Օնիկ Գասպարյանի հայտարարությունից հետո երկրում ստեղծված իրավիճակին ուշի-ուշով հետեւում էին նաեւ ռուսաստանյան լրատվական գործակալությունները։ Չնայած փորձում են պահել չեզոքությունը, բայց ակնհայտ է նաեւ հեգնանքը գերագույն գլխավոր հրամանատարի նկատմամբ։
Զրուցել ենք ռուսաստանցի վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ։
- Երեկ իշխանությունը հայտարարեց, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է, նա էլ հանդես եկավ ուղերձով, որտեղ կրկնեց, որ իր դիրքորոշումն անփոփոխ է․ պաշտոնից իր ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական է, եւ առկա ճգնաժամի լուծումը հնարավոր է բացառապես վարչապետի հրաժարականի եւ արտահերթ ԱԺ ընտրությունների արդյունքում։ Ի՞նչ գնահատական կտաք այս հանգուցալուծմանը։
- Այն, ինչ կատարվում է, խոսում է այն մասին, որ առկա է շատ լուրջ թերիմացություն կամ փոխըմբռնման բացակայություն երկրի ռազմական ու քաղաքական ղեկավարության միջեւ։
Այդ փոխըմբռնման բացակայությունը չի կարող հանվել ինչ-որ փոխարինումներով։ ԳՇ պետի առաջին տեղակալի, ԳՇ պետի, մյուսների։ Սա եղանակ չի փոխում, քանի որ զինվորականների մոտ առկա է երկրի քաղաքական ղեկավարության նկատմամբ անվստահության բարձր շեմ։ Եվ ԳՇ պետի հրաժարականը ոչինչ չի փոխում։ Կարծում եմ, որ այս անվստահությունը, ընդ որում՝ ոչ միայն բարձրագույն, այլեւ միջին ու ստորին մակարդակներում, կարող է վերացվել միայն Փաշինյանի հեռացումով։ Չեմ կարծում, որ Փաշինյանի իշխանության պահպանումը կամ ինչ-որ նոր նշանակումներ սա փոխելու են։
Սա անվստահություն է, որը հիմնված է արցախյան երկրորդ պատերազմի ողբերգական հետեւանքների վրա, բոլոր այն քաղաքական սխալների։ Եվ ես ուզում եմ ընդգծել, որ սա ռազմական հեղաշրջում չէր, սա բանակի անվստահությունն է երկրի գերագույն գլխավոր հրամանատարի նկատմամբ։ Ցավոք, գերագույն գլխավոր հրամանատարը սա չի ուզում լսել։
- Ի դեպ, մեզ մոտ Օնիկ Գասպարյանին շատերը քննադատում են նրա համար, որ տանկեր չհանեց փողոց եւ չձերբակալեց Փաշինյանին։
- Նրանք այդպիսի կոչերով Գասպարյանին ու մյուսներին հրահրում էին ռազմական հեղաշրջման, բայց ռազմաքաղաքական ղեկավարությունը չգնաց դրան։ Ավելին՝ ԳՇ-ն կտրականապես դեմ արտահայտվեց իշխանափոխության հակասահմանադրական մեթոդներին։ Ցավոք, Փաշինյանի կողմից սա օգտագործվում է։ Նա օգտագործում է արտակարգ կամ ռազմական դրությունը խորհրդարանական ընտրություններ չնշանակելու համար։ Ի տարբերություն քաղաքականի, ռազմական ղեկավարությունն իրեն հույժ ժողովրդավար է պահում։ Նրանք գործում են Սահմանադրության շրջանակներում, ոչ թե ինչ-որ դավադիրներ են, ինչպես փորձ է արվում ներկայացնել։ Մարդիկ, որոնք հայրենասերներ են, բայց չեն կարող գնալ ռազմական հեղաշրջման ճանապարհով, իսկ իրենց էլ դա դրդում են որոշ ուժեր։
- Այսինքն՝ զինված հեղաշրջում, տանկեր եւ այլն․․․ միջազգային հանրությունն ու ՌԴ-ն մեզ չէին հասկանա։
- Այնուամենայնիվ, այս սցենարը Հայաստանի համար բնութագրական չէ, եւ զինվորականները չգնացին։ Հիպոթետիկ, ռազմական հեղաշրջում կարող էր տեղի ունենալ, բայց երեւի ռազմական ղեկավարությունն իմաստնություն դրսեւորեց, չսկսեց արտաքին շատ լուրջ վտանգի պայմաններում ավելորդ սրել երկրի ներքաղաքական վիճակը։ Այսինքն՝ ստացվում է, որ երկրի ռազմական ղեկավարությունն ավելի իմաստուն է, քան քաղաքականը։
- Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է լինելու այն գեներալների ու զինվորականների հետ, որոնք դրել են իրենց ստորագրությունը ԳՇ հայտարարության տակ։ Նրանք կհեռացվե՞ն։
- Նիկոլ Փաշինյանն արել է ամեն ինչ՝ վերացնելու իր բոլոր քաղաքական մրցակիցներին։ Կարճատես քաղաքականություն։ Այն էլ՝ այն պայմաններում, որում գտնվում է Հայաստանը, եւ որն անվտանգային ահավոր մեծ մարտահրավերների առաջ է կանգնած։ Նման երկրում չի կարելի փոխել ռազմական ղեկավարությանը։ Ցավոք, նա իր քաղաքական նպատակներից ելնելով՝ գնում է նման փոփոխությունների։ Հուսով եմ, որ այս ամենը կսահմանափակվի 1-ին տեղակալի փոփոխությամբ եւ համատարած բնույթ չի կրի։ Շատ կուզեի դրան հավատալ։ Եթե լինի գեներալիտետի ու ողջ ԳՇ-ի ղեկավարության զանգվածային ազատում, սա կլինի անձամբ Փաշինյանի լիակատար վարկաբեկումը։