Հասարակություն

Այդ մրցույթը պետք է չեղարկվի

Այդ մրցույթը պետք է չեղարկվի

2024-ի ամռանը Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը, որի ղեկավարման ժամկետը լրացել էր, դատարան դիմեց, որպեսզի ռադիոյի նորանշանակ տնօրենի ընտրությունն անվավեր ճանաչվի: «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լուսինե Պետրոսյանը նույնպես դատարան է դիմել նույն պահանջով: Բանն այն է, որ թե Խումարյանը, թե Պետրոսյանը պնդում են, որ Հանրային հեռարձակող խորհրդի որոշումը` ռադիոյի տնօրենի նշանակման մասին օրենքի խախտումներով է կայացվել` Նիկոլ Փաշինյանի «սրտի» թեկնածուն` Քոլոյանը չի համապատասխանում օրենքի պահանջներին եւ անաչառ մրցույթ չի անցկացվել, իսկ մրցույթից օրեր առաջ էլ Քոլոյանին տարել են կառավարություն, ըստ էության որպես արդեն ընտրված տնօրենի:

Հիշեցնենք, որ ռադիոյի տնօրենի ընտրության պահից ի վեր հալածանքներ սկսվեցին Գարեգին Խումարյանի նկատմամբ, իսկ նախորդ սեպտեմբերին նա մեղադրվեց կեղծ դատավարական փաստաթղթեր կազմելու մեջ։ Իբրեւ թե Խումարյանը, ցանկանալով վիճարկել Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթում Արմեն Քոլոյանին հաղթող ճանաչելու և գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու մասին որոշումները, գիտակցելով, որ դատարան դիմելու ժամկետը բաց է թողել, կեղծ փաստաթուղթ է կազմել և ներկայացրել դատարան այն մասին, որ ինքը եկամուտ չի ունեցել` գործազուրկ է եղել և եկամտի այլ աղբյուր չունենալու պատճառով չի կարողացել օգտվել վճարովի իրավաբանական ծառայություններից, ինչով պայմանավորված էլ ժամկետը բաց է թողել: 

Հիշեցնենք, որ Խումարյանը պաշտոնից զրկվեց միայն այն ժամանակ, երբ 2024-ի հունվարի 31-ին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել Հանրային ռադիոյին, այդ հարցազրույցը բուռն քննարկման թեմա էր դարձել, և թիրախում էր հայտնվել հաղորդաշարի հեղինակ Բարեղամ Ղուկասյանը։ Գարեգին Խումարյանն իրավիճակը փոքր–ինչ հարթելու համար փետրվարի 5–ին հայտարարություն տարածեց ու հարցազրույցի մեղավորությունն իր վրա վերցրեց, սակայն շեշտեց, որ չի կիսում Փաշինյանի հայացքները։ 

Ռադիոյի տնօրենի մրցույթից անցել է մոտ 2 տարի, իսկ իշխանության կրնկի տակ գտնվող դատարանը ոչ մի կերպ չի քննում տնօրենի ընտրությունը վիճարկող հայցերը: Մեկ այլ պարագայում գործի քննության ժամկետները խախտած դատավորները կզրկվեին պաշտոնից, իսկ այս դեպքում իշխանությունն ինքն է կանգնած այս ձգձգման հետեւում:  

Գարեգին Խումարյանը «Հրապարակի» հետ զրույցում խոսելով ձգձվող դատական պրոցեսի մասին, ասաց. «Երկրում դատաքննության որակը այսպիսին է, ի սկզբանե պարզ էր, որ այս գործը ձգձգվելու է: Ասում են, որ դատարանների ծանրաբեռնվածությունն է այդ ամենի պատճառը», - ասում է Խումարյանը: Իսկ ո՞ր փուլում է գործը. «Երեք-չորս նիստ է տեղի ունեցել ընդամենը: Չեմ էլ հիշում արդեն, դեռևս կողմերը դիրքորոշում են հայտնում, ոչ մի այլ նոր բան: Խնդիրը իրականում շատ պարզ է` այդ մրցույթը պետք է չեղարկվի, որովհետև մրցույթի մասնակիցների հանդեպ քաղաքական հայացքներով պայմանավորված խտրականություն է արձանագրվել: Այստեղ այլ պարզելու բան առանձնապես չկա», - ասում է Գ. Խումարյանը: 

Ի դեպ` մեզ պատմել են, որ Հանրային ռադիոյում խայտառակ իրավիճակ է, հաղորդումներ են փակվել, կրճատումներ են գնում: Արմեն Քոլոյանը պրոիշխանական քարոզչություն է պահանջում լրագրողներից, լրագրողներց ոմանք իրենց դիմումի համաձայն ռադիոյից ստիպված հեռանում են:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image