Հարցազրույց

Որևէ պարտավորություն իրավունք չունենք մեզ վրա վերցնել, որով Արցախը կդնենք Ադրբեջանի կազմի մեջ․ Մարուքյան

Որևէ պարտավորություն իրավունք չունենք մեզ վրա վերցնել, որով Արցախը կդնենք Ադրբեջանի կազմի մեջ․ Մարուքյան

Մայիսի 20-ին հաստատվել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային դելիմիտացիային, դեմարկացիային վերաբերող փաստաթուղթ կա շրջանառության մեջ։ 

Իմքայլական վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կառավարության նիստին ասել էր, որ ստորագրելու է այն։ Եվ սա այն պարագայում, երբ ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի տարածքում ամրացնում են իրենց դիրքերը։

Նույն օրն Ազգային ժողովը մերժել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Մայիսի 12-ից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման, ՀՀ նկատմամբ ուժի կիրառման արդյունքում առաջացած իրավիճակում կառավարության կողմից իրականացվող գործողությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: Կողմ էր քվեարկել 25 պատգամավոր, իսկ իմքայլականները չէին էլ մասնակցել քվեարկությանը:

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։

- Պարո՛ն Մարուքյան, «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած «Մայիսի 12-ից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման, ՀՀ նկատմամբ ուժի կիրառման արդյունքում առաջացած իրավիճակում կառավարության կողմից իրականացվող գործողությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը չընդունվեց։ Ըստ Ձեզ՝ որո՞նք էին պատճառները։

- Նախագիծը չընդունվեց, որովհետև իշխանությունները չցանկացան իրենք իրենց սահմանափակել Ազգային ժողովի այդ հայտարարությունով։ Որովհետև դրանով իրենք իրենց սահմանափակելու էին, որ չեն կարող նման քայլ անել, երբ որ պարզ դարձավ, որ ուզում են փաստաթուղթը ստորագրել։ Հետևաբար նշված հայտարարությունը չէին կարող վավերացնել և չվավերացրեցին։

- Ի՞նչ դիտարկումներ ունե՞ք սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի փաստաթղթի վերաբերյալ, որի գոյությունը հաստատվեց։ Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար։ Տեսե՞լ եք բնօրինակ տարբերակը, ի՞նչ են իմքայլականները պատրաստվում զիջել ադրբեջանական կողմին։

- Որևէ փաստաթղթի բնօրինակը չենք տեսել։ Այդ փաստաթղթի մասին էլ խորհրդարանում ասվեց, որ դա ուղղակի աշխատանքային տարբերակ է։ Մենք ընդհանրապես կարծում ենք, որ ընտրությունների գնացող ոչ մի իշխանություն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության համար նման պարտավորություններ առաջացնել։ Եվ ընտրություններից հետո ձևավորված նոր իշխանությունը կարող է բանակցել այս իրավիճակում, թե ինչ անել։ Ամեն դեպքում մենք որևէ պարտավորություն իրավունք չունենք մեզ վրա վերցնել, որով Արցախը կդնենք Ադրբեջանի կազմի մեջ։ Կամ որով որևէ ձևով մեր սահմանները, մեր տարածքային ամբողջականությունը կոտնահարվեն, մեր սահմանային բնակչության իրավունքները կխախտվեն։

- Կարելի՞ է ենթադրել, որ այս փաստաթղթով Ադրբեջանը կստիպի ճանաչել իր տարածքային ամբողջականությունը՝ դրա մեջ ներառելով նաև ամբողջ Արցախի տարածքը։

- Ես խոսեցի 2-րդ հարցին ի պատասխան։ Ոչ թե ենթադրություն եմ անում, որ կարելի է ենթադրել, այլ ես ասում եմ, որ պետք է բացառել այս ճանապարհով գնալը։

- Ի՞նչ անել ստեղծված իրավիճակում, որո՞նք են լինելու «Լուսավոր Հայաստանի» քայլերը։

- «Լուսավոր Հայաստանը» միշտ այլընտրանքներ է առաջարկում։ Քաղաքական բոլոր ուժերին առաջարկել ենք այն հայտարարությունը, որով պետք է մենք բոլորով ընդունենք, որ որևէ ուժ մինչև ընտրություններ, և գործող իշխանությունը, չպետք է համաձայնվի բանակցություններ վարել Ադրբեջանի հետ որևէ պարտավորություն ստեղծող փաստաթուղթ ստեղծելու իմաստով, որը Հայաստանի Հանրապետության ազգային շահերից չի բխի։ Ի՞նչ անել։ Բնականաբար ընտրություններով փոխել իշխանությանը։ Ինչպե՞ս դա անել։ Մենք ասում ենք, որ կա այլընտրանք։ Այսինքն՝ գործող և նախկին իշխանություններին, գործող և նախկին համակարգերին, որոնք երկուսն էլ հավասարապես մերժելի են։ Կա այլընտրանք, և այդ այլընտրանքը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է։

 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image