2018-ի հոկտեմբերին հրապարակվել են մի շարք երկրներում անցկացված հետազոտության արդյունքները, ըստ որի, Հայաստանում իրեն հավատացյալ է համարել հարցվածների 92%-ը: Ցավալիորեն, հարցադրման մեջ չի եղել այն հարցը, թե հավատացյալների որ մասը կրոնական որ ուսմունքն է դավանում: Այդ հարցին ինչ-որ չափով պատասխանել է օգոստոսի վերջին «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի կողմից ներկայացված հետազոտության տվյալների հրապարակումը, ըստ որի՝ ամենաբարձր գոհունակություն վայելող կառույցներից երկրորդը (առաջինը ՀՀ զինված ուժերն են) Հայ առաքելական եկեղեցին է՝ 59․7%-ով: Այստեղ օգտագործված «ինչ-որ չափով» արտահայտության իմաստն այն է, որ մարդ կարող է լինել հայոց եկեղեցու հավատացյալ, բայց գոհունակություն չզգալ այդ կառույցի նկատմամբ: Նախկինների օրոք այդպիսին է եղել, օրինակ, իմ վերաբերմունքը ՀԱԵ նկատմամբ: Նախկինում, քանի որ ՀԱԵ-ի վրա երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գրոհից հետո նախկին վերաբերմունքը պահպանելը դրականորեն չէր բնութագրի ո՛չ ինձ եւ ո՛չ էլ ուրիշ մարդու:
Անցնենք առաջ: GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ի կողմից անցկացված հերթական հարցախույզի համաձայն, հունիսի վերջին ձերբակալված եւ կալանավորված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի եւ Բագրատ սրբազանի կալանքի ժամկետը դատարանի որոշմամբ երկարաձգելը բացասական է գնահատել հարցվածների 56.8%-ը: Ինչպես երեւում է, այդ տվյալը համապատասխանում է ՀԱԵ-ի առումով գոհունակության տվյալին (59․7%): Հենց սկզբից ասեմ, որ տվյալների համեմատությամբ ես խնդիր չեմ դրել մեկին կամ մյուսին ճիշտ կամ սխալ հանելուն: Ու էն գլխից ընդունել եմ, որ երկու հետազոտությունն էլ ճշմարիտ են: Ու, ըստ այդմ, ինձ հետաքրքրում էր, թե հայոց եկեղեցու հավատացյալ լինելն ու նրա գործունեությամբ գոհ լինելը որքանով է համապատասխանել այդ երեւույթի առանձին կողմերի (կամ դիրքերի (позиции)) առումով վերաբերմունքին: Ինչպես տեսնում ենք, առաջին դիրքի առումով (по 1-ой позиции) համապատասխանությունը դրական է:
Շարունակենք: Ըստ մեկ այլ հարցի, թե այսօր Հայաստանում կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ, եւ ո՞ւմ եք համարում քաղբանտարկյալ, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին եւ Բագրատ սրբազանին քաղբանտարկյալ է համարել հարցվածների, համապատասխանաբար, 37.8 եւ 38.5 տոկոսը: Ի դեպ, տվյալ հարցի առումով պատասխանների առաջին հորիզոնականում գործարար Սամվել Կարապետյանի անունն է՝ 71.5%-ով: Ինչպես երեւում է, այս դիրքում կալանքի ժամկետը դատարանի որոշմամբ երկարաձգելու բացասական վերաբերմունքը թվական առումով այնքան էլ չի համապատասխանում սրբազանների՝ քաղբանտարկյալ լինելու հանգամանքին: Հետաքրքիր է՝ եթե վերջիններս հարցվածների շուրջ 20%-ի (56.8% - 37.8% կամ 56.8% - 38.5%) կարծիքով քաղբանտարկյալ չեն, ապա ի՞նչ են կամ ինչո՞ւ են հայտնվել բանտում: Եվ հատկապես նրանցից արքեպիսկոպոս Աջապահյանը, որն ընդամենը խոսել է՝ սկզբում անցյալ տարի, այս տարի կրկնել: Ու անցյալ տարի նրա խոսքը հանցակազմ չի պարունակել, իսկ այս տարի դա «ձեռք է բերել»:
Ի դեպ, արքեպիսկոպոսի եւ գործարարի նկատմամբ իրավապահ համակարգի կամ, ավելի ճիշտ՝ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի վերաբերմունքը նույնն է: Սակայն դա նույնը չէ հարցվածների մոտ, ինչը նշանակում է, որ եկեղեցին այդ առումով այնքան ակտիվ չէ, որքան որ պետք է լիներ: Չնայած նկատել եմ, որ ՀԱԵ հայտարարություններում վերաբերմունքի որոշակի տարբերություն կա Միքայել արքեպիսկոպոսի եւ Բագրատ սրբազանի առումով, ինչը նորմալ է: Երկրորդը, այնուամենայնիվ, հականիկոլական շարժում էր ծավալել, իսկ Նիկոլը, չմոռանանք, կառավարությունն է: Եվ ընդհանրապես՝ հայոց ողջ պետությունը: Իսկ առաջինը միայն խոսել էր: Որովհետեւ, եթե առաջնորդվենք խոսելն արգելելու պայմանով, ապա ողջ ընդդիմադիր դաշտը պետք է զրկվեր ազատությունից: Չնայած հասկանալի է, որ այդքան տեղեր չկան հայաստանյան բանտերում, որպեսզի դրանք տեղավորեին բոլորին: