Մեր զրուցակիցը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն է:
- Տպավորություն է, որ հանրությանը չի հետաքրքրում, թե որ քաղաքական ուժն ինչ ծրագիր է ներկայացնում: Մարդիկ, առհասարակ, այլեւս չեն էլ հավատում, թե ով ինչ խոստումներ է տալիս: Դուք նկատե՞լ եք նման բան, ո՞րն է պատճառը:
- Այո, նկատել եմ, որ կա նման երեւույթ, եւ այն ունի հստակ բացատրություն: Մարդիկ, ոմանք՝ գիտակցաբար, ոմանք` ոչ գիտակցաբար, հասկացել են, որ, կուսակցությունների մեծ թիվը չհաշված, մեծ հաշվով, ընտրելու շատ բան չկա: Մարդիկ բաժանված են երկու մասի: Մի մասը համակերպվել է Հայաստանի այս պարտված իրավիճակի հետ եւ վայելում է կյանքը, եւ կան մարդիկ, ովքեր ոչ մի գնով չեն համակերպվում այս իրողությունների հետ եւ գտնում են, որ պետք է պայքարը շարունակել, պետք է դիմադրել: Ընտրություններին մասնակցող մարդիկ բաժանված են երկու հստակ խմբերի, եւ նրանց շատ քիչ է հետաքրքրում երրորդ, չորրորդ, հինգերորդ խնդիրների մասին լսելը:
- Բայց 2021-ին պարտության եւ պատերազմի վերքը թարմ էր: Ինչո՞ւ այն ժամանակ ծրագրերի նկատմամբ անտարբերություն չէր նկատվում:
- Որովհետեւ այն ժամանակ ծրագրերը հետաքրքրում էին մարդկանց, ինչու՝ որովհետեւ գրեթե բոլոր քաղաքական ուժերը, մեծ հաշվով, ասում էին նույն բանը` անգամ իշխանությունները: Բոլորն ասում էին, որ Արցախը պետք է անջատվի հանուն փրկության, որ Հայաստանը պետք է մնա որպես Արցախի անվտանգության երաշխավոր, ասում էին, որ Հադրութը եւ Շուշին պետք է դեօկուպացվեն, եւ այսպես շարունակ: Ուղղակի այդ ժամանակ քաղաքական ուժերի կողմից առաջարկվող տարբերակներն էին այլ, բայց գաղափարը նման էր: Դա է պատճառը, որ 2021-ին մարդիկ ծրագրերի միջեւ էին կատարում իրենց ընտրությունը, իսկ այժմ ճամփաբաժանը լրիվ այլ է: Ծրագրերն այլեւս էական չեն: Շատերը մտածում են՝ ընտրություններից հետո Հայաստան լինելո՞ւ է, թե՞ չի լինելու: Խոսքը սրա մասին է: Մի մասն ասում է, որ Հայաստանը դառնալու է ռուսական գուբերնիա, մի մասը կարծում է, որ Հայաստանը դառնալու է թուրքական վիլայեթ: Այս օրերին Ռուսաստանից կոշտ պարտադրանքներ են դնում մեզ վրա, անգամ հիշեցնում են ուկրաինական Մայդանը: Այստեղից եւս պարզ է դառնում, որ հասարակությունը նորից ու նորից երկու հիմնական մասի է բաժանվել: Ոմանք համարում են, որ ռուսները մեզ սպառնում են, թե Հայաստանը կարող է դառնալ Ուկրաինա: Ոմանք էլ կարծում են, որ Ռուսաստանն ուղղակի զգուշացնում է, որ Արեւմուտքը Հայաստանը կդարձնի Ուկրաինա: Այսինքն` ստացվում է, որ երկու դեպքում էլ Հայաստանի ուկրաինացման հեռանկարը բավականին լուրջ է, եւ դրա հետ համակարծիք են բոլոր կողմերը, սակայն խնդիրն այն է, թե ով Հայաստանը կդարձնի Ուկրաինա:
- Մտավախություն կա, որ Հայաստանը կարող է կորցնել պետականությունը, քանի որ կա՛մ ռուսացման, կա՛մ թուրքացման է գնալու: Որքանո՞վ է Հայաստանի` ՌԴ-ին միանալու վտանգն իրատեսական:
- Նման օրակարգ չկա: Հայաստանը չի կարող դառնալ Ռուսաստան, այլ հարց է, որ կարող է ռուսական ազդեցության գոտին ավելի խորացվել: Նույնը Թուրքիայի պարագայում է: Պարզ է, երբ խոսում ենք թուրքական վիլայեթ դառնալու մասին, դա ասում ենք փոխաբերական իմաստով: Հայաստանը, այսպես թե այնպես, իր ինքնիշխանությունը պահպանելու է, հարցն այն է, թե ում ազդեցության գոտում ենք հայտնվելու: Այժմ իշխանությունները մանիպուլացնում են հասարակությանը եւ փորձում են ներկայացնել, թե իբրեւ ընտրությունը ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ է, սակայն իրականում ընտրությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ թուրք-ադրբեջանական տնտեսական կախվածության մեջ է: Հայաստանը տեսանելի ապագայում չունի ԵՄ մտնելու հեռանկար: Մեր բաժին Արեւմուտքը, ցավոք, Թուրքիան է: Ռուսական գազը չի փոխարինվելու նորվեգական գազով, այլ փոխարինվելու է ադրբեջանականով: