Հարցազրույց

«Հրապարակ». «Դուք ասեք՝ կտրել, ես ասեմ՝ փոխարինել»․ «կանաչապատման» ծրագիրը շարունակվում է

«Հրապարակ». «Դուք ասեք՝ կտրել, ես ասեմ՝ փոխարինել»․ «կանաչապատման» ծրագիրը շարունակվում է

Կանաչապատման վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանի ամեն մի նոր հաղորդագրությունը խուճապ է առաջացնում: Անգամ լավատեսական հաղորդումներն են անվստահություն եւ նոր «ծառասպանդի» սպասում առաջացնում: Կարդալով, որ 2024 թվականին մայրաքաղաքի ութ փողոցում կենսունակությունը կորցրած ծառերի փոխարեն տնկվել է 661 ծառ, մարդիկ հիշում են Մերգելյանի այգու եղերապատումը: Կարդալով, որ կանաչ տարածքների ընդլայնման եւ ֆոնդի երիտասարդացման նպատակով երեւանյան մայթերն էլ ավելի արժեքավոր ծառատեսակներով են զարդարվել, հիշում ենք կիզիչ արեւից չորացած սակուրաները: Կարդալով, որ շուտով Թումանյան փողոցի շարունակությունը կհամալրվի նոր հուդայածառերով, Ամիրյան եւ Մելիք Ադամյան փողոցներին էլ «իրենց հմայքը կբերի» կատալպա գնդաձեւ ծառատեսակը, հասկանում ենք՝ նորից հատում ու ծառերի մորթ է սկսվելու այս փողոցներում, եւ փողոցներն ամռան շեմին տկլորանալու են` մնան առանց ծառերի ու ստվերի: Եվ քաղաքապետարանի խոստումը՝ «Երեւանն այս գարնանն ավելի թարմ տեսք կստանա», հնչում է որպես սարկազմ:

Երեւանի քաղաքապետարանը նորից հաղորդագրություն եւ տեսանյութ է տարածել, որով ծանոթացնում է կանաչապատման այս գարնան աշխատանքներին, որ շարունակելու է «ընդլայնել եւ բազմազանեցնել» մայրաքաղաքի կանաչ տարածքները: «Դրանք ընդգրկելու են Երեւանի բոլոր վարչական շրջանները: Մասնավորապես, Նոր Նորք վարչական շրջանի Մյասնիկյան-Լվովյան փողոցների հարակից տարածքում հիմնվելու է շուրջ 30 հա զբոսայգի: Ընթացիկ տարվա ծրագրերի շարքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող` Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգու վերահիմնումն է: Նախատեսվում է նաեւ մայր ջրագծերի կառուցում եւ ոռոգման ցանցի արդիականացում»:

«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավարի՝ զարգացման գծով տեղակալ Արթուր Խալաթյանին մի քանի հարց ուղղեցինք, պատկերացնելու համար, թե էլ ինչ ծառեր են հատվելու: «Ոչ թե հատվելու, այլ` փոխարինվելու»,- մեզ ուղղում է Արթուր Խալաթյանը:

- Կանաչապատման աշխատանքները նոր, դատարկ տարածքներո՞ւմ եք իրականացնելու, թե՞ էլի ծառեր եք կտրելու, որ նորերը դնեք:

- Ծառեր կտրվելը, որ ամեն անգամ նշում եք, դա փոխարինման ծրագիրն է, որն իրականացվում է միմիայն փողոցներում: Երբ որ մենք այգի կամ անտառ ենք հիմնում, մենք չենք կտրտում: Պետք է տարանջատել՝ քաղաքային անտառների հիմնում, այգիների եւ պուրակների հիմնում եւ փողոցային դենդրոֆլորայի, տնկարքների թարմացում: Դրանք լրիվ տարբեր բաներ են:

- Օրինակ, Նոր Նորքի Մյասնիկյան-Լվովյան փողոցներին հարող հատվածում կանաչապատում եք անելու, բայց այստեղ հիմա էլ ծառեր կան, դրանք կտրելո՞ւ եք: Այդ ծառերի հետ ի՞նչ է արվելու:

- Եթե Դուք եւ մյուս լրագրողները հետեւեիք գործակարգավարականներին, որոնք ամեն երկուշաբթի լինում են, այդտեղ սլայդշոուով հստակ ներկայացված է, որ այդտեղ 25 հեկտարի վրա հիմնվելու է իր չափերով համար մեկ քաղաքային անտառը, որն ունենալու է սպորտային ուղղվածություն, եւ առկա ծառերը պահպանվելու են: Այնտեղ զավթված տարածքներ կան, որտեղ կան պտղատու ծառեր: Դրանք պահպանվելու են, եւ ավելացվելու են հիմնականում մշտադալար տեսակներ:

- Հինգերորդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ հիմա էլ կան ծառեր, այնտեղ պուրակի նման տարածք է: Այդտեղի բույսերի ճակատագիրն ի՞նչ է լինելու, ի՞նչ եք տնկելու:

- Այդտեղ գեղազարդ ծառեր են տնկվելու: Եթե նկատած լինեք, հենց տեղում սովետից մնացած արմատային վերաճեր են, հիմնականում թեղի եւ հացենիներ են, այդտեղ ավելացվելու են նաեւ ծաղկող թփեր:

- Ու այդ տարածքի թեղիները չե՞ն հատվելու:

