Եթե հավատանք Նիկոլ Փաշինյանին, 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ապօրինի պահվող ինքնաձիգով զինված մինչև 17 հազար մարդ կարող է լինել։ Կառավարության վերջին նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Մենք 44-օրյա պատերազմից հետո ունենք անհետացած զենքի մեծ քանակ։ Հայաստանի ժողովրդին, մարդկանց, ընդդիմությանը՝ այդ թվում, ահռելի քանակությամբ զենք ա բաժանվել՝ իմ որոշմամբ»։
Այս հայտարարությունն, իհարկե, աբսուրդի ժանրից կարող էր թվալ, եթե մենք չապրեինք «նոր» Հայաստանում։ Ինչպե՞ս կարող է անհետանալ 17 հազար միավոր հրազեն։ Այս հարցն օբյեկտիվորեն առաջանում է Փաշինյանին լսող յուրաքանչյուրի մոտ։ Ստացվում է՝ 4 տարի առաջ վարչապետի որոշմամբ պատերազմ մեկնողներին զենք է բաժանվել ու հիմա կառավարությունը չգիտի՝ ինչ է եղել այդ զենքի հետ։ Պետք չէ լինել նեղ մասնագետ, հասկանալու համար, որ նրա ասած՝ ժողովրդին բաժանված զենքը պետք է գրանցված լինի՝ ունենա համար, փաստաթղթով ամրագրվի, որ այսինչ ինքնաձիգը տրամադրվել է այնինչ քաղաքացուն։ Բայց Փաշինյանի կառավարությունը լռում է այն մասին, թե ինչպե՞ս կարող էր անհետանալ այդ քանակությամբ զենքը ու ինչպե՞ս է ստացվել, որ պետությունը չի վերահսկել պատերազմից վերադարձողների՝ զենքի հանձնման գործընթացը։
Նույն նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ապօրինի զենք-զինամթերքի փնտրտուքի հետ կապված ՆԳՆ-ին տրված հրահանգից, այդ գործում նոր մեթոդաբանության անհրաժեշտությունից խոսեց։ Ասաց, որ հարցն անգամ Անվտանգության խորհրդում են քննարկել։
Իշխանությունը հազարներով «անհետացած» զենքի հանգամանքով է փորձում բացատրել երկրում հանցավորության աճի խայտառակ միտումը։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նույն նիստին զեկուցեց, թե ունենք մտահոգող վիճակագրություն՝ 17.8 %-ով աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը, մտահոգիչ է, որ աճել է զենքի գործադրմամբ ծանր հանցագործությունների թիվը։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2023-ի 8 ամիսներին հրազենով ու այլ ռազմամթերքով 44 հանցագործություն է իրականացվել, 2024-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը հասել է 68-ի։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ չունի տեղեկություն, թե քանի կամավոր կամ զինակոչված է ՀՀ-ից մասնակցել 44-օրյա պատերազմին, քանիսն են զենք ստացել ՀՀ-ում և քանիսը՝ Արցախում։ Եւ կասկած հայտնեց, որ այդպիսի մեծ քանակի՝ 17 հազար միավոր հրազեն, առանց գրանցելու, տրվեր մարդկանց։
«Գուցե կարելի է խոսել այն մասին, որ ամբողջ պատերազմի ընթացքում 17 հազար ինքնաձիգ կամ ձեռքի գնդացիր է կորել, բայց հաշվի առնենք, որ հազարավոր զոհեր ենք ունեցել՝ հիմնականում անընդհատ նահանջի պայմաններում։ Իրենց զենքը, բնականաբար, հիմնականում մնալու էր թշնամուն։ Բացի այդ, որոշ զորամասերի զինանոցները մնացել են թշնամուն, այդպիսի տեսանյութեր էլ են հրապարակել ադրբեջանցիները։ Ընդհանրապես հիշենք, որ թշնամուն են անցել ոչ միայն ինքնաձիգներ, այլ մի քանի միլիարդ դոլարի զենք։ Այսինքն, պետք է հասկանանք, որ կորած զենքի զգալի, եթե ոչ մեծ մասը, թշնամուն է մնացել։ Բացի այդ, մեկ այլ խնդիր էլ կա. արդյո՞ք այդ թիվն ընդհանրապես խելքին մոտ է, որովհետեւ նույն կերպ խոսում էին 11 հազար դասալիքի մասին, բայց շատ արագ պարզվեց, որ այդ թիվն ահավոր ուռճացված է և այն հաստատող որեւէ փաստ չկա», - ասում է Վրթանեսյանը։
Մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում Փաշինյանի խոսքում` ընդդիմության անտեղի հիշատակման վրա, որից կարող է տպավորություն ստեղծվել, իբրեւ թե, ընդդիմությունն ինչ-որ կապ ունի զենքի «անհետացման» հետ։ «Սա, ակնհայտ քաղաքական աստառ ունեցող մանիպուլյացիա է։ Մյուս կողմից ՆԳՆ հայտարարությունն էլ սլաքները կարծես թե ուղղում է արցախցիներին՝ ստեղծելով տպավորություն, թե իբր չգրանցված բազում զենքեր են բերել իրենց հետ ՀՀ, այն դեպքում, որ արցախցիները ստիպված էին ադրբեջանական անցակետերով անցնել»,- շեշտում է Վրթանեսյանը։
Ռազմական փորձագետը չի բացառում նաև, որ այս հայտարարություններով իշխանությունները հանրային տրամադրություններ են ստեղծում՝ մտադրություն ունենալով զինաթափելու օրինական զենքով զինված որոշ ռազմահայրենասիրական ՀԿ-ների, որոնք ՀՀ-ի տարածքային զիջումների վերաբերյալ անհարմար հարցեր են տալիս իշխանություններին։