Այլ

Կորցրած լեգիտիմությունը վերականգնելու փորձ՝ Եկեղեցու հաշվին

Կորցրած լեգիտիմությունը վերականգնելու փորձ՝ Եկեղեցու հաշվին

Երբ որևէ ղեկավարի քաղաքական լեգիտիմությունն սպառվում է հասարակության շրջանում, սովորաբար կա պարզ լուծում՝ հրաժարականը։ Բայց Հայաստանում մենք տեսնում ենք ղեկավարի, ով բազմիցս սպառած լինելով իր լեգիտիմությունը, շարունակում է կառչել իշխանությունից՝ մաշեցնելով պետությունն ու քայքայելով ինստիտուտները։ Ամեն անգամ, երբ թվում է՝ վերջն է, նա հերթական պետական կառույցն է ուղարկում մսաղացի մեջ՝ վստահ լինելով, որ հանրությունը կրկին փորձելու է փրկել այն, ով հայտնվել է այդ իրավիճակում։ Սա դարձել է նրա իշխանական մեխանիզմը։

Փաշինյանը սպառել է իր քաղաքական լեգիտիմության բոլոր ռեսուրսները։ Նրա նկատմամբ վստահությունն այնքան է նվազել, որ վերջին շրջանում նա սկսել է գրոհել վերջին հզոր կառույցի՝ Եկեղեցու վրա։ Եկեղեցին դեռ պահպանում է հասարակության կողմից հարգվող արժեքային հեղինակություն, այն կարող է տալ «ընդունելիության» զգացողություն։ Նրա շարունակական այցելությունները եկեղեցիներ և հաղորդություն ստանալը անուղղակի ուղերձ է՝ «Ես մաքուր եմ, իմ գործողությունները արդար են»։

Քաղաքական ճգնաժամի և հանրային քննադատության պայմաններում նման վարքագիծը հաճախակի է դառնում։ Մարդիկ ծանր իրավիճակում սովորաբար վերադառնում են իրենց մանկության, մշակութային և ընտանեկան հենարաններին։ Հայաստանում այդ հենարաններից ամենահզորը Եկեղեցին է։ Փաշինյանը փորձում է վերադառնալ այնտեղ, բայց իր կանոններով՝ վարչական ու քաղաքական ազդակներով ձևավորելով «անվտանգ տարածք»՝ ինքն իրեն հանգստացնելու և խորհրդանշական իշխանությունը ամրացնելու համար։ Կրկնվող կիրակնօրյա պատարագներն ու հոգևոր արարողությունները դարձել են նրա հոգեբանական մեխանիզմը՝ հաղթահարելու անկառավարելի իրականությունը։

Բայց ամենավտանգավորը հետևյալն է։ Կիրակնօրյա պատարագները, որոնք իրականացվում են կարգալույծ քահանաների և իր նշանակած դպիրների միջոցով, միտված են Եկեղեցու միասնական արժեքային դաշտը խաթարել։ Երբ Եկեղեցին դադարում է լինել հասարակությունը միավորող կողմնացույց, առաջանում է դատարկ տարածք, որտեղ ցանկացած ուժ կարող է ձևավորել իր «իրողությունը»։ Այդ ուժը հենց Փաշինյանն է՝ պետական ողջ ռեսուրսն օգտագործելով սեփական իշխանությունը ամրապնդելու համար։

Արդյունքում հասարակությունը մնում է առանց քաղաքական և հոգևոր կողմնացույցի։ Իսկ ճգնաժամային պայմաններում կողմնացույցի բացակայությունը նշանակում է ոչ այլ ինչ, քան պետականության աստիճանական քայքայում։ Խորհրդանշական և իրական իշխանությունը սահուն միահյուսվում են՝ առաջացնելով իրավիճակ, որտեղ հասարակությունը, կորցրած վստահությունը, դատարկ արժեքային դաշտում, դառնում է կառավարելի, թույլ։ 
Այս ամենը ցույց է տալիս, որ կորցրած լեգիտիմությունը վերականգնելու ցանկացած փորձ Եկեղեցու հաշվին չի կարող լինել բարոյական կամ կայուն. այն միայն խորացնում է հասարակության բաժանումը և պետության ճգնաժամը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image