- Որը որ հատման ենթակա կլինի՝ թեք կլինի, հիվանդություններով կլինի կամ կոճղարմատային, այսինքն՝ նախկինում հատված կոճղից ելած ճյուղը ծառ դարձած կլինի, դրանք, ուզած-չուզած, պետք է մաքրվեն, որ նոր տնկվող ծառերին չխանգարեն:

- Իսկ Մալաթիա-Սեբաստիայի այգին ի՞նչ է լինելու, որը Մեծ հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ էին հիմնել եւ որը հիմա անխնամ է, չնայած այնտեղ էլ շատ բուսականություն կա:

- 40-ամյակի այգում շինբարեկարգում է արվել, բազալտով, քարով ճեմուղի է կառուցվել, ջրավազանն է բարեկարգվել, իսկ կանաչ տարածքները չեն բարեկարգվել, պետք է կանաչապատում արվի:

- Կենտրոնում էլի՞ են ծառեր հատվելու այս գարնանը, ո՞ր տարածքներում:

- Ծրագիրը շարունակվելու է: Նախատեսված է, որ Թումանյան փողոցի երկրորդ կեսի ծառերը պետք է փոխարինվեն, Ամիրյանի, Մելիք Ադամյանի:

- Այսինքն՝ քաղաքի ամբողջ կենտրոնի հին ծառերը կտրելու եք:

- Այո, Դուք ասեք՝ կտրել, ես ասեմ՝ փոխարինել:

- Ի՞նչ տարբերություն, էությունը չի փոխվում:

- Մեծ տարբերություն: Որովհետեւ, եթե պայմանական իքս ծառ հեռացվում է, իքս +5 տնկվում է: Այդտեղ կան դատարկ բնաբաժակներ:

- Մեկ է, դուք ինչ էլ ասեք, ժողովուրդն ափսոսալու է քաղաքի հին ծառերը, որոնք, եթե նույնիսկ առողջ չէին, հնարավոր էր փրկել: Իսկ ձեր տնկած ծառերը տարիներ անց նոր ծառ կդառնան:

- Իսկ դուք ինչո՞ւ չեք մեզ հարցում անում, թե կա՞ն արդյոք բնակիչների զայրույթ արտահայտող բողոքներ, կա՞ն արդյոք նամակներ բնակիչներից, որոնք ասում են՝ կանաչապատումը փող է ստանում, ոչ մի բան չի անում, մեռանք ասելով՝ լվիճ թափող ծառերը հատեք, թե՞ դուք քնից վեր եք կացել, որոշել եք, որ այդ գործը պետք է անեք: Այս աշխատանքների համար մենք ֆունդամենտալ հիմքեր ունենք՝ գիտական եզրակացություններ ու վերլուծություններ:

- Այդ գիտնականները, մանավանդ իրենց գիտական օջախի՝ բուսաբանական այգու սպանդից հետո, այլեւս ոչ մի վարկանիշ չունեն:

- Եթե բուսաբանական այգու դենդրոլոգներն առոչինչ են, զրո են, ուրեմն ծառերի համար կարծիք հարցրեք «Գրանդ քենդի» գործարանից:

- Դուք էլ գիտեք, որ միջազգային գիտական ինստիտուտների, կազմակերպությունների, գիտական կենտրոնների կարծիքներ կան, որոնք հակառակ են ձեր ասածին:

- Ուզո՞ւմ եք՝ ես էլ ՀԿ-ներ բացեմ այլ երկրներում, իմ կարծիքները հայտնեմ: Կամ դուք ո՞նց եք նայում` եթե Երեւանի կանաչապատման ՀՈԱԿ-ը կամ բուսաբանության ինստիտուտը Բեռլինում իրականացվող կանաչապատման մասին կարծիք տա առանց առնվազն 5-10 տարի ուսումնասիրություն անելու: Գիտական խորհուրդն ասել է՝ Երեւան քաղաքում քանի որ մասսայական թեղիներ են ու որոշ դեպքերում դեֆորմացված հացենիներ, եկեք աստիճանաբար փոխարինենք առավել արժեքավոր ծառատեսակներով, ինչը որ 2023 թվականի մարտի 23-ից կազմակերպությունն անում է:

- Այդ «առավել արժեքավորները» ստվեր չունեն, սաղարթ չունեն, դուք գիտեք այդ բոլոր պատմությունները:

- Ուզում եք ասել, որ Երեւանը երբ 50-ականներին գյուղաքաղաքից դառնում էր Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք, ծառերը բերում էին, սաղարթով տնկո?ւմ էին, թե՞ էն ժամանակվա մարդիկ ստվեր չէին ուզում: Աստիճանաբար է արվում: Օրինակ, Բագրատունյաց փողոցում արել ենք, բայց ամբողջությամբ չենք արել, Թումանյանն ամբողջությամբ չենք արել, Ուլնեցի փողոցը երկու տարում ենք արել, դեռ մեկ հատվածն էլ մնացել է, Մոսկովյանում ընդամենը Կասկադի դեմն ենք արել:

- Թումանյանն էս տարի կանեք, կվերջացնեք:

- Իսկ դուք տեսե՞լ եք Թումանյանի ծառերի մեկ տարվա աճը: Այնքան են աճել, որ ստիպված թեքված ճյուղերը էտ ենք արել: Շուտով կտեսնեք Բագրատունյացի սաֆորաների աճը, սաղարթները ձեւավորեցինք արդեն:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image