Կոտայքի մարզի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում ճգնաժամը շարունակվում է։ Մեծ թվով աշակերտներ հեռացել են դպրոցից, իսկ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի կողմից տնօրեն նշանակված Քարմիլե Առաքելյանն էլ աշխատանքից ազատում է իրեն մերժած ուսուցիչներին ու դպրոցի աշխատակիցներին։
Դպրոցի նախկին տնօրեն, աշխատանքից ազատված պատմության ուսուցչուհի Մետաքսյա Բաբայանն (ընտրություններում Առաքելյանի մրցակիցն էր․ հավասար ձայներ էին հավաքել) այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ կառավարությունը, փոխելով բուհերի ռեկտորների և դպրոցների տնօրենների ընտրության կարգը, նպատակ ունի հեռացնել ազգային նկարագիր ունեցող և հայրենասեր կադրերին, «նրանց փոխարինել ոչնչով աչքի չընկած, իրեն հավատարիմ, հլու-հլազանդ կադրերով»։
«Ի՞նչ տեղի ունեցավ, և ինչո՞ւ փլուզվեց քաղաքի լավագույն ավագ դպրոցը։ Դա կատարվեց կանխամտածված ու անխղճորեն։ Քանի որ քաղաքական որոշում էր կայացվել` հեռացնել ընդամենը 5 տարի աշխատած տնօրենին, ով իշխանության թիմից կամ ծանոթ-բարեկամներից չէր», - ընդգծեց նա։
Ըստ նրա՝ արտաքին ուժերի՝ հայ հասարակությունը ձևախեղելու շահագրգռությունն այնքան մեծ է, որ «նրանք կրկին ու կրկին փորձելու են Հայաստանում իշխանության բերել ապազգային նոր կառավարությունների և վերջապես հասնել իրենց նպատակներին»։ Բաբայանն ընդգծեց, որ «այս վտանգավոր մարտահրավերները պետք է հասկանա հայ հասարակությունն ու թույլ չտա Հայաստանի կործանումը»։
Ուսուցչուհին կոչ արեց հայ մանկավարժներին` նմանվել դպրոցի կազմի կեսին, որը «նախընտրեց մնալ գործազուրկ, բայց ըմբոստանալ անարդարության դեմ»։
«Այն ուսուցիչներին, որոնք իրենց աշակերտներին սեփական օրինակով ցույց տվեցին, թե ինչպես է պետք պայքարել սեփական սկզբունքների և ճշմարիտ արժեքների համար», - ընդգծեց Մետաքսյա Բաբայանը։
Ասուլիսին մասնակցում էին նաև աշխատանքից ազատված պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը, ուսումնական աշխատանքի գծով նախկին փոխտնօրեն Արմեն Ավագյանը։ Բոլոր երեքն էլ դիմել են դատարան՝ վիճարելով իրենց ազատման հրամանը։