Դիլիջան քաղաքի բնակչուհի, 76-ամյա Սեդա Սարգսյանը, երկար տարիների աշխատանքային ստաժ ունենալով, այլ կենսաթոշակառուների համեմատ մի փոքր ավելի բարձր՝ 67 հազար դրամ կենսաթոշակ է ստանում։ Ինչ-ինչ դեպքերի, հանգամանքների պատճառով սեփական բնակարանից զրկված տարեց կինը վարձով է ապրում` ամիսը 30 հազար դրամով Դիլիջանի բազմաբնակարան շենքերից մեկի առաջին հարկում մի սենյակ է վարձակալում։ Կենսաթոշակի մնացած գումարը նա հարկադրված է խնայողաբար ծախսել։ Այդ գումարի զգալի մասը կինը ծախսում է սննդամթերքի վրա։
Սեդա Սարգսյանը պարբերաբար Դիլիջանից 34 կմ ճանապարհ է կտրում, Երեւան-Իջեւան եւ հակառակ ուղղությամբ երթեւեկող միկրոավտոբուսների վարորդներին վճարում է 500 դրամ։ Այդ ճանապարհի համար ծախսված 1000 դրամը տարեց կնոջ համար փոքր գումար չէ։ Ինձ ցույց տալով Իջեւանում գնած գյուղատնտեսական մթերքներով պայուսակը՝ Սեդա Սարգսյանն ասաց․ «Էս սոխը Իջեւանի շուկայում կիլոն 130 դրամով եմ առել, Դիլիջանում 350 դրամ է»։ Նա թվարկեց Իջեւանի շուկայում կարտոֆիլի, այլ գյուղմթերքների գները, որոնք Դիլիջանի գների համեմատ բավականին մատչելի են։ Դիլիջան քաղաքում գյուղատնտեսական մթերքների գները բարձր են ոչ միայն այն պատճառով, որ Դիլիջանը տուրիստական քաղաք է, այդտեղ գործում են բազում հյուրանոցներ, հյուրատներ, ռեստորաններ, սրճարաններ, որոնք գյուղմթեքների մեծաքանակ գնորդներ են, եւ զբոսաշրջիկների ներկայությունն էլ է նպաստում գների աճին։ Դիլիջան համայնքն ընդգրկում է 16 հազար 300 բնակիչ ունեցող Դիլիջան քաղաքը եւ Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Հովք, Աղավնավանք, Խաչարձան գյուղերը։ Դիլիջանի բնակիչների զգալի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, համայնքի գյուղերի բնակիչների հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու բուսաբուծությունն է։ Սակայն Դիլիջան քաղաքում չկա գյուղատնտեսական շուկա, որտեղ գյուղմթերք արտադրողները, առանց միջնորդների, վերավաճառողների վաճառեն իրենց արտադրանքը` ուղիղ շփվելով գնորդների հետ, եւ գյուղմթերքի վերավաճառքի արդյունքում գին չավելանա: Դիլիջան քաղաքի կենտրոնում, «Հայփոստի» Դիլիջանի մասնաճյուղի շենքի մոտ, փողոցում կանգնում են գյուղմթերք վաճառողներ, հիմնականում՝ կանայք, որոնք վաճառում են կաթ, հավկիթ, այլ մթերք։ Մեծ պարկերով կարտոֆիլ, սոխ, բանջարեղեն վաճառողները Դիլիջանի փողոցներում կայանում են իրենց բեռնատար մեքենաները եւ հենց մեքենաներից կատարում վաճառքը։ Փողոցային առեւտուրը ոչ հարմարավետ, նաեւ հակասանիտարական է։ Դիլիջան համայնքի գյուղերի բնակիչները մեզ հայտնեցին, որ նախորդ տարիներին Դիլիջանի համայնքապետարանն ամռան ընթացքում քաղաքի կենտրոնում գտնվող տաղավար-կրպակներ էր օրավարձով տրամադրում, որտեղ գյուղացիներն իրենց արտադրանքն էին իրացնում։ Սակայն այս տարի տաղավարներ չեն տրամադրվել, դրանցում գյուղմթերքի առեւտուր չի կատարվել։
Գյուղատնտեսական համայնքի կենտրոն Դիլիջան քաղաքում գյուղատնտեսական շուկա գործարկելը կենսական անհրաժեշտություն է։ Դիլիջանում գյուղմթերքը վաճառվում է խանութներում, դրանց տերերը գյուղատնտեսական ապրանքների վերավաճառողներ են, գին են ավելացնում գյուղմթերքին՝ գնորդների համար շատ թանկացնելով դրանք։ 2021թ․ փետրվարի 26-ից Դիլիջան համայնքը ղեկավարող Դավիթ Սարգսյանը Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում, Ֆեյսբուքի իր էջում պարբերաբար ներկայացնում է Դիլիջան համայնքում կատարվող աշխատանքները՝ փողոցների ասֆալտապատում, բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում եւ այլն, սակայն Դիլիջանում շուկա չի գործարկում։ Դիլիջան համայնքը հնարավորություն ունի սեփական ֆինանսներով կամ սուբվենցիոն ծրագրով գյուղտնտեսական շուկա գործարկելու։ Դա պետք է արվի, որպեսզի դիլիջանցիները ստիպված չլինեն գումար եւ ժամանակ ծախսելով՝ գյուղմթերքի համար Դիլիջանից Իջեւան հասնել։