Դատավորների գնահատման նոր համակարգ է ներդրվում։ Քննարկումներն առայժմ փակ դռների հետեւում են անցկացվում, ԶԼՄ-ների բացակայությամբ։ Ընդամենը տեղեկացնում են, որ մասնակցում են տարբեր մասնագիտացման դատավորներ, դատարանների աշխատակազմերի աշխատողներ, բայց թե ինչ մեթոդաբանություն է առաջարկվում դատավորներին գնահատելու, ինչ չափանիշներ, որ մարմինն է գնահատելու, ինչ կարգավիճակ ունի այն, եւ ովքեր են ներգրավված լինելու, այս մասին ոչինչ չի հաղորդվում։
«Եռօրյա ինտենսիվ քննարկումները նպաստելու են, շահագրգիռ կողմերի դիրքորոշումների հաշվառմամբ, դատավորների գնահատման լավագույն չափորոշիչներին համապատասխանող, անկախ եւ արդյունավետ համակարգի ներդրման գործընթացին։ Միջոցառումներն իրականացվել են արդարադատության նախարարության եւ Բարձրագույն դատական խորհրդի ներգրավվածությամբ եւ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի եւ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի համատեղ ջանքերով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Անկախ աղբյուրից կարողացանք պարզել, որ քննարկվում է դատավորների գնահատումը ներկայացուցչական մարմնին՝ ինչ-որ հանձնաժողովի կարգավիճակ վերապահելու հարցը։ Ըստ որոշ տվյալների, հանձնաժողովի թեկնածուներին կարող են տարբեր մարմիններ առաջարկել, նաեւ՝ Դատական դեպարտամենտը, հասարակական կազմակերպություններ։ Մեզ հասած տվյալների համաձայն, գործընթացը բավականին խնդրահարույց է։ Ըստ էության, ուզում են Դատավորների միության լիազորությունները նվազեցնել եւ այդ գործառույթը Միության հանձնաժողովի ձեռքից վերցնել` այն հանձնելով իշխանության կողմից կառավարելի մարդկանց:
Բացի այն, որ մեծ է դատավորների գլխին նոր մահակ ստեղծելու հնարավորությունը, նաեւ կան անհամապատասխանություններ գործող Դատական օրենսգրքին։ Բանն այն է, որ նախագծի մշակումը նախաձեռնել են որոշ դատավորներ եւ ԲԴԽ աշխատակազմը՝ Դատական դեպարտամենտը, որը չունի համապատասխան լիազորություններ։
Դատական օրենսգրքի 89-րդ հոդվածով սահմանված է, որ Բարձրագույն դատական խորհուրդն «իրավասու պետական մարմիններին առաջարկներ է ներկայացնում դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ», «դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տալիս է կարծիք» (մաս առաջին, 19, 20 կետեր)։
Դատավորներից կամ Դատական դեպարտամենտի աշխատողներից խումբ ստեղծելու, ինչ-որ նախագիծ կազմելու մասին օրենքը ոչինչ չի ասում։ Այսինքն՝ ԲԴԽ-ն ընդամենը կարող է ներկայացնել առաջարկություններ, բայց չի կարող օրենքի նախագծեր մշակել, ներգրավվել դատավորների աշխատանքը գնահատող հանձնաժողովում։
Նախկին դատավոր Էդիկ Ավետիսյանը կարծում է, որ դատավորներին լրացուցիչ վերահսկելու կամ գնահատելու կարիք չկա։ «Ինչը որ կա, բավական է, դեռ մի բան էլ ավել։ ԲԴԽ-ում կառույցն է, որը վերահսկում է գործերի լսման, վճիռների բեկանման ժամկետները, եւ հիմա այս համակարգն են փոխում»,- ասում է նա։ Մի քանի հարց ուղղեցինք նախկին դատավորին։
- Կա՞ փորձ, որ ինչ-որ այլ մարմիններից ստեղծված հանձնաժողով գնահատի դատավորների աշխատանքը։
- Ոչ, ես նման բան չեմ լսել, բայց այս նախագիծը, ամենայն հավանականությամբ, դրան է տանելու։ Ուղղակի դեռ քննարկումների փուլում է, նախագիծն ունենանք, տեսնենք։
- Անգամ հաղորդագրությունից է երեւում, որ ԲԴԽ-ն շատ ակտիվ է նախագծի ստեղծման հարցում, բայց ԲԴԽ-ն ունի՞ նման լիազորություն։
- Բա էլ ո՞վ պետք է ակտիվ լինի։ Ես չեմ ուզում առաջ ընկած բան ասել։ Երբ որ նախագիծն արդեն լինի, մենք կկարողանանք կոնկրետ ասել` ունի իրավունք, թե ոչ։
- Հնարավո՞ր է, որ հերթական լծակն են ուզում ստեղծել՝ դատավորների վրա ներազդելու։ Բացառո՞ւմ եք։
- Ես չեմ բացառում։ Հոտառությունը դրան է տանում։
Դատական դեպարտամենտից պարզաբանումներ խնդրեցինք։ Մեզ ասացին, որ այն, ինչ քննարկվում է, դեռեւս նախագիծ է։ Իսկ երեկ մի նոր ֆեյսբուքյան գրառում արեց դեպարտամենտը` «Դատավորների գործունեության գնահատման մեթոդաբանությունը կփոխվի».
«ԱԺ, ԲԴԽ, արդարադատության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ եւ բոլոր մասնագիտացումների դատավորների ներգրավմամբ, տեղի է ունեցել եռօրյա քննարկում՝ նվիրված դատավորների գնահատման նոր համակարգի ներկայացմանը։ Ներկայացվել են դատավորների գործունեության գնահատման նոր համակարգը, եւ մասնակիցները հնարավորություն են ունեցել փորձարկել մշակված մեթոդաբանությունը: Հատկանշական է, որ գործող կարգով գերազանց եւ լավ գնահատված դատավորներն առաջարկվող նոր կարգով ավելի ցածր ցուցանիշ են ունեցել։ Նոր մեթոդաբանության եւ կարգի համաձայն՝ դատավորները կգնահատվեն 2 տարին մեկ եւ ավելի հստակ չափանիշներով։
Հարկ է նշել, որ այս միջոցառումները եւ դատավորների գործունեության գնահատման համակարգի փոփոխությունը հնարավոր է եղել իրականացնել միջազգային եւ տեղական փորձագետների հետ միասին՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ»։