Կինոբեմադրիչ, վավերագրող Սամվել Թադեւոսյանի «Անմահների ժամանակը» փաստագրական կինոպատումը նվիրված է «Կամավորական գումարտակի» մարտիկներին եւ մասնավորապես 44-օրյա պատերազմում Կոտայքի շրջանի Պռոշյան համայնքի քսան զոհված կամավորականների սխրանքին ու անմար հիշատակին։
«Անմահների ժամանակը» փաստագրական կինոպատումը ռեժիսորի «Արդարության մարտիկներ» շարքի հերթական ֆիմն է` 12-րդը: Եթե «Խոնարհ հերոսները» դիմանկարային ֆիլմաշար է, որի ամեն մասը նվիրված է մի նահատակի, այս շարքն ավելի մասշտաբային ընդգրկում ունի` իրադարձություններ, ջոկատներ, կարեւոր ճակատամարտեր:
««Կամավորական շարժում» գումարտակի բոլոր վաշտերը մասնակցեցին 2020-ի արցախյան պատերազմին: Ֆիլմում ներկայացվում է պատերազմի տարեգրությունը, ինչպես ամեն ինչ սկսվեց, այդ գումարտակի առաջին երկու վաշտերի գործողություններն են, թե որ ճակատներում են եղել` Մատաղիս, Մեծ Շեն, «Եղնիկներ»: Իսկ գումարտակի երկրորդ վաշտի առաջին դասակի մարտիկները Վարագնաթաղի մարտագծում, բացառիկ սխրանքով, կասեցրին թուրք գրոհայինների լայնածավալ հարձակումը` թույլ չտալով նրանց թափանցել Մարտակերտ եւ «Եղնիկների» պաշտպանական գոտի։ Այդ հերոսական կռվում Պռոշյան համայնքում ձեւավորված դասակի քսանվեց մարտիկներից քսանը քաջաբար զոհվեց` ապացուցելով, որ Հայաստան հայրենիքի հարատեւման համար հարկ է, եւ պարտք ենք զոհաբերել ամենայն թանկագինը։ Ֆիլմը նրանց սխրանքին է նվիրված, քանի որ ուժերի անհավասար կռիվ է լինում, բայց անգամ այդ դեպքում նահանջի հրաման չի հնչում: Եթե թուրքերը ճեղքեին այդ հատվածը, վտանգվում էին «Եղնիկները», Մարտակերտի, Մատաղիսի գիծը, ջրամբարը, այսինքն՝ դա կարեւոր ստրատեգիական բարձունք է եղել, որը մինչ օրս էլ մեր ձեռքում է»,- ասում է Ս. Թադեւոսյանն ու նկատում, որ հետեւությունն այս ֆիլմից մեկն է՝ ինչպիսին պետք է լինեն հայ զինյալը եւ հայ նվիրյալը:
«Դաշնակցական գումարտակի Շուշիի առանձնակի գումարտակի հենքի վրա է վերակազմավորվել այդ «Կամավորական շարժում» գումարտակը, որի 3 վաշտերը մասնակցել են պատերազմին, նույնիսկ 4-րդ վաշտից մի դասակ էլ է մասնակցել: Իսկ Վարագնաթաղի դեպքը տեղի է ունեցել 2020թ․ հոկտեմբերի 6-ին։ Բարձունքը նույն օրը վերագրավել են, բայց կատաղած թուրքերը, քանի որ դիրք են զիջել, անընդհատ խոշոր տրամաչափի զենքերով հրետակոծել են, եւ մի քանի օր անհնար է եղել մոտենալ այն հատվածին, որտեղ տղաների մարմիններն էին, եւ միայն ամսի 10-ին են կարողանում լռեցնել դրանց կրակակետերը եւ տղաների դիակները դուրս բերում։ Նրանցից 2-ին հուղարկավորում են Եռաբլուրում, 3-ին` գյուղի գերեզմանոցում, իսկ մնացածին՝ Պռոշյանի պատվո պանթեոնում»:
