Ընդամենը օրեր առաջ Փաշինյանն ասաց. «Գրում են՝ հայ ըմբիշը հաղթեց թուրք ըմբիշին։ Դա ինքնիշխանությունից զրկելու խոսք է»։ Այդ խոսքերի մեջ, գուցե ինքն էլ չէր զգացել, բայց նկատելի էր, որ ցավ էր զգում, երբ հայ ըմբիշը հաղթում է թուրք ըմբիշին։ Ասում էր՝ եթե հայ ըմբիշը ճապոնացուն հաղթեր կամ պարտվեր, այդպիսի էմոցիոնալություն չէր տրվի։ Բայց եթե ճապոնացուն հաղթեր կամ պարտվեր, էլի կգրվեր՝ հայ ըմբիշը հաղթեց կամ պարտվեց ճապոնացուն։ Ուրեմն խնդիրը ոչ թե ձևակերպումն է, այլ հենց այն հանգամանքը, որ խոսքը թուրք ըմբիշի մասին է։
Փաշինյանն այնքան խորն է արձագանքում այդ փաստին, որ գրում են՝ հայ ըմբիշը հաղթեց թուրք ըմբիշին, որ ավելի շատ երևում է իր էմոցիոնալ վերաբերմունքը, քան հայ ժողովրդի։ Այո՛, ո՞վ կարող է ժխտել, որ հայ մարդու համար «հակառակորդ» բառը, երբ խոսքը Թուրքիայի մասին է, առաջին հերթին նույնացվում է ցեղասպանողի հետ, և դրա պատճառով առաջանում է համապատասխան հուզական արձագանք։ Բայց մի՞թե դա համամարդկային զգացմունք չէ։ Մի՞թե բնական չէ, որ պատմական այդպիսի հիշողություն ունեցող ժողովուրդն այդպես է արձագանքում։ Եվ արդյո՞ք ինքն ամբողջությամբ զուրկ է այդ զգացումից, թե պարզապես փորձում է այն ներկայացնել որպես անընդունելի։
Եթե նրան թվում է, թե պատմական հավերժության ճանապարհին ինքը, որպես վայրկենական գոյատևող քաղաքական գործիչ, կարող է հայ ժողովրդին դարձնել մանկուրտ, զրկել պատմական հիշողությունից ու ազգային զգացողություններից, ապա ժամանակը ցույց կտա դրա իրական արժեքը։ Արդեն այսօր նրան տրվող գնահատականներից շատերը պատմական բնույթ են կրում։
Օլիմպավանը փակել են, և մարդիկ, նույնիսկ վախի ու ճնշման պայմաններում, արդեն ասում են խոսքեր, որոնք կարող են պատմության մեջ տեղ գտնել. «Օլիմպավանն են փակում։ Մեկ-երկու օր արել եք ձեր գործերը, դուրս եք եկել, ի՞նչ ձևականություն է՝ փակել եք Օլիմպավանը։ Ինչ պետք է գտնեիք, կա՛մ գտել եք, կա՛մ չեք գտել։ Այն տպավորությունն է, որ մեր վարչապետը չի ուզում, որ հայկական դրոշը բարձրացնեն այլ երկրներում։ Այս երեխաները պետք է գնան այլ երկրներ՝ հայկական դրոշը բարձրացնեն, բայց երեխաները փողոցում են պարապում։ Վստահ եմ, որ գալու են՝ այստեղից էլ հանեն»։
Կարո՞ղ են մարդիկ այս ամենի և ընդամենը օրեր առաջ վարչապետի արած հայտարարության՝ «Գրում են՝ հայ ըմբիշը հաղթեց թուրք ըմբիշին», միջև զուգահեռներ անցկացնել։ Շատերի համար այդ զուգահեռներն արդեն ակնհայտ են։ Որովհետև երբ պետական ղեկավարին անհանգստացնում է ոչ թե հաղթանակը, այլ այն, թե ում նկատմամբ է այդ հաղթանակը գրանցվել, բնական է, որ նման հարցեր են առաջանում։
Դա խոսք է, որը թուլացնում է ազգային ինքնագիտակցությունը, այլ ոչ թե ամրապնդում այն։ Իսկ հետաքրքիր է՝ երբ թուրք ըմբիշն է հաղթում, Թուրքիայում ինչպե՞ս են գրում։ Մի՞թե այնտեղ խուսափում են գրել, որ թուրք ըմբիշը հաղթել է հայ կամ որևէ այլ երկրի ըմբիշի, թե, ընդհակառակը, դա ներկայացվում է որպես ազգային հաջողություն։