Սկիզբը՝ այստեղ
Rothman, Warwar եւ այն կողմ
Նախորդիվ գրել էինք, որ «Կովերու պարտէզի» վարձակալման համաձայնագիր կնքած Xana Gardens Ltd-ի հիմնական սեփականատեր Danny Rothman-ը տարբեր փաստաթղթերում հանդես է գալիս նաեւ Daniel Rubenstein եւ Danny Kaufman անուններով: Նա Իսրայելի հյուրանոցային բիզնեսում նկատված անձնավորություն է, ունի երկու երկրի քաղաքացիություն՝ Ավստրալիայի եւ Իսրայելի, տարբեր ընկերություններ է հիմնադրել, օրինակ՝ Tamar Tours, 1994-ին, Ben Air Ltd, 1995-ին, հետագայում Իսրայելի դատարաններում է հայտնվել՝ Tamars Tour-ի անվճարունակ դառնալու պատճառով, հետո՝ սնանկ ճանաչված Tamars Resort-ի, ապա՝ այլ արկածախնդրությունների։
Rothman-ն իրավապահների ուշադրությանն է արժանացել նաեւ Իսրայելի սահմաններից դուրս, ասենք՝ Կիպրոսում գործունեություն ծավալելու իրավունքից է զրկվել՝ իր կրթության մասին կեղծ փաստաթղթեր ներկայացնելու, հարկեր թաքցնելու, հարկային փաստաթղթեր կեղծելու պատճառով։ Կրթության մասին ստախոսությունն էլ բացահայտվել է, քանի որ, հակառակ London School of Economics-ի շրջանավարտ ներկայանալուն, այդ համալսարանից ժխտել են, թե իրենք երբեւէ Danny Rothman կամ Daniel Rubinstein անուն-ազգանվամբ ուսանող են ունեցել։
Այս տարվա ամռանը Rothman-ը Ճապոնիայում հյուրանոցային բիզնեսի ինչ-որ պաշտոն է ստանձնել եւ Mount Moiwa անվանումով հանգստավայր բացել։ Վերջապես Xana Gardens Ltd-ն էլ Rothman-ը գրանցել է offshore-ում՝ Արաբական Էմիրություններում, ենթադրաբար՝ որպեսզի դրա մասին տեղեկությունները դժվարությամբ հասնեն Իսրայել եւ իսրայելյան դատարաններ։
Այս անձի ողջ կենսագրությունը խաբեբայությունից եւ արկածախնդրությունից բացի այլ բան չէ, եւ միանգամայն անհասկանալի է, թե նման անբարեհույս անձն ինչու է հայտնվել Հայոց պատրիարքարանի կալվածքը վարձակալողի դերում։ Ոմանց թվում է, թե իրականում Danny Rothman-ը ցուցանակ է, այդ ցուցանակի ետեւում գործող իրական անձը George Warwar-ն է։ Ուրիշները կարծում են, որ George Warwar-ն էլ կարող է ցուցանակ լինել, եւ իրական շարժիչ ուժերը նրա ետեւում են։ Ամեն դեպքում, 2019-ին տեղի ունեցած մի միջադեպ ոչ ոք չի մոռացել։
2019-ին կամ գուցե նախորդ տարի Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը, բոլոր ընթացակարգերի պահպանմամբ, կողմ ձայների գերակշռությամբ, 10 տարով Երուսաղեմի քաղաքապետարանին վարձակալության է տվել «Կովերու պարտէզի» մի հատված՝ բարեկարգելու եւ ավտոկայանատեղի գործարկելու համար։ 2019-ին տարածքի բարեկարգումն ավարտվել է, ավտոկայանատեղին՝ բացվել, եւ այդ կապակցությամբ Երուսաղեմի քաղաքապետ Մոշե Լեոնն է տարածք ժամանել՝ իր հետ բերելով Իսրայելի դրոշներ։
