւանա լիճ, բայց կա Գյոյչա լիճը»,- ասել է Ալիեւը:
Եվ չնայած Հայաստանի իշխանությունները պնդում են, որ Ադրբեջանի հետ Հայաստանը պատրաստվում է խաղաղություն հաստատել, Բաքվի բռնապետը այս էլ որերորդ անգամ ՀՀ սուվերեն տարածքը համարում է ադրբեջանական: Երեւանն անվանում է Էրիվան, Վարդենիսը` Բասարգեչար, Սեւանն էլ՝ Գյոյչա եւ առհասարակ պնդում է, որ Հայաստան պետություն չկա, Հայաստանը, ըստ Իլհամի, «Արեւմտյան Ադրբեջան» է եւ 300 հազար ադրբեջանցիների «պատմական հայրենիքը», որտեղ նրանք պատրաստվում են մոտ ապագայում ապրել: ԽՍՀՄ տարիների Ժողտնտեսության ինստիտուտի քարտեզագրության բաժնի վարիչ, «Նահապետ» հրատարակչության տնօրեն, քարտեզագետ Սեն Հովհաննիսյանը հարյուրավոր հին քարտեզներ ունի, նաեւ ինքն է բազմաթիվ քարտեզներ կազմել, որոնք մեծ արժեք ունեն: Դրանց միայն մի մասն է հրապարակված գրքով: «Հրապարակը» զրուցել է նրա հետ այս եւ այլ թեմաների մասին:
- Պարոն Հովհաննիսյան, ամեն անգամ Ալիեւի հայտարարությունները փոթորկում են հայաստանյան իրականությունը, հատկապես որ հայկական կողմից չի հնչում արձագանք, չհաշված շարքային մարդկանց, ոչ պաշտոնյաների արձագանքները: Ի վերջո` ինչպե՞ս են ծագել տեղանունները, ովքե՞ր են դրանք կիրառել, եւ տվյալ տեղանունը որքանո՞վ կապ ունի այս կամ այն երկրի պատմության հետ, դա ո՞ւմ սեփականությունն է:
- Կոնկրետ Սեւանա լիճը տարբեր անուններ է ունեցել` Գեղամա լիճ, Գեղամա ծով, անգամ` Երեւանյան լիճ: Հետաքրքիր է, որ 1800-ականների ֆրանսիական քարտեզներում Սեւանը ներկայացվում է որպես Երեւանյան լիճ: Իսկ առհասարակ տեղանունները չեն կարող օրինաչափություններ համարվել: Դրանց կիրառումը մարդկանց ծագումից է գալիս: Մարդիկ սիրում են տեղանուններ դնել այնտեղ, որտեղ ապրում են: Տեղանվան նպատակներից մեկն էլ այն է եղել, որ մարդիկ իրար փոխանցեն, թե որտեղ են գտնվում, որտեղ են բնակվում եւ այլն: Ինչ վերաբերում է Սեւանա լճին ադրբեջանական անվանումներ տալուն, ապա դա միանշանակ արվում է միտումնավոր: Ինչո՞ւ, որովհետեւ Հայաստանում ընդունվեց օրենք, որն ուժի մեջ մտավ 2002 թվականի հունվարի 1-ից: Այնտեղ ասվում է, որ Սեւանա լիճը Հայաստանի բնության հրաշալիքներից է, ինչպես նաեւ՝ հայ ժողովրդի խորհրդանիշներից, որն ունի հանրապետական եւ տարածաշրջանային բացառիկ տնտեսական եւ էկոլոգիական նշանակություն: Ստիպված պետք է թշնամի անվանեմ` մեր թշնամի Ադրբեջանը, այս օրենքը լավ հասկանալով, գիտակցելով, թե Սեւանն ինչ նշանակություն ունի հայ ժողովրդի համար, վիրավորելու, անկայունություն ստեղծելու, նսեմացնելու եւ տարբեր նման բաների համար հաճախակի օգտագործում է «Գյոյչա» բառը: Այդ անվանումն իրականում կիրառվել է որոշ քարտեզներում, սակայն ոչ մեզ վիրավորելու համար: Բայց այժմ այնպես են ներկայացնում, որ վիրավորեն մեր զգացմունքները, ցավեցնեն մեզ: Գիտականորեն մենք` գիտնականներս, որեւիցե անելիք չունենք, անելիք չունի նաեւ հայ ժողովուրդն այստեղ: Այս հարցը պետք է լուծեն մեր պետական այրերը: Դրա ականջը պետք է մի լավ ձգեն ու ականջին մի երկու լավ խոսք ասեն: Ունենք արտաքին գործերի նախարարություն, ԿԳՄՍ նախարարություն, մի ժամանակ Ակադեմիա ունեինք՝ շատ լավ, Լեզվի ինստիտուտ ու հազար ու մի նման կառույց: Պետք են կոլեկտիվ հայտարարություններ, թե չէ անհատներն ինչ էլ խոսեն, չի կարող դա մեծ ազդեցություն թողնել: Պետական մակարդակով պետք է Ադրբեջանին կարգի հրավիրել:
- Ասում են` դե ինչո՞ւ հակադրվենք, Ալիեւը նման հայտարարություններ անում է ներքին լսարանի համար:
- Ի՞նչ է նշանակում՝ ներքին լսարանի համար է խոսում: Իսկ մենք ովքե՞ր ենք: Մարդ ենք, չէ՞, արժանապատվություն ու զգացմունքներ, չէ՞, ունենք: Այսինքն` մեզ ով ասես, կարող է վիրավորել, ինչ ասես ասել ու անցնել առաջ: Բա ինչի՞ համար է պետությունը, ինչի՞ համար է իշխանությունը, եթե ոչ իր ժողովրդին պաշտպանելու համար: Ալիեւն իր ներքին լսարանի համար է խոսում, լավ, իսկ Հայաստանի ներքին լսարանին ո՞վ պետք է պաշտպանի:
- Իսկ անվանումների մասին առհասարակ` Բասարգեչար, Էրիվան, ինչպես նաեւ մի շարք գյուղեր կան, որ օտարոտի անուններ ունեն, ինչո՞ւ են երբեմն ադրբեջանական անվանումներով կոչում:
- Նախ ասեմ, որ գյուղերից շատերը ո՛չ ադրբեջանական անվանումներ են ունեցել, ո՛չ էլ թուրքական: Պարսկական անվանումներ են եղել: Ծագումը գալիս է Իրանից: Հայաստանը եղել է Պարսկաստանի տիրապետության տակ: Բայց քանի որ մուսուլմանական անվանումներ են, մարդկանց մոտ կարծիք է ձեւավորվել, որ ուրեմն թուրքերեն է կամ ադրբեջաներեն: Կոնկրետ Բասարգեչարը թուրքերեն է: Այն կապ ունի «շուկա» բառի հետ: Նորից եմ կրկնում՝ այդ անվանումները մարդիկ են դրել, ինչը չի դարձնում տարածքն ադրբեջանական կամ թուրքական: Եթե Սեւանն անվանում են Գյոյչա, ապա ես էլ ասում եմ, որ Բաքու անվանում չկա, խոսքը հայկական Բագին քաղաքի մասին է: Տիգրան Մեծը կառուցեց Տիգրանակերտ քաղաքը, որից քիչ հեռու Բագինն է, ներկայիս Բաքուն: Տիգրան Մեծն այնտեղ զոհեր էր մատուցում: Մենք ինչո՞ւ չենք ասում, որ Բաքուն հայկական Բագին քաղաքն է: