Վերլուծություն

Միամիտ երազանք

Միամիտ երազանք

Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ սթոուն» ՓԲԸ-ի՝ բողոքի դուրս եկած աշխատակիցներից մեկը հռետորական հարց է բարձրացնում, թե «ինչի պետք է քաղաքականության համար բանվորը տուժի»: Բանվորի տեսակետից արդարացի է այդ հարցը, սակայն այն չունի միանշանակ արդարացի պատասխան: Կա միայն ընդհանրական պատասխան. մեր կյանքում տեղի ունեցող ամեն ինչ քաղաքականություն է կամ դրանից ածանցված երեւույթ, ընդ որում, այդ թվում՝ հենց քաղաքականության դեմ բողոքելը: Եվ մինչեւ դա չընկալվի այդ աշխատակցի կողմից՝ այն կուղղվի հենց իր ու իր նմանների դեմ: Որովհետեւ իշխանությունն ուժեղ է այն դեպքում, երբ դիմացինն իր իրավունքներին չի տիրապետում, օրենքներին ծանոթ չէ: Իսկ երբ առկա է լինում հակառակ պատկերը՝ մարդը գրագետ է ու իրազեկված, իշխանության գործը կրկնակի, եռակի բարդանում է: Որովհետեւ սեփական իրավունքները ճանաչելով՝ շատ ավելի հեշտ է դրանք պաշտպանելու համար պայքար մղելը: Հեշտ է թե՛ իրավական տեսակետից եւ թե՛ նույնիսկ հոգեբանորեն: Դա՝ մեկ:

Երկրորդ. կասեցնելով Գագիկ Ծառուկյանին պատկանող բազմաթիվ ձեռնարկությունների աշխատանքը՝ գործող իշխանությունը չի պատժում միայն սեփականատիրոջը: Նա գիտակցված պատժում է հենց նրա աշխատակիցներին, քանի որ նրանք, նախ, աշխատում են այդ ձեռնարկություններում, եւ դա արդեն ինքնին, վերջինիս կարծիքով, բավարար հիմք է նրանց պատժելու համար: Եվ երկրորդ, ինչը շատ ավելի «պատժելի» արարք է․ նրանց մի մասը հունիսի 7-ին, վստահաբար, ձայն է տվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ինչով անձնական «վիրավորանք» են հասցրել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին: Քաղաքականությունից հեռու մարդը չի հասկանա հատկապես այդ հանգամանքը: Ինչեւէ, առաջին հանգամանքն ինչ-որ չափով «արդարացված» է. իրենք ստիպված են եղել աշխատել ծառուկյանական որեւէ ձեռնարկությունում, քանի որ այդտեղ առկա է եղել աշխատելու հնարավորություն: Նույնը չի կարելի ասել երկրորդի առումով. առկա է եղել ընտրելու հնարավորություն եւ դա անելու գիտակցական որոշում: Բայց վերը նշված անձը պատժում է երկու դեպքի համար էլ, քանի որ նման նրբություններն իր համար եղած-չեղած բան են, չնայած սիրում է խոսել նրբություններից:

Այսքանը գրելուց հետո մի պահ կանգ առա. իսկ ո՞վ է ասել, որ բանվոր մարդը պետք է իր իրավունքներն իմանա, որ մի հատ էլ դրանք պաշտպանի: Նման բան գոյություն չունի ո՛չ մեզանում եւ ո՛չ էլ նույնիսկ զարգացած ժողովրդավարական երկրներում: Այդ խնդիրներն այնտեղ պատվիրակված են ինչ-ինչ մարմինների ու միավորումների: Օրինակ՝ արհմիութենական, հասարակական, նեղ մասնագիտական, իրավապաշտպան կազմակերպություններին: Դե իսկ ձեռնարկությունների գործունեության ապօրինի կասեցումները՝ փաստաբանական ընկերություններին: Բա ի՞նչ անեն մեզանում նման մարդիկ՝ կհարցնի ընթերցողը: Անկեղծ պատասխանեմ՝ չգիտեմ: Նախկինների օրոք նման պատասխան չէի տա, քանի որ, որպես հասարակական կազմակերպության (ՀԿ) անդամ, մասնակցում էի հենց այդ իրավունքների պաշտպանության գործընթացներին: Բայց 2018-ին չբավարարվելով առկա հնարավորություններով՝ ցանկացանք ավելին ու հայտնվեցինք կոտրած տաշտակի առջեւ՝ կորցրինք այն, ինչ ունեինք դրանից առաջ:
Իհարկե, հիմա էլ է գործում այդ կազմակերպությունների որոշ մասը, անգամ ստեղծվել են նորերը: Ու նույնիսկ դատարաններում են կարողանում հաջողության հասնել՝ հիմնավորելով իրենց պաշտպանյալների անմեղությունը: Բայց, մեծ հաշվով, իրականություն է փոխվել, ու երկիրը շարժվում է «դատավոր կա՞, որ իմ ասածը չանի» անօրեն խոսքի տրամաբանությամբ: Նայենք հենց նույն Ծառուկյանի գործը: Մարդն ավելի քան 15 միլիոն դոլարի չափով «քցվել» է իրանցի գործընկերների կողմից: Ու փոխանակ նրան տուժող ճանաչեն, նրա իրավունքների վերականգնմանն օգնեն, դարձրել են մեղավոր ու կալանավորել: ՀՀ իրավապահների կողմից իրականության 180 աստիճանի այլափոխումը կատարվել է հանուն այն բանի, որ հագուրդ տան Փաշինյանի վրեժխնդրությունը: Վերջինս չբավարարվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մուտքը խորհրդարան արգելափակելով, որոշել է մինչեւ վերջ սնանկացնել Ծառուկյանին: Ու այդ հարցում ունի պետական իրավապահ համակարգի անօրինական համագործակցությունը: Իսկ ես վերեւում միամիտ-միամիտ խոսում եմ բանվորի կողմից իր իրավունքները գիտակցելու ու դրանք պաշտպանելու մասին:

Լրահոս

Ամենաընթերցված

Խաղաղվեք. հարցը փակված է

Խաղաղվեք. հարցը փակված է

Խաղաղվեք. հարցը փակված է Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ։ Բայց այս անգամ իմ` մանդ...

×
Gallery Image