Իհարկե, Իսրայելի դրոշի հայտնվելը Հայկական թաղամասում կատարելապես անհանդուրժելի է՝ նույնիսկ որեւէ միջոցառման առիթով։ Հայկական թաղամասում կարող է ծածանվել միայն Սրբոց Յակոբեանց Միաբանութեան խաչակիր դրոշը։ Հայերը կարող է պատահել նաեւ Հայաստանի դրոշ դնեն, բայց դա երկրորդական է։ Դրա համար էլ, ի տես Իսրայելի դրոշի, հայերը, ներառյալ Միաբանութեան հոգեւորականները, բոյկոտել են ավտոկայանատեղիի բացման միջոցառումը։ Փոխարենը ոմանք ուշադրություն են դարձրել, որ ավտոկայանատեղիի 10-ամյա վարձակալության պայմանագրում կա կետ, թե Երուսաղեմի քաղաքապետարանը պատրաստ է տարածքը զիջել կառուցապատման համար, եթե վարձակալության ընթացքում կառուցապատման որեւէ ծրագիր հաստատվի։ Օրինաչափ կասկած է ծագում․ եթե Երուսաղեմի քաղաքապետարանը հետագային առնչվող իդեաներ եւ շահագրգռություն չունենար, ինչո՞ւ պետք է իր վարձակալած տարածքը զիջելու մասին կետ ձեւակերպեր։
Վերջնահաշվում, սակայն, պարզ է, որ Rothman, Warwar, Leon կամ ուրիշ ինչ ազգանուններ էլ հոլովվեն, ով առաջին ջութակ լինի, ով՝ վերջին, «Կովերու պարտէզի» եւ ցանկացած այլ տարածքի վարձակալություն գործարք չէր կարող կնքվել առանց Հայոց պատրիարքարանի այն ժամանակվա կալվածքների տեսուչ Հայր Պարետ Երիցյանի ստոր գործունեության։
Ի՞նչը կարող էր լինել Հայր Պարետի մոտիվացիան
Կալվածքների տեսուչի պաշտոնում Հայր Պարետ Երիցյանին նշանակել է Նուրհան Սրբազանը։ Եվ դա զարմացնող նշանակում է, քանի որ շատ ավելի արժանավոր անձինք (ասենք՝ Հայր Գուսանը, ով պատրիարքարանի թարգմանն էր, հրաշալի կապեր ուներ այլ կրոնական համայնքների, իշխանությունների հետ, եւ այլոք) ծառայության են նշանակվել արտերկիր, մինչդեռ Հայր Պարետը, ով պատրիարքական ընտրություններում Նուրհան Սրբազանի հակառակորդ ճամբարում է եղել, հանկարծ՝ ոչ այս, ոչ այն, նշանակվել է կալվածքների տեսուչ։ Ողջ հարցն այստեղ այն է՝ արդյո՞ք Նուրհան պատրիարքը սեփական նախաձեռնությամբ, թե ինչ-որ ատյանի հորդորով է Հայր Պարետին նշանակել այդ պաշտոնում։
Հայր Պարետը կալուածոց տեսուչի պաշտոնում այնպիսի վնասակար ու արգահատելի գործունեություն է ծավալել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի եւ Սրբոց Յակոբեանց Միաբանութեան շահերի դեմ, որ արժանիորեն ուղին ավարտել է կարգալույծ արվելով եւ պատրիարքարանից ու միաբանությունից վտարվելով։ Սա այն դեպքն է, երբ բանադրանքն էլ խիստ պատիժ չէր լինի։ Սակայն ինչո՞ւ, ի՞նչ մոտիվացիայով կարող էր Պարետ Երիցյանը պատրիարքարանին եւ միաբանությանը կարելվույն չափ վնասելու նման խոտոր ընթացք որդեգրել։
Հարցեր են ծագում՝ սկսած այնտեղից, թե ինչպես էին Հայր Պարետը եւ Նուրհան Սրբազանը հասնում նման կուրության, որ պատրիարքարանի կալվածքում 7 աստղանի հյուրանոցի կառուցում թույլատրեն։ Արեւի լույսի պես պարզ չէ՞, որ նման հյուրանոցն ուխտավորների իջեւանատուն չէր ծառայելու, այլ՝ մոլախաղերի, զվարճությունների ու զեխությունների վայր։ Կա՞ր մեկը, ով չէր գիտակցում, որ 7 աստղանի զեխությունների վայրի կառուցումը պատրիարքարանի հարեւանությամբ ստվեր է նետելու Սրբոց Յակոբեանց Միաբանութեան հոգեւոր կերպարի եւ ընկալման վրա եւ անհաշվելի խնդիրներ է հարուցելու հարեւանությամբ գտնվող Կյուլպենկյան մատենադարանի, Մարտիկյան թանգարանի, Ժառանգավորաց վարժարանի, Թարգմանչաց վարժարանի, Սրբոց Յակոբեանց տաճարի բնականոն գործունեության համար։
Ընդսմին, տարածքը վարձակալությամբ տրվում էր ձրի, անխղճաբար վատնելով Հայոց պատրիարքարանի ունեցվածքը․ Xana Gardens Ltd-ին փաստաթղթերով տրվում էր 11 000, իրականում՝ գրեթե 15 000 քմ տարածք, տարեկան 350 հազար դոլար վարձավճարի դիմաց (դա էլ վճարելու էր 15-րդ տարուց սկսած, երբ հյուրանոցը կառուցված լիներ), այն դեպքում, երբ այդ տարածքի արժեքը, ամենահամեստ հաշվարկներով, 200 միլիոն դոլար է (1քմ հողի արժեքը Սուրբ Քաղաքում 12 հազար դոլար է, դեռ մի կողմ թողած, որ այդ գինը շոշափելիորեն ավելի բարձր կլինի Սիոն լեռան վրա)։ Հարյուր միլիոններ արժեցող տարածքի համար կարելի էր գոնե մի քանի տասնյակ միլիոն դոլար տարեկան վարձավճար պահանջել, ոչ թե մի քանի հարյուր հազար դոլարի դիմաց (պլյուս Xana Gardens-ի կողմից որպես կանխավճար տրված ինչ-որ 2 միլիոն դոլար) ձրիաբար վարձակալության տալ, ում կողմից եւ ինչի համար էլ լիներ վարձակալությունը։
Հետեւաբար, այն վնասարարությունն ու ստորությունը, որ հետեւողականորեն գործադրել է կարգալույծ Պարետ Երիցյանը, պետք է մի բացատրություն ունենար։ Դժվար ընչաքաղցությունը լինի բացատրությունը․ կյանքի 8-րդ տասնամյակում գտնվող եւ հոգեւոր ծառայությամբ ապրող անձն ի՞նչ պետք է աներ նյութական միջոցները։ Ավելի հավանական է՝ ոչ նյութական մղում առաջնորդած լինի Հայր Պարետին։
Ինձ թույլ եմ տալիս հրապարակավ այդպես ենթադրել, քանի որ 2017-ի ամռանը Հայր Սամվելը եւ Հայր Պարետը ժամանել էին Էջմիածնում գումարված ինչ-որ նշանակալից եկեղեցական համաժողովի (Արիս Սրբազանն էլ էր իրենց հետ), եւ այդ ժամանակ ես գրել եմ ու հիշում եմ, որ Հայր Սամվելի ու Հայր Պարետի եպիսկոպոսական ձեռնադրման խնդիրն էր կանգնած։ Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը իրենց առաջադրել էր, սակայն Գարեգին II Վեհափառ Հայրապետը չէր համաձայնել Հայր Պարետին եպիսկոպոս ձեռնադրել, Հայր Սամվելն էլ համերաշխության համար առաջարկել էր, որ այդ դեպքում իրեն էլ չձեռնադրեն։ Թե´ Հայր Սամվելը, թե´ Հայր Պարետը այդ ժամանակ արդեն առաջացած տարիքում էին, երեւի 70-ն անց։
Տասնամյակների ծառայությունից հետո չգնահատվելը, եպիսկոպոսական ձեռնադրում մերժելը, իհարկե, կարող էր չարացածության եւ վրեժխնդրության ծնունդ տալ։ Մյուս կողմից էլ հնարավոր է՝ Գարեգին II Վեհափառը ճանաչել եւ պատկերացրել է, թե ինչի է ընդունակ Հայր Պարետը, դրա համար էլ հրաժարվել էր նրան ձեռնադրել։ Ո՞րն է պատճառ, ո՞րը՝ հետեւանք, դժվար է կռահել․ ամեն պարագայում, Հայր Պարետի խոստովանությունն է, որ Rothman-ի հետ գործարքի թեման 2018-ից (ասել է թե՝ 2017-ից հետո) է բացվել, ըստ իրեն՝ իբրեւ թե Տնօրէն ժողովին ներկայացվել։
Այն, ինչ տրված է հայությանը Աստծո կողմից
Երբ խոսք է բացվում Սուրբ Քաղաքի Հայկական թաղամասի մասին, միակ ցանկությունն այն մասին խոսելն է, թե ինչպես է մեր թաղամասի կենտրոնական փողոցը կոչվել Armenian Road Քրիստոսի ծնունդից էլ առաջ, ինչպես է Եդեսիայի գահակալ հայոց Աբգար արքան, ի պաշտպանության Հիսուսի, նամակներ հղել Հռոմի կայսրին եւ պաշտպանել Հիսուսին հրեաների զրպարտություններից ու հալածանքներից, ինչպես է Աբգար արքայի կինը՝ հայոց Հեղինե թագուհին, բարեկամություն հաստատել Մարիամ Աստվածածնի հետ եւ դարձել Տերունական սրբավայրերի առաջին հոգատարը Բեթղեհեմից մինչեւ Երուսաղեմ, ինչպես են հայերը ժառանգել քրիստոնյա եկեղեցու առաջին պատրիարքի՝ Հակոբոս Տեառնեղբոր Պատրիարքական Աթոռը եւ տունը, որի հիմքերի վրա բարձրանում է մեր այսօրվա Սրբոց Յակոբեանց տաճարը, ինչպես են արաբական արշավանքներից հետո հայերը մնացել քրիստոնեական սրբավայրերի միակ հոգատարը Սուրբ Երկրում եւ Մուհամեդ Մարգարեից ստացել հայոց իրավունքների ճանաչման թղթերը, ինչպես է Հայոց Գրիգոր Շղթայակիր պատրիարքը ոտքով ողջ Արեւմտյան Հայաստանն անցել, մինչեւ անհրաժեշտ միջոցները հանգանակեր եւ իր Միաբանությունն ու տաճարն ազատեր պարտքերից, ինչպես են Բալյանները, ինչպես է է Գյուլբենկյանը, եւ այդպես շարունակ․․․
Հին Երուսաղեմի Հայկական թաղամասն իմ սիրած վայրն ու թեմաներից է աշխարհում, Սուրբ Քաղաքի մասին ես մի քանի անգամ եմ գրել, կարծում եմ՝ առաջիկայում էլ կգրեմ, բայց այս հոդվածը ցանկանում եմ ավարտել մեկ հարցով՝ ո՞ւր է ՀՀ ԱԳՆ-ն։ Ինչո՞ւ ՀՀ-ում Իսրայելի դեսպանը չի կանչվել ԱԳՆ։ Ինչո՞ւ է Էջմիածինը լուռ, եւ նույն դեսպանին Վեհարան չեն հրավիրել։ Երեւանում մի շարքային սինագոգի վրա իրական, թե բեմադրված հարձակման համար ՀՀ ԱԳՆ-ն մտահոգվում է այնքան, որ հայտարարություն է տարածում, իսկ Սուրբ Քաղաքի Հայկական թաղամասում ասֆալտ ու պարիսպ քանդելու հանցագործության կապակցությամբ ասելիք չունի՞․․․