Օրերս «Հրապարակ»-ն անդրադարձել էր «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի «Վառեմ-մարեմ»-ի շենքի անմխիթար վիճակին։
Գյումրու Աճեմյան 2/2 հասցեում գտնվող, ժողովրդին հայտնի «Վառեմ-Մարեմի շենքը»՝ 19-րդ դարի արժեքավոր ճարտարապետական կառույց է, որը երկար տարիներ շարունակ մնացել է վթարային ու մոռացված վիճակում։ Չնայած իր ճարտարապետական յուրահատկությանը և պատմամշակութային նշանակությանը, նախկինում որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվել կառույցի փրկության համար։ 2024 թվականի աշնանը «Տաշիր» բարեգործական հիմնադրամը նախաձեռնեց շենքի վերականգնումը, բայց գործընթացը բախվեց քաղաքապետարանի կողմից շինթույլտվությունների բացակայությանը։ Հիմնադրամը բազմիցս դիմել է քաղաքապետարան՝ շինարարական տեխնիկայի մուտքի ու նախնական ամրացման աշխատանքների թույլտվություն ստանալու նպատակով, սակայն այդ դիմումները մնացել են առանց պատասխանի։
Հիմնադրամից պատասխանել են, որ օրեր առաջ՝ մայիսի 6-ին, կրկին դիմել են քաղաքապետարան՝ հիշեցնելով թույլտվությունների տրամադրման անհրաժեշտության մասին։
Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքային իշխանությունը ընդամենը մեկ ամիս է՝ ձևավորվել է՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ։ Թե ինչ են պատասխանել նորերը, փորձեցինք պարզել քաղաքապետարանից։
«Հրապարակ»-ի հարցմանն ի պատասխան ՝ Գյումրու քաղաքապետարանից փոխանցեցին, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ծանոթանալով հիմնադրամի դիմումին, անմիջապես հանձնարարել է համապատասխան բաժիններին զբաղվել խնդրով։ Ավելին, Ղուկասյանի համար անընդունելի եւ անհասկանալի է եղել, թե նախորդ իշխանությունների օրոք ինչու այդ հարցն այդպես էլ լուծում չի ստացել։ ««Վառեմ-մարեմ»-ը բացառիկ արժեք ունեցող շենք է՝ թե՛ ճարտարապետական, թե՛ պատմական տեսանկյունից։ Այն հանդիսանում է Գյումրու ինքնության մի մասնիկը, և չի կարելի անտեսել նման կառույցի ճակատագիրը», – փոխանցեցին մեզ քաղաքապետարանից։
«Տաշիր» հիմնադրամն էլ իր հերթին է շեշտել, թե պատրաստ են շինաշխատանքները սկսել առաջին իսկ հնարավորության դեպքում։ Նախագծային խմբում ընդգրկված են փորձառու մասնագետներ, ովքեր նախատեսում են պահպանել շենքի սկզբնական ճարտարապետական տեսքը՝ ապահովելով դրա պատմական ամբողջականությունը։
Նշենք, որ «Վառեմ-մարեմ»-ը ոչ թե պարզապես հին շենք է, այլ Գյումրու պատմության մի մասնիկն է։ Մշակութային ու տուրիստական տեսանկյունից կարևոր շինություն է, գյումրվա տրամադրությունն ու ոճը հիշեցնող մի անկյուն է։
