Հասարակություն

Այնքան տեր չկանգնեցին, մինչեւ եկեղեցու պատը փլվեց

Այնքան տեր չկանգնեցին, մինչեւ եկեղեցու պատը փլվեց

Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի Սուրբ Ստեփանոս բազիլիկ եկեղեցին 19-րդ դարի երկրորդ կեսից հիմնանորոգվել եւ տեղի բնակչության համար ծառայել է որպես հավատի տուն: Այսօր եկեղեցին փլուզման վտանգի առաջ է կանգնած: Օրեր առաջ փլվել է եկեղեցու հիմնապատը:

Համայնքի ղեկավար Խաչիկ Բաղդասարյանը եկեղեցին փրկելու հույսով դիմել է տարբեր կառույցների. «Պատի փլուզումից հետո կրկին դիմել եմ մարզպետին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ակնկալելով Վեհափառի օժանդակությունը, դեռ պատասխան չեմ ստացել: Չգիտեմ, թե ինչ կարող ենք մենք անել: Եկեղեցու վերանորոգման համար համայնքը գումար չունի: Աշխատանքերը կազմակերպելը շատ ռիսկային է, քանի որ ներս մտնելն է անգամ վտանգավոր»:

Ըստ գյուղապետի՝ տարիներ շարունակ խնդրի մասին բարձրաձայնվել է, սակայն ոչ մի կառույց, որեւէ քայլ չի ձեռնարկել եկեղեցին փլուզումից փրկելու համար. «Ճիշտ ասած, մինչեւ հիմա էլ չեմ կարողանում կողմնորոշվել, եկեղեցին համայնքին է, թե՞ Մայր Աթոռին: Մեզ հետ կապ հաստատեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության Գեղարքունիքի մասնաճյուղի աշխատակիցը, եկավ, նկարեց, ուղարկեց նախարարություն: Պարզվում է, որ եկեղեցին պատկանում է նախարարության կից «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին: Մտածում ենք քանդել եկեղեցին, նորը կառուցել, քանի որ վթարված եկեղեցու վերանորոգումը ավելի շատ ծախսեր կպահանջի: Այդ մասնաճյուղից մեզ ասացին, որ չեն թույլատրի, անգամ մեկ քար քանդել»,- ասաց գյուղապետը:

Խնդրի շուրջ զրուցեցինք ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  Գեղարքունիքի մարզային կառույցի ղեկավար Գոռ Գասպարյանի հետ: Գասպարյանը նշեց, որ մարզում նման շատ խնդիրներ ունեն, նրանց գործառույթն, է նախարարության տեղյակ պահել նմանատիպ դեպքերի մասին, իսկ թե նախարարությունը ի՞նչ լուծում կտա Գասպարյանը ասաց.

«Մեր աշխատակիցները եղել են տեղում, եկեղեցին վթարված վիճակում է եղել: Ձնհալից, վարար անձրեւներից հետո եկեղեցու պատը փուլ ա եկել: Մենք խնդիրը ներկայացրել ենք նախարարություն, նախարարությունն էլ՝ կորոշի, թե ի՞նչ անի: Ձեր այդ հարցը նախարարություն ուղղեք, թե ի՞նչ քայլեր կձեռնարկի նախարարությունը, ինձ ասում եք, ես նրանց փոխարեն ի՞նչ պատասխան տամ»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image