Ադրբեջանում ուշիուշով հետևում և մեկնաբանում են Վաշինգտոնում այսօր տեղի ունեցողը: Minval.az-ի հետ զրույցում քաղաքագետ Էլհան Շահինօղլուն, անդրադառնալով Ադրբեջանի ու Հայաստանի կողմից Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը, հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Վաշինգտոնին կամ այդ փաստն ուղիղ քննադատելու քայլեր չի ակնկալում
: Նա դա պայմանավորել է այն հանգամանքով, որ Պուտինն ու Թրամփը ակտիվ քննարկումների մեջ են և ՌԴ–ի համար կարևոր է ՈՒկրաինայի հետ զինադադարի հասնելու հարցում ԱՄՆ ջանքերը:
Բացի այդ, վերջինս կանխատեսում է այս իրողություններից հետո Իրանի ազգայնական կամ պահպանողական հատվածի կողմից սուր քննադատական վերաբերմունք Հայաստանի նկատմամբ: «Առաջին անգամ պահպանողականները կկենտրոնանան Երևանի վրա:
Նախկինում նրանց քննադատությունը հիմնականում ուղղված էր Ադրբեջանի դեմ, սակայն Փաշինյանի կողմից Վաշինգտոնում մի շարք փաստաթղթերի ստորագրությունից հետո և Հայաստանին պատկանող Զանգեզուրի միջանցքի վերահսկողությունը ամերիկյան ընկերությանը հանձնելուց հետո իրավիճակը կարող է փոխվել: Դա արդեն կհանգեցնի իրանցի պահպանողականների կողմից Փաշինյանի դեմ քարոզչական պայքարի», — ասում է Շահինօղլուն: