Հասարակություն

Բուսաբանությա՞ն, թե՞ բուսասպանության ինստիտուտ

Բուսաբանությա՞ն, թե՞ բուսասպանության ինստիտուտ

Առավել զգայուն, բնությունը սիրող երևանցիները տագնապալից օրեր են ապրում: Քաղաքի տարբեր հատվածներում չոր ծառերի հատման, էտելու անվան տակ կենսունակ ծառեր են ոչնչացվում՝ թեղիներ, դարավոր կաղնիներ, հացենիներ: Եւ ոչ միայն Երևանում: Դիլիջանում են եղեւնիներ հատել: Հին ծառերը նորերով փոխարինելու այս հիվանդագին մարմաջը մարզեր էլ է հասել: 

Երևանցիները ոչինչ չեն կարողանում հակադրել քաղաքապետարանի ամենակարող  Կանաչապատման ՀՈԱԿ-ի որոշումներին, որոնք դատավճիռ են կայացնում քաղաքի ֆլորայի նկատմամբ: Ընդամենը մայրաքաղաքի բնակիչների արցունքն ու վախուվիշն է տարածվում` «բեսպրեդելի» կողմնակիցները ինչ որոշում` անում են: Ոմանք իրենց ՖԲ էջերում արդեն անցյալ դարձած ծառերի լուսանկարներն են տեղադրում, Մոսկովյանի վրայի փարթամ հացենիների, Բուսաբանական այգու կաղնուտի: 

Այս կաղնուտի ոչնչացումը, որը Երևանի սիրելի վայրերից էր, հին երեւանցիները հատկապես ծանր են տանում: Վերջին ամիսներին առնվազն 30 կենսունակ կաղնի է հատվել Գիտությունների ազգային ակադեմիայի Ա.Լ. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի այգում: Թե ինչու դրանք չի կարելի համարել չորացած ծառեր, բացատրել է ու համացանցով տարածել արցախցի բլոգեր, ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը: Ըստ նրա, բոլոր հատված ծառերի կողքերին թափված էին մեծ քանակի թարմ կաղին և կաղնու տերևներ՝ ինչը փաստում է, որ ծառերը չորացած չէին, դրանց բների կողքին նոր ծլած շիվեր կան: Նա նկատում է, որ կաղնու 1 ծառի փայտանյութը շուկայում արժե մի քանի մլն դրամ: Նա ուսումնասիրել է Google-ի արբանյակային լուսանկարներն ու պարզել, որ «այդ հատվածում բոլոր ծառերը կանաչ էին» եւ Էդուարդ Հայրումյանի գրառումով հարյուրավոր մարդիկ են կիսվել, մեծ աղմուկ է բարձրացել: 

Այսօր առավոտյան բլոգերը գնացել է այգի ու հանդիպել է այգու աշխատողների հետ: «Հանցագործություն է տեղի ունեցածը: Թե ինչու են կտրել, կարծում եմ, պետք է պարզի ՀՀ քնչական կոմիտեն։ Այգու աշխատողների մեծ մասը ցավում է տեղի ունեցածի համար և նեղվում, որ իրենք նախօրոք չեն իմացել դրա մասին։ Իսկ այգու աշխատողներից մի քանիսը կազմակերպիչն ու մասնակիցն են եղել այդ սպանդի», - ասաց նա «Հրապարակին»։

ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ Գեորգի Ֆայվուշը «Հրապարակին» ասաց, որ դեպքի մասին տեղեկացել է շաբաթ օրը` համացանցից, վրդովված է, սակայն տեղյակ չէ, թե արդյոք այդ ծառերը իրո՞ք չորացած էին, թե ոչ: «Վաղը առավոտյան ես կգնամ այգի, կիմանամ»: Բայց դուք այգում եք աշխատում, չէ՞, հարցրեցինք. «Այո, այգում եմ աշխատում, բայց  վերջին տասը տարում ես այգու այդ հատվածում չեմ եղել, չգիտեմ, ինչ է այնտեղ կատարվում, հնարավոր է, որ չորացած լինեին: Ես գիտեմ, որ բոլոր կաղնիները այգու հիվանդ էին, սնկային հիվանդություններով»: Հարցին, թե հնարավոր չի՞ բուժել, գիտնականն ասաց, որ ահռելի տարածքների մասին է խոսքը: «Անտառային տարածքներում ավիամշակում են իրականացնում, մեզ մոտ սովորական սրսկիչով են մշակում, չգիտեմ, թե դա որքանով է արդյունավետ: Բույսերի պաշտպանությունը Հայաստանով մեկ լուրջ խնդիր է»: 

Փաստորեն, չեն կարողանում բուժել, նաեւ չեն տեսել, չգիտեն, ու երբ ամբողջ քաղաքը խառնված է կաղնիների սպանդի լուրերով, գիտնականը, որն իր կյանքի մեծ մասն աշխատել է այստեղ, ժամանակ չի գտել տեսնելու աղետը: 

Զանգեցինք Բուսաբանության ինստիտուտի փոխտնօրեն Նորիկ Շատոյանին: Ըստ լուրերի, հենց նրա հրամանով են հատվել ծառերը: «Ես հրաման ո՞նց կարող եմ տալ: Դա նոր չի, շուտ է եղել», - ծիծաղեց Շատոյանը, որը չգիտես ինչու, շատ ուրախ էր: Երբ հարցրեցինք, թե ո՞վ է կտրել կաղնիները, ասաց. «Մեքենա եմ վարում, ինձ հարմար չի խոսելը» եւ անջատեց: 

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, բ.գ.թ., դոցենտ Քրիստինա Վարդանյանը արդեն շփվել է քննիչների հետ: «Ես հաղորդում տվեցի, քննիչը զանգեց, իրար հետ քննարկեցինք, հետո իրենց պետը զանգեց, ավելի երկար խոսակցություն ունեցանք: Հավանաբար, տեսնելով, որ կատարվածը կարող է քրեական ընթացք ստանալ, Բուսաբանության ինստիտուտը հանդես եկավ տնօրենին «փրկող» հայտարարությամբ.

«Երևանի բուսաբանական այգու ծառահատումների հետ կապված  ներկայիս տնօրեն՝ Ժաննա Հովակիմյանը որևէ կապ չունի, և իր օրոք ոչ մի կաղնի և ոչ մի ծառ չի կտրվել։ Համաձայն ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի տնօրենի 2025թ-ի մարտի 17-ի 15-Լ հրամանի մասնագիտական հանձնախմբի մասնակցությամբ՝ Ժիրայր Վարդանյան, Նորիկ Շատոյան, Աշոտ Բոգդանյան, Նաիրա Պողոսյան,  Արթուր Պետրոսյան, Մերինե Սարգսյան 2025թ-ի մարտի 17-ին Երևանի բուսաբանական այգու դենդրոհավաքածուների հողամասում իրականացրել են կաղնու ծառուղու դիտարկում, ուսումնասիրություն։ Արդյունքում պարզվել է, որ ծառուղու երկարությամբ առկա էին մոտ 30 հատ հատված կոճղեր, ակնադիտական եղանակով դիտարկելիս ակնհայտ է, որ մեկ տասնյակից ավելի քանակությամբ կոճղերն ունեն մի քանի տարիների հատման վաղեմություն։ Մոտ 20 հատ կոճղերը հատվել են վերջին 2 տարում (2023-2024թթ)։ Հատված կաղնու ծառերի կենսունակության աստիճանի որոշումը պահանջում է համալիր դենդրոչափական ուսումնասիրություն», - ասված է հայտարարության մեջ: 

Այսպիսով, այգու աշխատողներն արդարանում են, ասելով, որ կաղնիները նոր չեն կտրվել, որ կոճղերը վաղուցվա են ու իրենք կապ չունեն:

Կրիստինա Վարդանյանը, սակայն, հավաքել է իր էջում կաղնիների լուսանկարները, որոնցից երևում է, որ անցյալ տարվա մարտի վերջի դրությամբ, օրինակ, այստեղ ընդամենը մեկ կաղնի է եղել հատված, իսկ ակտիվիստ Լիլիթ Ղազարյանի լուսանկարը, որտեղ երևում են հանգուցյալ կաղնիները` շարքով կանգնած, փարթամ ու շքեղ, արվել է ընդամենը ամիսներ առաջ՝ նոյեմբերի 1-ին:
Նա այս մասին գրառում արեց, եւ Բուսաբանական այգու ֆեյսբուքյան էջում ամսաթիվը փոխեցին: «Մոտ 20 հատ կոճղերը հատվել են վերջին 2 տարում (2023-2024թթ)» նախադասության փոխարեն գրեցին՝ «Մոտ 20 հատ կոճղերը հատվել են 2024 թվականի նոյեմբերին»։ Ո՞վ է դատվելու այս կեղծիքի, հանցագործության համար, դեռ պարզ չի: Բուսաբանական այգու հատված կաղնիներով այս պահին զբաղվում է Երևանի ոստիկանությունը: Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ծառերի վերաբերյալ դեռ վարույթ չկա, կհայտնեն, երբ նախաձեռնվի: 

«Նրանք ստորագրել են քաղաքի դատավճիռը: Նրանց չի կարելի վստահել: Նոր  արշավ են սկսել, սկզբից թեղիները հնձեցին, հիմա էլ ուզում են կաղնիները հնձեն: Նման բան անողներին պետք է մեկուսացնել: Այս ի՞նչ հանցագործների ձեռքում է մեր բնությունը: Շատ ափսոս մեր ծառերը: Ո՞նց կարելի է ձեռք բարձրացնել նման ծառերի վրա, վերցնես, փչացնես, կտրես: 700-800 տարի ապրելու էին էս ծառերը, Երևանի հին պատմություն էին էս ծառերը: Դրա համար էլ ով գալիս է, ասում է՝ բա որտեղ են ձեր հին ծառերը, ասում եք՝ հին քաղաք է Երևանը: Մենք ոչ մի բան չունենք, որ ցույց տանք: Շենքերը քանդեցինք, ծառերը կտրում ենք», - մեկնաբանում է Բուսաբանական այգու հայտարարությունը Կրիստինա Վարդանյանը: 

Ե՞րբ են կտրվել ծառերը, ինչո՞ւ, ո՞ւմ հրամանով, եթե նախկինում է արվել` ոչ թե հիմա, նշանակում է, որ վե՞րջ, ջրվեց գնա՞ց։ Ճի՞շտ է, որ առաջիկա օրերերին նոր ծառեր են հատվելու բուսաբանական այգում: Մեր հարցերի պատասխանները ակնկալում էինք ստանալ այգու տնօրեն Ժաննա Հովակիմյանից, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image