Ս. Թադեւոսյանն ասում է` մաքուր դոկումենտալ ֆիլմ է, բայց մի քանի տեսարաններ գեղարվեստական լուծում են ստացել. «Օրինակ, թե ինչպես են տղաները դրոշի վրա ստորագրել մեկնելուց առաջ: Կատարվածը նկարագրվում է որոշակի մանրամասներով, սխրանքի կտորներով: Ես գիշերը մինչեւ լույս մնացել եմ իրենց հետ՝ մինչեւ իրենց մեկնելը: Եվ բոլորին նկարել եմ ե՛ւ ֆոտո, ե՛ւ վիդեո: Նկարել եմ, թե ինչպես են պատրաստվում, հագուստ ու զենք ստանում, երգում, որոշ դրվագներ էլ «Երկիր մեդիայի» օպերատորն է նկարել` Արմեն Սերոբյանը, նաեւ Արմեն Մուշեղյանն է այնտեղ եղել՝ որպես մարտիկ, մինչեւ իր նկարահանման տեխնիկան մեքենայի հետ չի պայթել: Այնպես ստացվեց, որ ես պատահաբար գտա զոհվածներից մեկի երգը, որ եղբոր հարսանիքին է երգել, եւ դա դարձավ ֆիլմի սաունդթրեքը` երաժշտական հավելվածը: Նաեւ խնայել ենք մարդկանց հույզերը, ցնցող կադրեր դրված չեն, Պռոշյանի պանթեոնի պատի վրա դաջված բոլորի անուններն արդեն իսկ խոսուն են»:
Սամվել Թադեւոսյանը, ով նաեւ 90-ականների արցախյան պատերազմն է վավերագրել, ասում է` թե՛ 90-ականների, թե՛ 2020-ի պատերազմներն իրար ե՛ւ նման են, ե՛ւ տարբեր. «Ես այս պատերազմին մասնակի մասնակցեցի, որովհետեւ ուղղակի ֆիզիկապես չէի կարող, հետո՝ շատերին մերժում էին, թեպետ որոշ բաներ անձնապես ես եմ նկարել, օրինակ՝ Ստեփանակերտի ռմբակոծությունները: Այս տարիների ընթացքում շատ բան փոխվեց` կենցաղ, հայրենի արժեքներ, փլուզումներ` գիտության, մշակույթի, մեր հերոսներին փառազրկելու հարցում, միայն զինվորի ոգին մնաց նույնը. ե՛ւ այն թվերի, ե՛ւ այս թվերի նվիրյալները բացարձակ նույն տեսակի մարդիկ են: Զինվորը, կամավորականը հրահանգ չի կատարում, նրա հրահանգը սրտից է բխում, իսկ կամավորները մշտապես այդպիսին են լինում ու երբեք չեն փոխվում, միշտ պարտքի ու գիտակցության շրջանակներում են: Սա լրիվ ուրիշ տեսակի պատերազմ էր՝ այն իմաստով, որ ինչ-որ բաներ գուցե կանխավ պայմանավորված էին, բայց այս պատերազմը զուգադիպում էր աշխարհի վերաբաժանման կանխավ մտածված որոշ պետությունների ցանկությունների հետ, եւ մենք մատաղացանք՝ նորից համոզվելով, որ այս աշխարհը մեզ հետ կապ չունի, եւ այն, ինչ ասվում է, հերթական մխիթարական խոսքերն են, մենք մենակ ենք: Այդ ամենը ստիպում է, որ մենք մեր անցյալի դասերը գիտակցենք ու հասկանանք, որ մեր հույսը մենք ենք, եւ ոչ ոք չի գա ու մեր ցավին ընկեր չի դառնա»:
«Անմահների ժամանակը» փաստագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի կունենա այսօր` փետրվարի 28-ին, ժամը 19-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում։