Հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բազմաթիվ դաշինքներ են ձևավորվել, կուսակցություններ հիմնվել։
«Ազատ Հայրենիք» դաշինքի ձևավորման մասին հայտարարել են «Ազգային Ինքնորոշում միավորում», «Արդարություն», «Ժողովրդավարական Հայրենիք», Հայ կառուցողական, Պահպանողական կուսակցությունները, որոնց երեկ միացել է «Ազգային Ժողովրդավարների դաշինքը»՝ Արշակ Սադոյանի գլխավորությամբ:
Սրան զուգահեռ արդեն մի քանի օր ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք և դեռ չեն պատրաստվում հեռանալ։
Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ։
- Պարո՛ն Մակեյան, հայտնի դարձավ, որ 6 կուսակցություններով արդեն «Ազատ Հայրենիք» դաշինքն եք կազմել։ Կա՞ն էլի ուժեր, որոնք, հնարավոր է, միանան ձեզ։
- Ինֆորմացիան այդքանն է։ Այսօր էլ քննարկումը շարունակվում է։ Կարծում եմ, որ արդյունքն այսօր էլ հստակ կլինի։
- Հնարավո՞ր է, որ արդեն Հայաստանի եվրոպական կուսակցությունը և «Ազգային-ժողովրդավարական Բևեռ»-ն էլ միանան։
- Նախնական քննարկում եղել է, բայց, կարծես թե, նրանք որոշել են միայնակ գնալ։ Իմ նախնական տեղեկություններով։
- Սահմանային լարվածության վերաբերյալ ի՞նչ գնահատական ունեք։ Ըստ Ձեզ՝ այս սահմանային լարումները թույլ կտա՞ն ընտրություններ անցկացնել։
- Մեր կուսակցությունում երեկ և այսօր քննարկում է եղել այդ մասով։ Երևի վաղը հայտարարությամբ հանդես գանք, որ սահմանային այս լարվածության, թշնամու ոտնգությունների առկայության դեպքում ճիշտ կլինի, որ իշխանությունները հետաձգեն ընտրությունները, ռազմական դրություն հայտարարեն, որովհետև ընտրություններն ուղեկցվելու են բռնությամբ, արյունահեղությամբ, ես կասեի՝ «Մարտի 1»-ի կրկնությամբ, որպեսզի բալանսը պահվի։ Երբ որ Նիկոլը «Մարտի 1»-ի մեջ մեղադրում է նախկիններին, նախկիններին էլ իր դեմը պետք է դնեն։ Այս ընտրությունը եթե կայանա, ամենախայտառակ գործընթացը կլինի, այլևս ընտրություն անվանել չի լինի։ Եվ իշխանությունը պետք է սթափվի, անցումային, ժամանակավոր, արհեստավարժ կառավարություն ձևավորի, որը մեկ տարվա ընթացքում փորձի Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի, «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններ ընդունել, և նոր անցկացվեն արտահերթ ընտրություններ։
- Այսինքն՝ Փաշինյանի հեռացումո՞վ դա լինի։
- Իհարկե։ Փաշինյանն արդեն անկայունության, ճգնաժամի սիմվոլ է դարձել, պարտության սիմվոլից վերածվել է մշտական քաոս ստեղծելու սիմվոլի։ Եվ Փաշինյանը պետք է հասկանա, որ իր միակ ներդրումը կլինի, որ անցումային ժամանակավոր կառավարություն ձևավորի կամ թույլ տա այդ ձևավորմանը և հեռանա։ Այստեղ խնդիր կա իր անվտանգության մասով։ Բնականաբար ռուսները պետք է իրեն դեռևս օգտագործեն, ինչը մենք տեսնում ենք հիմա։
- Նկատի՞ ունեք փաստաթուղթը, որ այսօր հայտարարեց՝ պետք է ստորագրի։
- Ոչ միայն։ Փաստաթուղթը, կարծում եմ, այդ ամբողջ օգտագործման գործընթացի մեջ մի էպիզոդն է։ Մեծ հաշով, եթե ռուսները պահում են նրան, և իրենց շարասյուններն օգտագործում նրա դեմ երկիրը քաոսի վերածելու նպատակով, նշանակում է՝ իրենք Հայաստանի վերջնական վերացման խնդիր ունեն սուբյեկտության, որն առանց այդ էլ զրոյական է։ Եվ միգուցե այդ նույն շարասյունները փորձեն ներգրավել, որպեսզի Հայաստանը տանեն Ռուսաստանի, այսպես ասած, մարզերից մեկը դարձնեն։
- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստաթղթին, որ մասին հայտարարեց, թե «100 տոկոս համապատասխանում է ՀՀ շահերին»։ Դուք հավատո՞ւմ եք դրան։
- Ախր, էդ տղուն հավատալն արդեն խիստ, այսպես ասած, ֆանտազիայի ոլորտից է։ Ինքն այնքան ստեր է ասել, այնքան խոստումներ է տվել ու այդ խոստումները հերքել, որ նրա ոչ մի ասածին չպետք է հավատանք։ Իմ իմացած Նիկոլից հազարապատիկ գործակցով փոխված մարդ է մնացել։ Այդ մարդն անհասկանալի է, թե որտեղից է։ Կարող է, իր կրկնօրինակն են բերել, օգտագործում են, ես չգիտեմ։ Կարող է, իրական Նիկոլը չկա։