Քաղաքականություն

Մեզ ընդհանրապես բանակ պետք չէ

Մեզ ընդհանրապես բանակ պետք չէ

Քանի որ Նիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի Հանրապետությունը լուծարելով, նրա ենթակայության տակ աշխատող կառույցներն ու պաշտոնյաներն էլ զբաղված են իրենց ենթակայության տակ գտնվող հաստատությունները լուծարելով: Ինչպես լինում է լուծարման դեպքում, փորձում են հնարավորինս ավելի շատ փող աշխատել, որովհետեւ այլեւս նման հնարավորություն չի լինի:
Ահա ամենաթարմ օրինակը` Սուրեն Պապիկյանը զբաղված է Հայաստանի զինված ուժերի` բանակի լուծարմամբ: Հայաստանի սահմանագիծը պաշտպանող զինվորների խիստ պակաս կա, սահմանապահ տղաներն ասում են, որ նորմայից 2-3 անգամ շատ են մնում դիրքերում, քանի որ փոխարինողներ չկան, իսկ Պապիկյանը բացատրում է, թե ինչ օգտակար գործ են անում օրենք ընդունելով՝ փողի դիմաց զինծառայությունից ազատելու համար: Պապիկյանն ասում է, որ հազարավոր ծնողներ, անվտանգության նկատառումներից ելնելով, իրենց երեխաներին դուրս են հանում Հայաստանից, եւ եթե իրենք փողով ծառայությունից ազատվելու կարգ սահմանեն, այդ մարդիկ փողը կտան եւ կմնան Հայաստանում: Լսում ես ու մտածում՝ սա ամբողջ կյանքն է այսպես եղել, թե դարձել է Նիկոլ Փաշինյանի շրջապատում մի քիչ ավելի երկար մնալու արդյունքում:

Մարդուն առաջարկում են՝ երկու տարվա փոխարեն մեկ ամիս ծառայության համար վճարել 24 միլիոն, բնական է՝ այդ մեկ ամիսն էլ կլինի ոչ թե սահմանագծում որպես դիրքապահ, այլ՝ հատուկ պայմաններում, մարդը 24 միլիոն է վճարել, արժանի է հատուկ վերաբերմունքի: Հիմա մեկը, որը չունի այդ 24 միլիոնը, բայց ուզում է իր երեխային ազատել բանակից, ի՞նչ է անելու, արդյո՞ք իր տղային Հայաստանից դուրս չի տանելու, որ նա չծառայի: Երեւան-Մոսկվա ավիատոմսը 50-60 հազար դրամ է, ծառայությունից ազատվելը՝ 24 միլիոն, տարբերությունը 400 անգամ է: Ընդհակառակը՝ ավելի մոտիվացված է լինելու, ասելու է՝ ինչո՞ւ հարուստի երեխան չծառայի, իմ երեխան ծառայի, իմ երեխան գնա բանակ, որ հարուստների ունեցվածքը պաշտպանի թուրքից:

Իրականում բանակից փողով ազատվելու մասին օրենքը ոչ մի կապ չունի արտագաղթի կամ տղաներին Հայաստանից դուրս տանելու հետ, դա կապ ունի Նիկոլի եւ իր շրջապատի ընչաքաղցության հետ: Նիկոլը գիտի, որ մարդիկ տարիներ շարունակ կաշառք են տվել ու ազատվել զինծառայությունից, անգամ խորհրդային տարիներին, անգամ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ են ոմանք փողով բանակից ազատվել: Դա արվել է զինկոմիսարիատների եւ ռազմաբժշկական հանձնաժողովների համագործակցության արդյունքում, առողջ մարդու վրա ինչ-որ հիվանդության պատմություն են սարքել՝ բանակից ազատել: Քանի որ Նիկոլը չի սիրում, որ իրենից բացի որեւէ մեկը կաշառք վերցնի, ուզում է այնպես անել, որ այդ փողը եւս իրեն հասնի: Ուզում եք բանակից ազատվե՞լ՝ ի՞նչ իմաստ ունի դիմել զինկոմիսարիատներ կամ ռազմաբժշկական հանձնաժողովներ, միանգամից մուծեք ինձ՝ ես կազատեմ: Դրա համար նախ խստացվել է բանակից տարբեր հիվանդություններով ազատվելու հնարավորությունը, ինչի արդյունքում բազմաթիվ իսկապես հիվանդ տղաներ են հայտնվում բանակում, մյուս կողմից էլ օրենք են ընդունում, որ փողով ազատեն առողջ, բայց հարուստներին: Փողը ֆորմալ առումով գնում է պետական բյուջե, այնտեղից էլ՝ Նիկոլ Փաշինյանի անձնական բյուջե: Բյուջեում կարող են ամենատարբեր եւ ամենահիմար հոդվածներ, նախագծեր գրել, դրանք ֆինանսավորել, հետո էլ կասեն՝ ո՛չ փողը կա, ո՛չ արդյունք: Կարող եմ մի նախագիծ էլ ես առաջարկել. մթնոլորտից ոսկու կորզման հիմնադրամ ստեղծեք, հիմնադրամի կանոնադրական կապիտալն էլ՝ 500 միլիարդ դրամ: 

Իսկ բանակը՝ ո՞ւր մնաց Հայաստանի բանակը. եթե աղքատներն իրենց երեխաներին 60 հազարով պայմանական Մոսկվա կամ Կրասնոդար են ուղարկում, իսկ հարուստները 24 միլիոն են վճարում Նիկոլ Փաշինյան-Սուրեն Պապիկյան զույգին ու իբրեւ թե օրինական ազատվում, բա ո՞վ պետք է ծառայի Հայաստանի բանակում: Բայց ո՞վ ասաց, թե Հայաստանին բանակ պետք է:

Հիմա բանակն ինչո՞վ է զբաղված, ասում են՝ ականազերծում են Ադրբեջանին հանձնվելիք տարածքները, հիմա դա է Հայաստանի բանակի հիմնական զբաղմունքը: Բայց դա հավերժ գործ չէ, մի ինչ-որ պահի նախկին իշխանությունների կողմից տեղադրված եւ խաղաղության մթնոլորտին խանգարող ականները կավարտվեն: Բացի դա, կա Ռուսաստանը, որը պաշտպանում է հայ-թուրքական սահմանը: Իրանն էլ պաշտպանում է Զանգեզուրը եւ գուցե էլի տարածքներ, որտեղ շահ ունի: Օրերս Հայաստանում գտնվող Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն հայտարարեց, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջեւ պատմական կապող ուղի է, եւ Թեհրանը թույլ չի տա որեւէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ: Ստացվում է, որ Իրանը ոչ միայն այդ սահմանն է պաշտպանելու, այլ մի բան էլ Իրանից որեւէ սպառնալիք չկա: Մնում է Վրաստանի հետ սահմանը՝ եթե մի երկիր էլ գտնենք, որ այդ սահմանը պաշտպանի, էլ բանակն ի՞նչ ենք անում: 

Անգամ այդ պայմաններում զորակոչ անպայման պետք է իրականացնել, որովհետեւ, եթե զորակոչ չլինի, ոչ մեկը չի ուզենա 24 միլիոնով բանակից ազատվել: Իսկ որ ոչ մեկի մտքով չանցնի, թե բանակն անվտանգ տեղ է, ինչո՞ւ 24 միլիոն վճարեմ, կարելի է գնալ եւ հանգիստ ծառայել, սահմանի տարբեր հատվածներում մեկ-մեկ, հատկապես՝ զորակոչի ամիսներին, կարելի է սադրանքներ կամակերպել, կրակոցներ, բանակի ներսում քրեական բարքերը խրախուսել` ինքնասպանության հասցնել, ծառայակցի կողմից ծառայակցին սպանել, դրանից ազատվելու գինը միայն կբարձրանա: Ահա եւ քեզ փող աշխատելու եւս մեկ աղբյուր: 
Նիկոլը ճիշտ է ասում, որ աղքատությունը մարդկանց գլխում է, իր գլխում հարստանալու հազարավոր, հարյուր հազարավոր տարբերակներ կան, միայն թե իշխանություն լինի:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image