Երեւանի մնջախաղի պետական թատրոնի շենքը թեպետ վաղուց արդեն կա, բայց շինարարությունը 5 տարի է՝ ձգձգվում է եւ չի ավարտվում։ 6 տարի առաջ թատրոնին հատկացվեց Գեւորգ Քոչարի 21 հասցեում գտնվող Հայաստանի ազգային գրապալատի շենքը։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն ասում է՝ ոչ մի աշխատանք չի տարվում, պատճառն իրեն հայտնի չէ․ «Բայց համբերատար սպասում ենք, փորձում ենք աշխատել, նոր բեմադրություններ ենք անում։ Շուտով «Փարաջանով» ներկայացումը կտանենք Թիֆլիս, որը մենք խաղացել ենք Փարաջանովի թանգարանի բակում՝ Փարաջանովի 100-ամյակի շրջանակներում»։
Այն դիտարկմանը, որ շենքում մի շրջան ակտիվ շինարարություն էր գնում, հիմա ո՞րն է խնդիրը, Դադասյանը նկատում է․ «Այո, բայց դա՝ մի պահ, այդպես պերիոդիկ միանում են, մենք ոգեւորվում ենք, որ ինչ լավ է, հեսա կշարունակվի ու կավարտվի շինարարությունը, բայց հետո կանգ է առնում։ Ու դրա պատճառը, անկեղծ ասած, ես չգիտեմ։ Տնօրենին ինչ-որ բաներ խոստացել են, բայց ոչ մի բան առաջ չի գնում»։
Այդուհանդերձ, մեկ տարի առաջ արդեն տեղափոխվել են թատրոնի չկառուցված շենքի վերանորոգված հատվածը, դա ադմինիստրատիվ մասն է, որն արդեն վերանորոգվել է․ «Բայց մենք տեղափոխվել ենք ստիպված, որովհետեւ արդեն Պատանի հանդիսատեսի թատրոնում էլ պետք է շինարարություն սկսվեր, եւ տեղափոխվեցինք, որ չխանգարեինք Պատանի հանդիսատեսի թատրոնին։ Տեղափոխվել ենք մեր տարածքի վերանորոգված այն հատվածը, որը նորից կարիք ունի վերանորոգման, որտեղ ոչ մի կոմունալ հարմարություն չկա՝ ո՛չ ջեռուցում, ո՛չ ջուր, ո՛չ սանհանգույց, բայց մի կերպ «յոլա» ենք տանում, մինչեւ տեսնենք, թե ինչ է լինում»։
Ժ․ Դադասյանը չգիտի՝ մյուս տարվա բյուջեով թատրոնի շինարարության համար գումար հատկացվա՞ծ է, թե՞ ոչ, ի դեպ, պատվիրատուն քաղշինկոմիտեն է. «Եթե անգամ հատկացված է՝ ի՞նչ..., կուզեն՝ կաշխատեն, կուզեն՝ չեն աշխատի, մի պատճառ կգտնեն, ես ուղղակի դադարել եմ զարմանալուց, թե ոնց է հիմնավորվում ինչ-որ բան չանելը կամ ինչ-որ բան անելը, որն աբսուրդ է»։
Նշենք, որ, նախնական պլանով, թատրոնի շենքի շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2020-ի վերջին, 21-ի սկզբին, սակայն դրանից հետո այլեւս որեւէ հստակ ժամկետ չի նշվել։ Հավելենք նաեւ, որ այս տարի լրացավ Երեւանի մնջախաղի պետական թատրոնի 50-ամյակը, եւ մինչ օրս թատրոնը չունի սեփական բեմահարթակ, որպեսզի հանդես գա իր ներկայացումներով։