Մշակույթ

«Հրապարակ»․ Հայ հեղինակներն այլեւս պետք չեն

«Հրապարակ»․ Հայ հեղինակներն այլեւս պետք չեն

2025-ի ամռանը Պատանի հանդիսատեսի թատրոնը մեկնել էր անժամկետ արձակուրդ` վերանորոգման աշխատանքներով պայմանավորված։ Ապա փոխվել է թատրոնի տնօրենը․ Էմին Թորոսյանին փոխարինել է Գոռ Մարգարյանը, ինչին հաջորդել է թատրոնի խաղացանկի փոփոխությունը` անցած կամ նախանցած տարվա ներկայացումները հանվել են ՝ «Վերջին ուսուցիչը», «Մեր թաղը», «Խենթը»։ Եվ դրա մեջ մարդիկ հեռուն գնացող նպատակներ են տեսել. «Նար Դոսի «Մեր թաղը» ցույց է տալիս, թե ինչպես է սոցիալական միջավայրը ձեւավորում եւ հաճախ կոտրում մարդուն։

Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը»՝ թե ինչպես կարելի է պահպանել արժանապատվությունն ու արժեքները նույնիսկ փոփոխվող ու անտարբեր ժամանակներում։ Րաֆֆու «Խենթը»՝ թե ինչպես պետք է արթնանալ եւ պայքարել հանուն ազգային ու մարդկային ազատության»։ ՖԲ օգտատերը նկատում է, որ սա պատահականություն չէ, հայ հեղինակներն էլ մեզ պետք չեն․ «Ազգային ինքնության գաղափարներն «իրական Հայաստանում» մեծ վտանգ են»։ 

Թատրոնի երկարամյա դերասանուհի Անահիտ Ղուկասյանից հետաքրքրվեցինք` ե՞րբ է խաղացանկը փոխվել, եւ ինչո՞ւ են խաղացանկից հանվել վերոնշյալ դասական ստեղծագործությունները: Ղուկասյանն ասաց. «Ցավոք, դա ճշմարտություն է: Ես՝ ինքս, խաղում էի «Մեր թաղում»: Պարզվեց, որ դեկորացիան վատ վիճակում է, իսկ նորոգելը շատ ավելի թանկ է նստում, քան նոր ներկայացում բեմադրելը, ինչի համար ես շատ ցավում եմ։ Մյուս ներկայացումների մասին հստակ չեմ կարող ասել, թե ինչու են հանվել խաղացանկից, հավանաբար, էլի նման պատճառաբանություններով: Մենք դեռ մեր աշխատանքը թատրոնում չենք սկսել: Ասում են, որ նոր ներկայացումներ են պատրաստվում բեմադրել, օրինակ` Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգությունը», սակայն դեռ ոչինչ հստակ չէ, քանի որ թատրոնում դեռեւս աշխատանքը չի վերսկսվել: Ասում են՝ աշխատանքը սկսելու ենք շուտով, սակայն թե երբ է «շուտով»-ը, ես չգիտեմ: Ամեն դեպքում, ես կասեմ հետեւյալը․ «Մեր թաղը» դպրոցահասակների համար շատ կարեւոր գործ է: Այսօր ո՞վ է գիրք բացում, կարդում, գրեթե ոչ մեկը, ուստի նման ստեղծագործությունը խաղացանկից հանելը ես համարում եմ խիստ անընդունելի: Մեր դասականներին գոնե այդպես ծանոթ լինեն երեխաները: Ինձ համար սա ընդունելի որոշում չէ: Ի դեպ, Նար-Դոսի մի քանի գործ դարձրել էինք մի ներկայացում, այնպես չէր, որ մի գործ էր, սակայն որոշում կայացնողներն այդպես են որոշել, հուսանք՝ կվերանայեն իրենց որոշումները»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image